ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՍԱՐՔ ԿՈՃԱԿՆԵՐՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: Ի սկզբանե քննարկումները թեժ էին: Նիստի սկզբին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց չորսօրյա նիստերի օրակարգը, այնուհետեւ քվեարկության դրվեց մի քանի նախագծեր օրակարգ ընդգրկելու հարցը: 40 կողմ, 3 դեմ եւ 54 ձայների հարաբերակցությամբ քառօրյայի օրակարգ չընդգրկվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մինչ քվեարկությունը հայտարարեց, թե իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ նման մի օրինագիծ արդեն կա եւ այն քննարկելիս հաշվի կառնեն նաեւ Փաշինյանի առաջարկները:
Երկրորդ նախագծի քվեարկության ժամանակ ԱԺ դահլիճում իսկական իրարանցում սկսվեց: Պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի եւ Վահան Բաբայանի ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի քվեարկության ժամանակ ՀՀԿ պատգամավորները սխալմամբ «կողմ» քվեարկեցին եւ նիստը վարողը ստիպված եղավ օրենքի քվեարկությունը երկրորդ անգամ կազմակերպել: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե տեխնիկական վրիպակ է եղել:
Ընդգծենք, որ առաջին քվեարկության ժամանակ ԲՀԿ-ականների օրինագիծն ընդունվել էր 47 «կողմ» եւ 42 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Սակայն քվեարկությունից անմիջապես հետո ՀՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, թե սխալվել են: ԲՀԿ-ականները ծափողջույններով ընդունեցին ՀՀԿ-ի սխալ քվեարկությունը եւ նիստը նախագահողներին մեղադրեցին ԱԺ կանոնակարգ-օրենքը խախտելու համար:
Է. Շարմազանովն էլ դիմելով ԲՀԿ խմբակցությանը՝ պարզաբանեց. «Ձեր խմբակցությունից երկու հոգի սխալ է քվեարկել, մեր խմբակցությունից՝ վեց հոգի: Պարոն Սեդրակյանի տեխնիկական կոճակը չէր աշխատում»: Արդեն երկրորդ անգամ ՀՀԿ-ականներն անվրեպ կատարեցին իրենց «կոճակ սեղմելու» առաքելությունն ու նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ:
Խորհրդարանում իրավիճակը թեժացավ, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում իր հեղինակած փոփոխությունները: Փոստանջյանն օրենքի փոփոխությամբ նպատակ ունի առավել բաց եւ թափանցիկ դարձնել խորհրդարանի աշխատանքները: Այս լրացմամբ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց եւ նրա նկատմամբ պետք է համապատասխան պատիժ կիրառվի: Այս նախաձեռնությունն առաջացրեց ՀՀԿ-ականների դժգոհությունը, ովքեր միանգամից հիշեցին Փոստանջյանի՝ քվեարկության քարտերը հավաքելու փաստը եւ ցանկանում էին հասկանալ, թե դա կարգազանցությո՞ւն է, թե՞ հանցագործություն:
Հիշեցնենք, որ անցյալ տարի, երբ ԱԺ-ում քվեարկության պետք է դրվեր գազային համաձայնագրերն ընդունելու նախագիծը, այն ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զ. Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը՝ այդ կերպ քվեարկությունը խոչընդոտելու նպատակով:
Զ. Փոստանջյանն ամեն կերպ չէր ցանկանում պատասխանել ՀՀԿ պատգամավորների հարցին, սակայն երկար հարցադրումներից հետո նա վերջապես արտահայտվեց. «Հովիկ Աբրահամյանը նույնիսկ պնդել է, որ գան, փորձեն խուզարկել ինձ, եթե դա լիներ քրեորեն հետապնդելի արարք, ապա դուք բռնի ուժով կտանեիք այդ քարտերը»: Այս օրենքն այնքան էր հետաքրքրել ՀՀԿ-ականներին, որ արտահերթ ելույթով հանդես եկան նույնիսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ընդգծենք, որ բոլոր ՀՀԿ-ականներն էլ վերապահումներով կողմ էին պատգամավորի ներկայացրած նախագծին:
Տեղեկացնենք, որ դեռ նիստի սկզբին ԱԺ նախագահը նշել էր, որ 18:30-ին ՕԵԿ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվելու է արտահերթ նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Նրա հայտարարությունից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե իրենց խմբակցությունը նիստին մասնակցելու նպատակահարմարություն չի տեսնում: Որոշված ժամին նիստին մասնակցելու համար ներկայացել էր 32 պատգամավոր. հանրապետականները բոյկոտել էին նիստը՝ տապալելով այն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱՏՊԵԼ Է
«Հայրաքաղաք» համարվող Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հայաստանի անկախության տոնի առիթով մեր հայրենակիցներին իր ուղերձը հղելու հեշտ տարբերակ է գտել: Նա այլեւս ջանք ու եռանդ չի թափել ուղերձ գրելու կամ գրել տալու համար, այլ օգտվել է մյուս պաշտոնյաների ուղերձից: «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատեց, որ սեպտեմբերի 21-ի նրա ուղերձը, մեղմ ասած, նման է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նույն օրվա ուղերձին:
Սամվել Բալասանյանի ուղերձում մասնավորապես նշված են հետեւյալ տողերը. «Արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում»:
Արցախի նախագահի ուղերձում ասված է. «Եվ ահա արդեն 21 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում»: Եվ այսպես ՝ ողջ ուղերձը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ Բալասանյանից ճշտել, թե ինչու է նա արտատպել Բակո Սահակյանի ուղերձը, սակայն քաղաքապետն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

ՎԱԽԵՑԱԾ ԵՆ
Տեւական ժամանակ է, ինչ Երեւանի «Ոսկու շուկա»-ում վախի մթնոլորտ է տիրում: Շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը սպառնալիքի տակ է պահում շուկայի աշխատակիցներին եւ արգելում նրանց մասնակցել բողոքի ակցիաներին: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց շուկայի աշխատակիցների հետ եւ պարզեց, որ Վաղարշ Աբրահամյանը 15 օր ժամանակ է տվել այն առեւտրականներին, ովքեր մասնակցել են բողոքի ակցիային, ազատեն շուկան: Սակայն աշխատակիցների խոսքով՝ սա Վաղարշի հերթական «տրյուկն» է: Պարզվում է՝ տարիներ առաջ, երբ շուկայի աշխատակիցները տաղավարների վարձավճարների բարձրացման պատճառով էլի բողոքի ցույց էին արել, այդ ժամանակ էլ Վ. Աբրահամյանը կոտրել էր բողոքողների վաճառասեղանները, որը չէր նկարահանվել եւ արդեն մոռացվել է:
Ստացվում է՝ Հայաստանում իրավապահ համակարգը, մեղմ ասած, չի գործում, քանի որ Վաղարշը կարողանում է ոչ միայն կոտրել, ուրիշի գույքը հափշտակել, այլեւ ստիպել մարդկանց՝ լռել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից հետաքրքրվել, թե այս ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկվում: «Ցավոք, այն, ինչ մենք տեսել ենք՝ անհանգստացնող է, եւ մենք չունենք բողոքներ, քաղաքացին պետք է բողոքի: Սա այն դեպքերից չէ, երբ մենք կարող ենք մեր նախաձեռնությամբ միջամտել, բայց, օրինակ, ոստիկանությունը կարող է իր նախաձեռնությամբ միջամտել լրատվամիջոցի հաղորդման հիման վրա: Հակառակ դեպքում պետք է սպասեմ, որ տուժող քաղաքացիները գոնե ինձ դիմեն: Բայց եթե որեւէ քայլ չլինի, ապա մենք մեր տարեկան զեկույցով կանդրադառնանք, թե ինչպիսի պասիվություն է դրսեւորում տվյալ դեպքում իրավական համակարգը»,-ասաց պաշտպանը:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՅԴՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՉԷ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, պատասխանելով ոչ իշխանական ուժերի հանրահավաքների վերաբերյալ հարցին` հայտարարել է, որ ինքը հանրապետությունում չի եղել ու ոչ մի բանից տեղյակ չէ: «Չգիտեմ` ինչ հանրահավաք ա, ինչի՞ համար ա, ով ինչ ա խոսացել»: Լրագրողների հստակեցմանը, թե հանրահավաքների ժամանակ բարձրացվում է իշխանափոխության հարցը` պատգամավորն արձագանքել է. «Ես տենց հարցերին չեմ կարա պատասխանեմ, էդ հարցերը իմաստուններին տվեք»:

 

ՀԵՌԱՑՎԵԼ Է
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս Նունե Գյոկչյանը երեկ հեռացվել է աշխատանքից: Պատճառը համացանցում հայտնված ձայնագրությունն է, որում դասախոսը ուսանողից 40 հազար դրամ է պահանջում հավելյալ պարապմունքների համար:

 

ՍՊԱՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակմանը, երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ Ս. Խաչատրյանն իր տան բակում անձամբ է սպանել Ավետիք Բուդաղյանին, ինչը կոծկվել է դատախազության եւ վերին ատյանների կողմից: «Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել նրա լկտիությունների մասին: Այդքանից հետո ձեր կառավարությունը նրան նորից նշանակում է մարզպետ: Սյունեցիներց մեկին ոչնչացրածին նշանակում եք մարզպետ: Կարո՞ղ ենք ասել, որ այդ կերպ նրան տալիս եք սպանություններ կատարելու լիազորություն»,-հռետորական հարց է ուղղել ընդդիմադիր պատգամավորը:

 

ՇՓՈԹԵԼ Է
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը իտալական ստորաբաժանումների կազմում Լիբանան հայ խաղաղապահներ ուղարկելու տեխնիկական համաձայնագրի քննարկման ժամանակ խաղաղապահ առաքելությունը շփոթել է զորավարժությունների հետ` ՀՀ ՊՆ տեղակալ Արա Նազարյանին ուղղելով հետեւյալ հարցը. «Պարոն Նազարյան, ես ցանկանում էի իմանալ՝ այդ զորավարժություններին այլ երկրներ մասնակցո՞ւմ են: Ինձ մասնավորապես հետաքրքրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությունը»: Ի պատասխան ՊՆ տեղակալը պատգամավորին բացատրել է, որ դա ոչ թե զորավարժություն է, այլ՝ խաղաղապահ առաքելություն:

 

ՉԻ ՀԵՏԱՁԳՎԻ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԵՄ-ի ու Ուկրաինայի միջեւ ստորագրված Ասոցացման համաձայնագիրն ամբողջովին ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից: Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԵՄ-ը, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի գործարկումը հետաձգել մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը: «Որեւէ հետաձգում չի լինելու: Բանակցությունների ժամանակ մենք իրավունք ենք ստացել պաշտպանելու մեր շուկաները»,- հայտարարել է Պորոշենկոն:

 

ՀԵՌՈՒ ՉԷ ԱՅԴ ՕՐԸ
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պաշտպանություն մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության հանրահավաքը վարում է մի մարդ, ով ոչ վաղ անցյալում գազային ատրճանակից կրակում էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի վրա: Բա որ ասում էի՝ հեռու չէ այն օրը, երբ Ռ. Քոչարյանը դատապարտելու է Մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներին…»:

 

ԱՌԱՆՑ ՄԱՐՔՍԻՍՏԻ
Երեկ հնկարծամահ է եղել Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:

 

ՄՏԱՀՈԳՎԵԼ ԵՆ
Դատարանի որոշմամբ՝ տնային կալանքի տակ գտնվող «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովին տալիս են միանգամյա թույլտվություններ, որպեսզի նա կարողանա գնալ աշխատանքի: Եվտուշենկովը հուսով է, որ կմեղմացնեն իր տնային կալանքի պայմանները: Ի դեպ, ըստ ռուսական մամուլի, «Սիստեմա»-ի սեփականատիրոջ հետ կատարվողը լրջորեն մտահոգել է մնացած ռուս օլիգարխներին:

 




Լրահոս