ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆ ԾԱՌԱՅՈՂ ՆԱԽԱԳԱՀ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ
«Վիկիլիքս»-ի կողմից հրապարակված Startfor-ի վերլուծություններից հերթականը պատմում է Հայաստանի նախագահի՝ 2008թ. ընտրության մասին: Հեղինակը քննարկում է ընտրությունների արդյունքը՝ մատնանշելով Ռուսաստանի դերակատարությունն այս հարցում: Հատկանշական է, որ վերլուծականում իշխանական եւ ընդդիմադիր թեկնածուները համարվում են պրոռուսական գործիչներ: Startfor-ի համոզմամբ՝ Ռուսաստանը Հայաստանի նախագահ է ընտրել այն մարդուն, ով առավելապես կծառայի իր շահերին ու կմեծացնի ռուսական ազդեցությունը Հայաստանում: Ներկայացնելով Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները՝ վերլուծաբանը նկատում է, որ Հայաստանն ամբողջությամբ գտնվում է ռուսական ազդեցության տակ:
Այսպես. անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ հեղինակը հայտնում է, որ 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունը միմյանց դեմ էր հանել երկու ռուսամետ թեկնածուների: Ըստ վերլուծականի՝ Հայաստանը գերագույն նշանակություն ունի Ռուսաստանի ռազմավարական ծրագրերի համար Կովկասում, ինչն էլ պատճառ է, որ ռուսական քաղաքական ու տնտեսական ազդեցությունը մշտապես աճի այստեղ: Ըստ այդմ՝ նախագահական ընտրությունների ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարվել է որպես միանձնյա հաղթող: Հավելելով, որ Սարգսյանի գլխավոր հակառակորդը նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր՝ վերլուծաբանը պնդում է, որ երկու թեկնածուներն էլ ռուսամետ են եւ յուրաքանչյուրն էլ իր հերթին իր քաղաքական պարտքն է մատուցել պաշտոնական Մոսկվային: Startfor-ն ընդգծում է, որ 2008թ. փետրվարի 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինին, մինչդեռ Ս.Սարգսյանը Երեւանում փետրվարի 6-ին ընդունել էր ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովին:
Ապա Startfor-ը բացատրում է, թե ինչու է Մոսկվան, իր կարծիքով, երկու ռուսամետ թեկնածուներից ընտրել Սերժ Սարգսյանին: Ըստ հեղինակի՝ այստեղ դեր են կատարել Սերժ Սարգսյանի ղարաբաղյան ծագումն ու պատերազմին նրա մասնակցությունը: Բացի այդ, Ս. Սարգսյանը, ի տարբերություն Լ. Տեր-Պետրոսյանի, համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար Հայաստանը տարածքային զիջումներ չպետք է անի: Վերլուծականի պնդմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է բաց պահել իր հնարավորությունները ԼՂ հիմնահարցում: Մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնի է ԼՂ հակամարտությունը լուծելու փորձով, ուստի վերլուծաբանը վստահ է, որ Մոսկվայի տեսանկյունից` Տեր-Պետրոսյանն այնքան էլ հարմար թեկնածու չի լինի:
Քննելով Մոսկվայի աշխարհաքաղաքական խաղը՝ հեղինակը Հայաստանին համարում է դրա կարեւոր մասնիկը: Հայաստանը, կարելի է ասել, Ռուսաստանի կենտրոնական դիրքն է Հարավային Կովկասում ու առաջնային հանգույցը ռուս-իրանյան համագործակցության համատեքստում՝ ընդգծում է Startfor-ը:
Հեղինակը պնդում է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից ոչ մի կապ չունի, թե ով է հաղթել Հայաստանում, քանզի ռուսական ազդեցությունն էական փոփոխությունների չի ենթարկվելու: Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանը շրջապատված է թշնամական կեցվածք ունեցող Ադրբեջանով ու Թուրքիայով, ինչի արդյունքում հարկադրված է ամրացնել իր հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ: Startfor-ի մոտեցմամբ՝ քանի դեռ շարունակվում են Ադրբեջանի ռազմական կուտակումները, Հայաստանում նախագահի ոչ մի թեկնածու չի կարող խզել Հայաստան-Ռուսաստան դաշինքը: Հեղինակը հիշարժան է համարում այն փաստը, որ Հայաստանը հրաժարվել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռանկարից՝ միաժամանակ լարվածություն հարուցելով ԱՄՆ հետ հարաբերություններում՝ Իրանի հետ իր սերտ համագործակցության պատճառով:
Startfor-ն այդուհետ անցում է կատարում Ռուսաստանի տնտեսական ազդեցության թեմային՝ շեշտելով, որ վերջինս մեծացրել է իր տնտեսական դիրքերը հատկապես Հայաստանի ինֆրաստրուկտուրաների ու բիզնեսի ռիսկային ոլորտներում: Ըստ հեղինակի՝ Ռուսաստանը կառավարում է «ՀայՌուսգազարդ»-ը, որն իրավունք ունի տեղափոխել իրանյան գազը Հայաստան ու վերահսկում է Հայաստանի այն էլեկտրակայանները, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում Իրանի համար: Հեղինակը նշում է, որ Հայաստանում կապի ոլորտը եւս գտնվում է Ռուսաստանի բացարձակ վերահսկողության ներքո: Ռուսաստանի ազդեցության տիրույթում գտնվող ոլորտներից վերլուծաբանն ուշագրավ է համարել նաեւ երկաթուղային ու ալյումինի արտահանման ոլորտները:
Սակայն նոր բիզնես ծրագրերի հաջողության հարցում ամերիկյան վերլուծականը խնդիրներ է տեսնում: Ըստ նրա՝ Հայաստանը գործնականում կոտրված է, իսկ Ռուսաստանն էլ ավանդաբար նվազ միջոցներ է հատկացնում ինֆրաստրուկտուրային ծրագրերի համար: Ավելին՝ Մոսկվան անցյալում էլ հազվադեպ էր գումարներ ներդնում ուղղակիորեն Հայաստանում: Startfor-ը, սակայն, տեսնում է, որ Ռուսաստանը կարծես սկսում է ուղղակի ներդրումներ կատարել Հայաստանում՝ թույլ չտալու համար իր ազդեցության նվազագույն անկում անգամ: Հեղինակը եզրահանգում է, որ Ռուսաստանի հիմնական քայլերը հանգում են Հայաստանի ազգային հարստության տիրացմանը: Իսկապես, Ռուսաստանը չնչին պարտքի դիմաց վերցրեց Հայաստանի գրեթե ողջ ունեցվածքը՝ ցանկանալով բացարձակ դարձնել իր ազդեցությունն այստեղ: Հայաստանի իշխանություններն էլ, ըստ էության, հաջողությամբ ծառայեցին հենց այդ նպատակի իրականացմանը՝ ի սկզբանե այս առաքելությամբ էլ նշանակված լինելով Մոսկվայի կողմից:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ին Դիլիջանի տարածաշրջանի Հաղարծին գյուղում Հաղարծին, Թեղուտ, Գոշ գյուղերի, նաեւ Դիլիջան քաղաքի շուրջ 1000 բնակիչներ մոտ մեկուկես ժամ փակել էին միջպետական ճանապարհը:
Նրանք բողոքում էին, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի նոր տնօրինությունը փակել է գյուղերից դեպի անտառներ տանող ճանապարհը, եւ գյուղացիները զրկվել են ձմռան համար վառելափայտ հայթայթելու հնարավորությունից: Բողոքող բնակիչների փակած ճանապարհը ապաշրջափակելու նպատակով Հաղարծին էին ժամանել Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանը եւ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանը: Ճանապարհը փակողների պատվիրակությունը մեկնել էր Տավուշի մարզպետարան, ուր մարզպետ Հովիկ Աբովյանի հետ քննարկվել էին վառելափայտի խնդրի լուծման ուղիները: Բողոքի այդ գործողությունից մեկ շաբաթ է անցել, եւ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկանալ՝ արդյոք խնդրի լուծման ուղղությամբ որեւէ քայլ կատարվե՞լ է:
Դիլիջանին հարակից Թեղուտ համայնքի ղեկավար Արարատ Թամրազյանը մեզ վստահեցրեց, որ խնդրի լուծումն ընթացքի մեջ է: Դիլիջան քաղաքի մոտակա գյուղական համայնքների ղեկավարները կապի մեջ են ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Սահակ Մուրադյանի հետ, եւ նախատեսվում է, որ նշված գյուղերի յուրաքանչյուր ընտանիքի, որպես ձմռան վառելափայտ, վճարովի հիմունքներով, ինքնապատրաստման եղանակով, կհատկացվի 8 խորանարդ մետր անտառի թափուկ:
Ա. Թամրազյանն ասաց, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրենի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ իրենք կբարեկարգեն դեպի ազգային պարկի խորքերը տանող ճանապարհները, որպեսզի այնտեղից թափուկների տեղափոխումը դյուրին լինի: Նկատենք, որ արդեն իսկ սկսվել են աշնանային անձրեւները, ինչի հետեւանքով անտառային ճանապարհները դարձել են թաց եւ վտանգավոր:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արամ Ղազարյանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 18-ին Հաղարծին գյուղում միջպետական ճանապարհը փակելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով («Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»): Այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ առավելագույնը 50 հազար դրամի չափով կամ կալանք՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԼՈՒՐԵՐ
ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում կարտահայտի իր տեսակետը՝ Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Սուքիաս Ավետիսյանի, Արայիկ Հովհաննիսյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից ներկայացված «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Բայց մինչ այդ գործադիրն արդեն հանգել է եզրակացության, որ «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքը գործնականում հռչակագրային բնույթ ունի եւ օրենքի գործողության ժամկետի երկարացումն արդյունավետ չէ: Գործադիրը կողմնակից է Գյումրի քաղաքին շոշափելի եւ առարկայական աջակցության տրամադրմանը: Հաշվի առնելով սա՝ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:
Տեղեկացնենք, որ «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին լրանում է գործող օրենքի գործողության ժամկետը: Մինչդեռ, Գյումրի քաղաքում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց իրականացման համար պահանջվում է ժամանակ, շոշափելի ներդրումներ եւ իրատեսական ծրագրեր: Այդ նպատակով նախագծով առաջարկվում է միայն երկարաձգել «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը՝ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
ԿՆՎԻՐԵՆ
ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ սփյուռքահայ բարերար Հովհաննես Օյունջյանի կողմից կառուցված եւ որպես պետական գույք վարչության տնօրինությանը հանձնված Գյումրու «Օյունջյան» կրթահամալիրի տարածքից հողամաս առանձնացնելու եւ արվեստի դպրոցի ստեղծման ներդրումային ծրագրի շրջանակում «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին տրամադրելու խնդրանքով: Այս առիթով էլ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվելու 787 հազար 262 դրամ սկզբնական արժեքով 16.52 քառ. մետր մակերեսով պարիսպը եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանից հետ վերցնել եւ նվիրաբերել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին՝ «Վարդուհի» արվեստի դպրոց ստեղծելու պայմանով:
Ի դեպ, «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Գ. Լաճիկյանը տեղեկացրել է, որ ըստ հաստատված ներդրումային ծրագրի՝ արվեստի դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 373 մլն 709 հազար 57 դրամ, որը նախատեսվում է ներդնել մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 15-ը:
ԿՀԱՏԿԱՑՆԻ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կկայացվի Մշակույթի նախարարության արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ Մարգարիտա Յախոնտովայի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար տրամադրել 1 մլն 698 հազար դրամ: Նախագիծը ներկայացնելու է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: