ՊՐԻՉՈ՞Մ ՏՈՒՏ ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիկս»  կայքի «hայկական թղթապանակ» -ի նյութերից մեկը վերաբերում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին, որը համաձայն կայքի`  «Global gold» ընկերությունից ոսկու հանքավայրի  շահագործման լիցենզիայից չզրկելու դիմաց 3 միլիոն դոլար էր պահանջել ընկերության տնօրենից: Իսկ գումարն  առաջարկել էր փոխանցել  ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը մի ողջ «Վիկիլիկս»-ի բացահայտումներին գոնե իր մասով ասաց մեկ բառ` «ապուշություն»:  -Պարոն Այվազյան, ամբողջ աշխարհում «Վիկիլիկս» կայքի հրապարակումները ռումբի ազդեցություն են թողել, մարդիկ  հրաժարականներ են տվել:-Չէ, ինչը  կոնկրետ վերաբերում է ինձ, 35 հոդված է եղել 2005-2006 թվականներին, ինչ-որ մի նոր բան չի ասել:  Նաեւ  ասեմ, որ այստեղ` Հայաստանում «Վիկիլիկս» -ի նյութերը տպվել են մասամբ. ռուսական տարբերակում նույն ԱՄՆ դեսպանը գրում է, որ ինձ համար անհասկանալի է, թե ինչու են էդ բողոքողները մեկ տարուց հետո գրել: Ինչ վերաբերում է` այդ մարդու հայտարարությունների հիման վրա՞ է եղել, թե չէ, գիտեմ միայն, որ բազում անգամ են դրանք եղել, բայց ոչ մի անգամ ես պաշտոնապես, բացի իրենից չեմ տեսել մեկի, որ հայտարարի: -Այնուամենայնիվ, ինչու այդ ընկերությանը զրկեցիք  լիցենզիայից: -Ես անգամ նկարներ, նկարահանված շարժական կադրեր ունեմ, թե ինչ աշխատանքներ էր կատարել այդ ընկերությունը: Բացարձակապես ոչ մի բան:  Գոյություն ունի օրենք, որտեղ հստակ նախանշված են այն աշխատանքային ծավալները, որոնք պետք է իրականացվեն: Ամեն մի ընդերք շահագործող հաստատում է իր տարեկան զարգացման ծրագրերը, որոնց մեջ տալիս են, թե ինչքան պետք է արդյունահանեն հանքաքար եւ այլն: Մեր ժամանակահատվածում, ինչի մասին, որ խոսում ենք, ընդհանուր հաշվարկով, եթե չեմ սխալվում առաջին անգամ 600 կիլոգրամ, երկրորդ անգամ` կարծեմ 1 տոննա 800 կիլոգրամի թաքնված ծավալ ենք նրանց մոտ հայտնաբերել: Ասեմ, որ այդ հարցը քննարկվել է վարչապետին կից «Գործարարության խորհրդում»: Հրավիրել ենք մինչեւ անգամ լրջագույն, համաշխարհային մակարդակի մասնագետների: Օրինակ` եկել է հանրաճանաչ Ստրատկոմա անձնավորությունը, որը հանդիսանում է ոսկու հանքավայրերի  աշխարհում  ճանաչված անկախ գնահատող: Նա եկել, ներկայացրել է, որ Բնապահպանության նախարարության վերահսկողության գրած ակտը միանշանակ համապատասխանում է իրականությանը: Այնպես որ, ուշացումով են տպագրել,  մի յոթ տարով:-«Վիկիլիկս»-ի՞ն նկատի ունեք: -Այո: Այդ խորհուրդում,  այդ մարդը ներկայացրել է իր ասելիքը, մենք` մեր պարզաբանումները: Նույն երգն ա, բացարձակապես որեւէ բան չի փոխվել:  Բայց ստեղ մարդկանց անուն են գրում. ինչ կապ ունեն էդ մարդիկ, որպես նախարար, հասկանալի է, որ պետք է կապ ունենայի:-Մուրադ Գուլոյանի մասի՞ն է խոսքը: -Հա, ի՞նչ կապ ունի Մուրադ Գուլոյանը … Նույն շրջանի տղերք ենք, իրար հետ մոտիկ ենք… նա այն ժամանակ… բիզնեսում որեւէ ձեւ չէր  առնչվում, իրար հետ  էլ բիզնես չունենք: Լավ բարեկամ ենք, լավ ընկերներ ենք: -Բայց  ի՞նչն է պատճառը, որ հատկապես Մուրադ Գուլոյանի անունն են տվել: -Այ, երբ կտեսնեք Մուրադ Գուլոյանի մասին  գրողին, իրան էլ մի հատ հարց տվեք` «պրիչո՞մ տուտ Մուրադ Գուլոյան»:-Գրողները ամերիկյան դիվանագետներ են կամ հատուկ ծառայությունների աշխատողներ:-Այդ  հատուկ ծառայությունների գրածը ես կխնդրեմ ամբողջապես մամուլով ներկայացնել: Բայց ինձ մի բան է շատ անհանգստացնում` իրանց հայտարարությունների մեջ, ովքեր որ ասում են, ասում են` մենք ունեինք ձայնագրություններ: Դե հիմա, խնդրում եմ, էլի, շատ եմ խնդրում, մի անգամ իրան մի հատ հարց տվեք` այդ ձայնագրությունները թող դնեն` տեսնենք այդ ձայնագրությունները ինչ են: Իսկ ես ոնց եմ աշխատել, ոնց եմ եղել, ունեցել եմ կոլեկտիվներ, գնացեք մի հատ հարցրեք` իր նախարար աշխատած ժամանակ Այվազյանից գո՞հ են, թե՞ գոհ չեն: -Հնարավո՞ր է` դատի տաք «Վիկիլիկս»-ին:-«Վիկիլիկս»-ին ես չեմ դատի տալու, իրան արդեն դատի են տվել ու դրա գրածի մեջ որեւէ բան չեմ տեսնում: Ինչ-որ պետդեպարտամենտի  դեսպանի գրածն է, դեսպանը կարող է գրել, բայց որ իրենք ամբողջը չեն տպագրել, Աստված իրանց հետ: Բայց ով որ սրանից հետո անհիմն բան գրեց, սրանից հետո դատի եմ տալու: Վերջիվերջո համբերության բաժակ գոյություն ունի: Ես էլ ընտանիքի հայր եմ, ես էլ սովորական քաղաքացի եմ, եւ իմ իրավունքները կկարողանամ պաշտպանել, որովհետեւ ոչ մեկի ընտանիքը չի կարա ողջագուրված լինի այս մեղադրանքներից: Հիմա կրակն ենք ընկե՞լ, որ քաղաքականությամբ ենք զբաղվում: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս