Արդեն մի քանի օր է, ինչ Նոյեմբերյան-Երեւան երթուղին ոչ լիարժեք է գործում: Ներկայում առավոտյան ժամը 9-ին Նոյեմբերյանից Երեւան է մեկնում 7 տեղանոց «Վենտո» մակնիշի մեքենա, որը ժամը 15-ին Երեւանից վերադառնում է Նոյեմբերյան: Մինչդեռ նախկինում այդ գիծը սպասարկում էին 18 տեղանոց «Մերսեդես» եւ «Ֆորդ» մակնիշի 4 ավտոմեքենաներ, որոնք Նոյեմբերյանից մեկնում էին առավոտյան ժամը 8-ին եւ 9-ին, Երեւանից վերադառնում էին ժամը 14.30-ին եւ 16-ին:
Սակայն ուղեւորների հոսքի նվազման պատճառով առավոտյան ժամը 8-ի ուղերթը հանվեց, եւ կեսօրից հետո Երեւանից միայն մեկ միկրոավտոբուս էր մեկնում Նոյեմբերյան` ժամը 15-ին: Իսկ ուղեւորների թիվը շարունակում էր նվազել: Օրեր էին լինում, երբ ուղեւորների բացակայության կամ ընդամեն 1-2 հոգի լինելու պատճառով ուղերթ չէր կատարվում: Վարորդները շարունակ դժգոհում էին, որ իրենք «գիծը» շահած կազմակերպությանն օրական «պլան» են մուծում եւ այդ պատճառով պարտքեր կուտակում: Նշենք, որ միկրոավտոբուսային երթուղին սպասարկում էր «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն:
Այդ ընկերության սեփականատերը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է, իսկ տնօրենը՝ Կարեն Աբազյանը: Սակայն մարզպետը գերադասում է անձամբ չզբաղվել գծի հարցերով: Նոյեմբերյանի ավտոկայարանից տեղեկացանք, որ վերջերս կայացել է Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղերթի մրցույթ, որին հայտ է ներկայացրել միայն «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն: Սակայն այդ ընկերության ներկայացրած առաջարկը չի բավարարել մրցույթի պահանջներին: Կարելի է կարծել, որ մարզպետ Հովիկ Աբովյանը չի ցանկացել մրցույթում շահել, այլապես ներկայացված փաթեթում առկա թերությունները կարող էին արագ շտկվել: Հիմա Նոյեմբերյան-Երեւան երթուղին անլեգալ վիճակում է:
Սպասվում է, որ առաջիկայում կապի եւ տրանսպորտի նախարարությունը նոր մրցույթ կանցկացնի:
Սակայն այստեղ հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ է առանց ուղեւորների մնացել հիշյալ միկրոավտոբուսային երթուղին: Պատճառը տաքսիների մրցակցությունն է: Ընդ որում՝ անհավասար մրցակցությունը: Արտագաղթի հետեւանքով ուղեւորների քանակը Հայաստանում, այդ թվում՝ Նոյեմբերյանում, նվազել է: Տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիստները Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկ անձի փոխադրումը կատարում են 3 հազար դրամով, միկրոավտոբուսը՝ 2000 դրամով:
Տաքսիները ուղեւորին վերցնում են նրա ցանկացած վայրից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ, ինչը ուղեւորին ձեռնտու է: Միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը կարող էր տաքսիների մցակցությանը դիմանալ, եթե շատ տաքսիստներ գործեին օրինական դաշտում, հարկեր վճարեին: Հիմա ով աշխատանք չունի, տաքսի է քշում: Հարկային մարմիններն էլ, վախենալով մարդկանց դժգոհություններից, սոցիալական «բունտից», խուսափում են նրանց հարկային դաշտ բերել: Այդ պատճառով է, որ Նոյեմբերյան-Երեւան ուղեգծում «բարդակ» վիճակ է:
Ոսկան Սարգսյան