ՀԱՐՑ. Հայրս հաշմանդամության կարգ պետք է ստանա, բայց վիճակը ծանր է եւ չի կարող տնից դուրս գալ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է իրականացվի բժշկասոցիալական փորձաքննությունը` անձին հաշմանդամ ճանաչելու համար: Նաեւ խնդրում եմ ներկայացնել անձին հաշմանդամ ճանաչելու ընդհանուր կարգը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրը սպասարկող ԲՍՓՀ-ն: Բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար անձը հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի գրավոր դիմում եւ իր անձնագիրը: Այն դեպքում, երբ քննվող անձն ինքնուրույն չի կարող ներկայացնել փաստաթղթերը, ապա դա կարող է անել նրա ներկայացուցիչը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Մինչեւ 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը:
Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ անձի բուժումը կամ բուժսպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության ուղեգիր (88 ձեւ), որտեղ նշվում են քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական, վերականգնողական միջոցառումների արդյունքները:
Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր եւ դրա մաuին նշել է դիմումի մեջ, ապա հանձնաժողովը բժշկաuոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման դեպքերում քաշքշուկն այնքան մեծ է լինում, որ տնից դուրս գալու ունակություն չունեցող մարդու մոտ անգամ կարող է կասկած առաջանալ, թե այս դեպքում էլ է ինքը հարկադրված լինելու ամեն գնով անկողնուց վեր կենալ ու գերատեսչությունից գերատեսչություն գնալ: