ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Վարդենիս քաղաքում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը կիրակի օրը եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում եւ մասնակցել «Ոսկե հասկի» փառատոնին: Դեսպանն անձամբ է ցանկացել մասնակցել փառատոնին ու, ինչպես երեւում է, շատ ուրախ է: Ինչպես հայտնի է, նա ստիպված է վերադառնալ Վաշինգտոն, քանի որ Հեֆֆերնին փոխարինելու է Ռիչարդ Միլզը:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում բժշկասոցիալական փորձաքննությունը` անձին հաշմանդամ ճանաչելու համար:
Նարինե Պետրոսյան (33 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող ԲՍՓՀ-ն: Բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար անձը հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի գրավոր դիմում եւ իր անձնագիրը: Այն դեպքում, երբ քննվող անձը ինքնուրույն չի կարող ներկայացնել փաստաթղթերը, ապա դա կարող է անել նրա ներկայացուցիչը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Մինչեւ 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը:
Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ անձի բուժումը կամ բուժսպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության ուղեգիր (88 ձեւ), որտեղ նշվում են քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական, վերականգնողական միջոցառումների արդյունքները:
Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր եւ դրա մաuին նշել է դիմումում, ապա հանձնաժողովը բժշկաuոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց):
«ԷԽՈ» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 193836 հաշմանդամություն ունեցող անձ, որից 8171-ը երեխաներ են: Հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության 6%-ը: Պաշտոնապես գրանցված 181 հազար հաշմանդամ անձանց մեծամասնությունը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանն ու ոչ պատշաճ կիրառում ունեցող օրենքներին ու կանոնակարգերին: Հատուկ մասնագիտական դպրոցների մեծ մասը հնարավորություններ չունեն իրենց կրթական ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելու համար: Եվ արդյունքում՝ աշխատանքի բացակայության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձինք բավարարվում են կառավարության կողմից սահմանված թոշակով:
ՀԱՐՑ. Ես կցանկանայի իմանալ, թե ովքե՞ր իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ որտե՞ղ պետք է դիմել:
Անդրանիկ Մովսիսյան (35 տարեկան,շինարար)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե՝
1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
2) կարող է հաղորդակցվել հայերեն լեզվով
3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Ի դեպ, վերը նշվածը վերաբերում է այն անձանց, ովքեր ազգությամբ հայ չեն:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ Ս. Սարգսյանի՝ 2013թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ նախագահին է դիմել 21 հազար անձ, իսկ 2014թ. նրանց թիվը կմեծանա: Եթե նույնիսկ այդ վիճակագրական տվյալները ճիշտ են, դժվար չէ կռահել, թե ովքեր եւ ինչ պատճառով են դիմում: Նկատենք, որ այդ նույն ընթացքում Հայաստանում կրկնակի անգամ մեծացել է արտագաղթի աճը, այնպես որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է հնարավորինս հեշտացվի: