«Ուշադրություն դարձրե՞լ եք` մարդիկ առավել շատ ինչի մասին են խոսում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործող բանկերն ու նրանց կողմից մատուցվող ծառայությունները տարեցտարի շատանում ու թարմացվում են: Հաճախորդներին գրավելու համար էլ հաճախ բանկերի գովազդներում շեշտում են սպասարկաման որակի բարձրացումը:

Սակայն հերթական անգամ խաբված ու հիասթափված ես զգում, երբ յուրաքանչյուր ամսվա տասից հետո ստիպված ես լինում օգտվել բանկային ծառայություններից: Արձագանքելով քաղաքացիների բողոքներին` փորձեցինք պարզել, թե, օրինակ, ինչու են ՎՏԲ բանկի Կապանի մասնաճյուղում հերթերն անվերջանալի թվում: Այստեղի աշխատակիցները, սակայն, հայտնեցին, որ գլխամասից արգելել են տեսախցիկով ներս մտնել ու նկարահանել։ Պարզվեց, որ թափանցիկ ապակիներով կառուցված մասնաճյուղում այնքան էլ թափանցիկ չեն աշխատում: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց դիմացի մայթից մեկ-երկու կադր որսալ: Մոտ 2 ժամվա ընթացքում մատների վրա հաշված մարդիկ էին բանկից դուրս գալիս:

Հաճախորդների սպասարկումն իրականացվում էր աներեւակայելի դանդաղությամբ. դրանում կարելի էր համոզվել նաեւ` հետեւելով, թե ինչ հաճախականությամբ են էկրանի վրա փոխվում հերթագրվածների կտրոնների թվերը:
«Ամեն երկրորդ ընտանիք առնվազն երկու վարկ է մարում: Ընտանիքներ կան, որ նույնիսկ ստիպված են լինում երեխաներին դպրոց ուղարկելու համար վաթսուն հազար դրամի դիմաց ոսկի գրավ դնել»,- մեզ հետ զրույցում նշեց բանկից դուրս եկած հաճախորդներից մեկը: «Ուշադրություն դարձրե՞լ եք, թե փողոցով քայլող մարդիկ հեռախոսով ինչի մասին են առավել շատ խոսում, իհարկե, պարտքերի եւ ինչքան հնարավոր է՝ արագ ձեւակերպվող վարկերի մասին»,- հավելեց մեկ այլ քաղաքացի:

Հատկապես ամեն ամսվա 15-ից հետո՝ աշխատավարձի, կոմունալ վճարումների եւ վարկի օրերին բանկում նստելու տեղ չի լինում: Սպասողները ամենատարբեր տարիքի մարդիկ են լինում՝ ծերեր, կանայք ու երեխաներ, գյուղերից ժամանած մարդիկ, ովքեր չեն կարող ամեն օր գալ ու գնալ: Հաճախորդներից մեկը պատմեց, որ մի քանի օր շարունակ վաղ առավոտյան ստիպված է եղել բանկում երկար սպասելու պատճառով աշխատանքից ուշանալ: «Մասնաճյուղի սպասարկման բաժնում 5 աթոռ է դրված, բայց 3 հոգի են սպասարկում՝ պատճառաբանելով, որ մեկը արձակորւդում է, մյուսն էլ` հիվանդ»,- դժգոհեց հաճախորդը:

Նշենք, որ նմանատիպ հերթեր են գոյանում ոչ միայն ՎՏԲ-ում, այլեւ այլ բանկերում, օիրինակ՝ «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»-ի Սյունիքի մասնաճյուղում: Ի տարբերություն ՎՏԲ-ի՝ այստեղ ոչ միայն թույլ տվեցին նկարահանել, այլեւ պարզաբանեցին, թե ստեղծված իրավիճակը ինչով է պայմանավորված:

Կառավարիչ Մխիթար Հարությունյանը ընդգծեց, որ վարկառուների թիվը նախորդ տարվա համեմատ մոտ 15 տոկոսով աճել է` հիմնականում կապված էլեկտրատեխնիկայի խանութներում ներմուծված ապառիկը տեղում ծառայության հետ:

Հերմինե Միքայելյան
Կապան




Լրահոս