ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում
Երեկ ԱԺ ոչ իշխանական ուժերը ժամը 18.00-ին արտահերթ նիստ էին հրավիրել քննարկելու «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Սակայն ՀՀԿ-ականները տապալեցին այն՝ չմասնակցելով նիստին: Ահա այսպիսի իրավիճակ էր խորհրդարանի դահլիճում:
ՀԱՐՑ. Վերջերս շատ է խոսվում աուտիզմ հիվանդության մասին: Կցանկանայի տեղեկանալ, կառավարությունը ինչպիսի՞ ծրագրեր է մշակում աուտիզմով հիվանդ երեխաներին աջակցելու կապակցությամբ:
Հասմիկ Հայրապետյան (38 տարեկան, կենսաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. 2012թ. մարտի 29-ի ՀՀ կառավարության N488-ն որոշմամբ ստեղծվել է «Աուտիզմ ազգային հիմնադրամ», որի գործունեության նպատակն է ցուցաբերել աջակցություն աուտիզմ եւ զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց բուժման, վերականգնման, կրթության եւ զբաղվածության, սոցիալական ադապտացիայի համար: Հիմնադրամի հիմնադիրն է ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ կառավարության: Աուտիզմով հիվանդ երեխաների բուժումը պետպատվերի շրջանակներում իրականացվում է բազմամասնագիտական թիմի կողմից «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» առողջության կենտրոնում՝ իր 7 մարզային մասնաճյուղերով, «Հանրապետական», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոններում, Երեւանի Մալաթիա- Սեբաստիա համայնքի թիվ 9 պոլիկլինիկայի եւ Կապանի բժշկական կենտրոնի «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոններ»-ում: Շարունակաբար կազմակերպվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի Ապարանի առողջարարական ճամբարում աուտիզմով երեխաների հանգստի կազմակերպումը իրենց մայրերի հետ՝ տարեկան 16 երեխա:
ՀՀ առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում այս հիվանդությամբ տառապող երեխաների թիվն անցնում է հազարից: Չնայած այն բանին, որ հիվանդ երեխաների բուժումն ու վերականգնումն Հայաստանում իրականացվում է պետպատվերի շրջանակներում, սակայն հիվանդ երեխաների ծնողները նշում են, որ ամեն տարի իրենց ընտանեկան բյուջեի մի զգալի մասը տրամադրում են բուժման համար, քանի որ տարիներով պետպատվերի սպասելու դեպքում՝ կտուժի երեխայի առողջությունը:
ՀԱՐՑ. Եթե աշխատողը գրանցված է 1/2 կամ 1/4 դրույքաչափով, ապա այս դեպքում նրա աշխատավարձը պետք է լինի 50.000 դրա՞մ (հարկերը հանած. համաձայն նվազագույն աշխատավարձի մասին օրենքի), թե՞ կարող է համապատասխանորեն նվազեցվել՝ օր.՝ 25.000դր.:
Արամ Պետրոսյան (42 տարեկան, սոցիոլոգ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նվազագույն ամսական աշխատավարձը ՀՀ-ում սահմանված է 50 000 ՀՀ դրամ, իսկ աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ) գործավարձով եւ ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը` 300 ՀՀ դրամ:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 179-րդ հոդվածի 1-ին մասի` աշխատավարձի ամսական եւ ժամավճարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով, իսկ համաձայն նույն հոդվածի 3-րդ մասի` աշխատողի ժամավճարի չափը եւ աշխատավարձը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված չափերից: Օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզվում է՝ հիմա էլ գործատուներն են ցանկանում տնօրինել՝ առանց այն էլ խղճուկ վիճակում գտնվող աշխատավարձի տրամադրման կարգը: Ավելացնենք նաեւ, որ նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարում է գործատուն: Ի դեպ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ՝ հունվարի 1-ից աշխատավարձը ավելացել է 5000 դրամով, այսինքն` կազմում է 55.000 դրամ: Իհարկե 5.000 դրամը հեղաշրջում է անելու մարդկանց ընտանեկան բյուջեներում ու նրանք, չիմանալով՝ ինչպես տնօրինել իրենց գումարները, անցնելու են խնայողությունների: