ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՓՈՂԻ ԴԻՄԱՑ ՉԵՄ ԴԱՌՆԱ ԼՈՒԾՎՈՂ ՍՈՒՐՃ»

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը, իր յուրօրինակ ձայնային տվյալներով, հիշվող կերպար է ստեղծել հայկական շոու-բիզնեսում: Երգչուհու անձնական կյանքում վերջին շրջանում տեղի ունեցան շեշտակի փոփոխություններ. Հասմիկն ամուսնացավ երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Քիրմիզյանի հետ: Անձնական կյանքում այս փոփոխությունը փոքր-ինչ նվազեցրեց երգչուհու ստեղծագործական ակտիվությունը: «Ժողովուրդ»-ը զրուցել է Հասմիկ Կարապետյանի հետ` պարզելու նրա առաջիկա ծրագրերը:

-Հասմիկ, տեւական ժամանակ է՝ ստեղծագործական կյանքում նորություններ չունեք, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Այո, բավականին երկար ժամանակ է ստեղծագործական բուռն գործունեություն չեմ ծավալում, էկրաններին չեմ երեւում, բայց ստեղծագործական կյանքումս համատարած անդորր չէ: Երգում եմ ակումբներում, մասնակցում եմ մի շարք համերգների, բայց դրանց մասին չի խոսվում եթերից: Պետք է ասեմ, որ այդ անդորրը բացասական ենթատեքստեր չի պարունակում, չեն արգելում ինձ բեմ դուրս գալ: Ես ու ամուսինս զբաղված ենք մեր նոր «բույնը» կառուցելու աշխատանքներով: Տեղափոխվել ենք նոր բնակարան, եւ մեր ռեսուրսների մեծ մասը հատկացրել ու հատկացնում ենք բնակարանի կառուցման եւ վերանորոգման աշխատանքների կատարմանը:
Այս ամենն իր տեղում, բայց ստեղծագործական կյանքումս էլ եմ նախատեսում փոփոխություններ մտցնել.Դեր Հովայի հետ նոր երգ ունեմ, գործիքավորումը պատրաստ է, բայց թե երբ կձայնագրվեմ, դեռ չեմ կարող ասել:
-Հասմիկ, տեւական դադարի ընթացքում փոքրիշատե կողքից հետեւելով հայկական շոու-բիզնեսի «թողարկած արտադրանքին», ինչպե՞ս կգնահատեք այն, արդյոք առկա՞ է ոճային զանազանություն, եւ որ ամենակարեւորն է` որակը գերակշռո՞ւմ է հայկական շոու-բիզնեսում:
-Ո՛չ, չկա ոճային խելամիտ բազմազանություն: Միօրինակ երգ ու երաժշտության տարափ է մեր երգարվեստում: Բնականաբար, չեմ կարող բոլորին նույն հարթության մեջ դիտարկել, բայց անորակությունը գերակշռում է: Որակը շատ վաղուց է ընկել, համատարած լճացում է, գրեթե բոլորը մտածում են փող բերող երգերի մասին: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր արվեստի իրական կրողներ են, իջել են իրենց մակարդակից: Չեմ մեղադրում նրանց, կյանքն է այդպիսին, բայց այդպես էլ արվեստն է ստվերվում եւ շատ հաճախ էլ` ի սպառ վերանում:
-Իսկ Դուք հանուն փողի չե՞ք փոխի Ձեր ոճը:
-Չեմ փոխի, ես հարգում եմ իմ անցած ճանապարհը, մի քիչ ավելի վաստակելու համար չեմ դառնա լուծվող սուրճ: Էլի եմ ասում՝ ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր փող աշխատելու համար իրենց ոճը, իրական արվեստի ոգին ստվերում են, բայց ես չեմ դառնա այդպիսին:
-Զանազան հեռուստանախագծերում Ձեր կոլեգաները ներկայանում են որպես ժյուրի: Դրան ի՞նչ գնահատական կտաք: Ձեզ չե՞ն հրավիրում նման նախագծերին մասնակցելու:
-Ժյուրիի կազմում լինելը, գնահատականներ տալը բավականին պատասխանատու աշխատանք է: Այն մարդիկ, ովքեր հիմա նմանօրինակ նախագծերի կազմում են, պետք է հասկանան, որ պետք է իրապես համապատասխանեն այդ դերին: Օրինակ՝ ինձ երբեք չեն հրավիրում այն մարդիկ, ովքեր ժյուրիի կազմում են, ինձ հավասար են, ինչու չէ` նաեւ շատերի մասին էլ կարող եմ ասել, որ այդքան էլ չեն համապատասխանում այդ չափանիշներին: Այս ամենը հասկանալի է, թե որտեղից է գալիս. կլանային մտածելակերպ կա, միշտ նույն մարդկանց են ընդգրկում: Որոշ հեռուստաընկերություններ ունեն «իրենց մարդկանց»:
Այս ամենը գիտակցելով եւ արձանագրելով հանդերձ` չեմ կորցնում լավատեսությունս, հասկանում եմ, որ ամեն ինչ չէ, որ պետք է իդեալական լինի, ես լավատես մարդ եմ եւ հավատում եմ, որ մեր երգարվեստում առկա թերությունները շտկելի են, ժամանակի ընթացքում շատ բաներ կարող են փոխվել դեպի լավը: Լիահույս եմ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՀԵՔԻԱԹԱՍԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԲԱՌԻ ՓԱՌԱՏՈՆ
Հունիսի 25-ից հուլիսի 25-ը Հայաստանի մարզերում անցկացվել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության եւ բարբառի վեցերորդ մրցույթ-փառատոնի նախընտրական մարզային փուլը: Հաջորդիվ` փառատոնի ընտրական փուլ անցած մասնակիցները սեպտեմբերի 26-ին եւ 27-ին կմրցեն Հովհաննես Թումանյանի թանգարանում, որտեղ եւ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը:
Փառատոնին առանց տարիքային սահմանափակման մասնակցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել եւ տիրապետում են որեւէ բարբառի, քանի որ հեքիաթները պատմվում են բացառապես բարբառներով: Նախապատվությունը տրվում է ավանդական ժողովրդական հեքիաթին:
Հեքիաթասացության եւ բարբառի 6-րդ փառատոնին մասնակցում են նաեւ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ասորիներ, հույներ, վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, գերմանացիներ, լեհեր, եզդիներ, քրդեր եւ հրեաներ:
Փառատոնի հիմնական նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրեւ բանահյուսական նյութի մատուցման կարեւորագույն միջոց, մոռացությունից փրկել հայոց բարբառները, եւ ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթն ու նպաստել մշակութային երկխոսությանը:

 

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ` ԲԵՌԼԻՆՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին բեռլինյան համերգասրահում Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հայաստանի Անկախության օրը գերմանական համերգասրահում թեւածել է խաչատրյանական երաժշտությունը՝ Գերմանիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։
Երեկոն նվիրված է եղել Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ անկախության տարեդարձին եւ հայկական մշակույթին։ Բեռլինի հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ է ընդունել հայկական երաժշտությունը։ Համերգի տեսագրությունը հոկտեմբերի վերջին կհեռարձակվի ամբողջ Գերմանիայում։

 
ԷՔՍՑԵՆՏՐԻԿ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Սոնա Շահգելդյանը շուտով հանդիսատեսին կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը «Իմ էքսցենտրիկ էությունը» անգլալեզու ջազ-ֆանկ երգի հիման վրա է գրվել: Երաժշտության հեղինակը Նարինե Զարիֆյանն է, իսկ խոսքերը գրել է Աննա Ամիրյանը:
Հիշեցնենք, որ երգչուհին վերջերս էլ իր մի քանի կոլեգաների հետ նկարահանվել է ոստիկաններին նվիրված «Պահապան հրեշտակներ» տեսահոլովակում, իսկ արդեն հոկտեմբերին Սոնան հանդես կգա Վանաձորում եւ Գյումրիում` հավաքական համերգների շրջանակներում:

 

ՈՒՇԱԳՆԱՑ Է ԵՂԵԼ
Դերասանուհի Լիա Զախարյանը նախօրեին հայտնվել է հիվանդանոցում: Բանն այն է, որ դերասանուհին թուլություն է զգացել եւ երեկոյան կորցրել է գիտակցությունը: Ընկերները նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ պարզ է դարձել դերասանուհու ուշագնացության պատճառը. գերլարված գրաֆիկի, աշխատանքային բուռն գործունեության եւ անքնության պատճառով է դերասանուհին հայտնվել այդ վիճակում:
Հիշեցնենք, որ դերասանուհին վերջերս նկարահանվել էր «Իմ փոքրիկ փեսացուն» կատակերգությունում, իսկ ներկայում Լիան նկարահանվում է «Կյանքից առավել» հեռուստասերիալում:

 
ՋԵԿՍՈՆԻ ԵՎ ՄԵՐԿՈՒՐԻԻ ԴՈՒԵՏԸ
Դեռեւս 1981 թվականին Մայքլ Ջեկսոնը եւ Ֆրեդի Մերկուրին ձայնագրել են համատեղ երգ՝ «There Must Be More To Life Than This», որը նախատեսվում էր ներառել «Queen» խմբի հերթական ալբոմի մեջ: Սակայն, տեւական ժամանակ խմբի անդամներին չի հաջողվել երգը ներառել հերթական ալբոմներից մեկում: «Queen»-ի 67-ամյա կիթառահար Բրայան Մեյը եւ 65-ամյա թմբկահար Ռոջեր Թեյլորը որոշել են վերջապես կյանքի կոչել այս մտահղացումը: Երաժիշտները մոտ ապագայում նախատեսում են նոր ալբոմ թողարկել, որում ներառված է լինելու երկու հանգուցյալ աստղերի կատարած երգը: Այն խմբի անդամները մտադիր են համաշխարհային հիթ դարձնել:




Լրահոս