ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ԱԺ-ում հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցով.
«Որպես նախաբան՝ հայտնեմ, որ այս տարվա զեկույցն ավելի ծավալուն է ստացվել, քան նախորդ տարիներինը. հաշվի են առնվել շատերի կողմից արված բազմաթիվ դիտողություններ»,- նշեց Կարեն Անդրեասյանը:
Օմբուդսմենի խոսքով՝ քաղաքացիներին հուզում է այն, թե ինչ իմաստ ունի խոսել խնդիրների մասին, եթե պետական առանձին կառույցները դրան հակադարձում են, չեն կատարում իրենց խորհուրդները.
«Մեր զեկույցն արժեք կամ ուժ ունի, եթե խորհրդարանը համապատասխան քայլեր է ձեռնարկում այդ զեկույցը կարդալուց, դրան ծանոթանալուց հետո: Պետք չէ, որ լինի քաղաքական մեծամասնության կամ փոքրամասնության աջակցությունը. մեկ պատգամավորի սրտացավ աջակցությունն էլ բավական է այդ խնդրի վերաբերյալ դրական փոփոխությունների համար»,-նշեց Կարեն Անդրեասյանը:
Կարեն Անդրեասյանն առանձնացրեց և ներկայացրեց մի քանի խնդիր.
«Խնդիրներից մեկը ոստիկանության առանձին բաժիններում կիրառվող բռնությունն է, իհարկե, դրանց թիվը նվազել է, բայց դեռ կան բաժիններ, որտեղ կիրառվում է, եղել են բազմաթիվ բողոքներ` կապված հարցի հետ: Առաջարկել ենք տեղադրել տեսագրող, ձայնագրող սարքավորումներ ոստիկանության համապատասխան բաժիներում, բայց դա լիարժեք կերպով չի իրականացվել, խնդիրներից մեկը քաղաքացիական հագուստով ոստիկաններն են, որոնք շրջում են հանրահավաքների ժամանակ: Հաջորդ մարմինը, ուր կան չլուծվող խնդիրներ, առողջապահական համակարգն է: Բժշկական սխալների մասին ձևակերպում չկա: Կան խնդիրներ տրանսպորտի համակարգում, մասնավորապես` քաղաքայինի: Հաջորդ խնդիրը ուսանողական խորհուրդների մասին է, պետք է ապաքաղաքականացնել ուսանողական խորհուրդները»,- ընդգծեց Կարեն Անդրեասյանը: