Մայիսի 9 Հաղթանակի եվ խաղաղության օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 9-ին նշում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, Շուշիի ազատագրումը եւ ԼՂՀ-ի Պաշտպանության բանակի օրը։ ՀՄՊ-ի հաղթանակի 67-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձն է։ Աննախադեպ ռազմական շքերթ տեղի կունենա այսօր ԼՂՀ-ի մայրաքաղաք  Ստեփանակերտում։  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եւս գտնվում է Լեռնային Ղարաբաղում՝ տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Երեւանում տոնը կնշեն Հաղթանակի զբոսայգի այցելելով եւ Անհայտ զինվորի արձանի հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելով։ Հավերժական կրակի մոտ հավաքվածները մեկ րոպե լռությամբ կհարգեն Հայրենական մեծ եւ Արցախի ազատագրական պատերազմների զոհվածների հիշատակը։ Միջոցառումներին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի, Երեւանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները, երկու պատերազմների վետերանները։ Տեղի կունենա նաեւ  ռազմական փոքր շքերթ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ճակատներում կռվել են Հայաստանի  ավելի քան 600 հազար բնակիչներ։ Հայ ազգը Հայրենիքին  տվել է 4 մարշալներ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խանֆերյանց), Աղանով, եւ ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակովը։ Պատերազմում ցուցաբերած քաջության եւ սխրանքի համար  ավելի քան 70 հազար հայ  մարտիկներ պարգեւատրվել են մարտական շքանշաններով եւ մեդալներով։  ՀՄՊ-ում տոկոսային հարաբերությամբ հայերն զբաղեցնում են 4-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից եւ հրեաներից  հետո։ 27 շարքային զինվորներ դարձել են Փառքի շքանշանակիրներ։ 104 մարդ արժանացել են  Խորհրդային Միության հերոսի կոչման։ Այդ շարքում չեն Ռուբեն Եսայանը եւ Սուրեն Թաշչյանը, որոնք հետմահու ստացել են Ռուսաստանի հերոսի կոչում դեռեւս Ելցինի նախագահության օրոք։ Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման է արժանացել լեգենդար օդաչու, Բալթյան երկնքի հերոս Նելսոն Ստեփանյանը (ծովային 6 օդաչուներից, որոնք կրկնակի բարձրագույն պարգեւի են արժանացել, նա միակ հայն է)։ 20 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 9-ին, ազատագրվել է հայկական Շուշի քաղաքը։ Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքում Շուշին վերածվել էր ադրբեջանական ռազմական հենակետի։ Շուշիի ազատագրման գործողությունն սկսվել է 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը։ Հարձակումն իրականացվել է մի քանի ուղղությամբ։ Այն տեւել է շուրջ 26 ժամ։ Արդեն մայիսի 9-ի առավոտյան 04։00-ին հակառակորդը լքել է Շուշին։ Հայկական կողմը կորցրել է 58 մարտիկ, ադրբեջանականը՝ 200։




Լրահոս