Ինչ ենք շահելու ԵՏՄ-ին անդամակցելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մինսկում՝ Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում, պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ բոլոր երկրների խորհրդարանները հավանություն կտան պայմանագրին:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը մայիսին ստորագրել էին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները, եւ այն պետք է ուժի մեջ մտնի 2015թ. հունվարից: Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ դառնում է Միության լիիրավ անդամ: Սպասվում է, որ առաջիկայում ԵՏՄ-ին կմիանա նաեւ Ղրղզստանը:

Երեկվա նիստում Ռուսաստանի նախագահը նշել է, որ կարեւոր է չդանդաղեցնել աշխատանքների տեմպը. մինչեւ տարվա վերջ անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միության գործունեության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի վերաբերյալ մոտ 50 փաստաթուղթ հաստատել:

Իսկ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը շատ լավ գիտակցում է իր ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը՝ առաջինը միանալով Եվրասիական տնտեսական միության պայմանագրին.

«Վերջին տասնամյակում արդեն բարի ավանդույթ է դարձել Բելառուսում մեր երկրների համար կարեւոր որոշումների կայացումը: Մինսկի ներկայիս գագաթնաժողովը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, բացառություն չդարձավ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Լուկաշենկոյին՝ այսօրվա գագաթնաժողովների աշխատանքները հիանալի կազմակերպելու եւ հյուրընկալության համար: Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար եւ առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը:

Բանակցությունների փուլը հեշտ չէր, բայց շնորհիվ քաղաքական կամքի, պրոֆեսիոնալ մոտեցման եւ լավագույն որոշումներ փնտրելու պատրաստակամության, մեզ հաջողվեց այն անցնել բավականին կարճ ժամանակահատվածում եւ հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի շահերը: Ես շնորհակալ եմ այդ գործընթացի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ պետությունների ղեկավարներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին, հանձնաժողովի կոլեգիային, բոլոր պաշտոնյաներին եւ փորձագետներին՝ այսքան կարճ ժամանակահատվածում կատարված այս ահռելի աշխատանքի համար»,-հայտարարել է Ս. Սարգսյանը:

Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին:

-Պարո՛ն Թորոսյան, երեկ ի վերջո Հայաստանը ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Սակայն մինչ օրս ՀՀ քաղաքացիների համար անհասկալի է, թե ինչ ենք շահելու ԵՏՄ-ին անդամակցելով` հաշվի առնելով ընդհանուր սահմանների բացակայությունն ու հատկապես Ռուսաստանի տնտեսության ներկայիս վիճակը:

-ԵՏՄ-ին անդամակցելով, կարծում եմ, որ մենք տնտեսական առաջընթաց ունենալու ենք, որովհետեւ մեկ ընդհանուր մաքսային գոտի մտնելով՝ ՀՀ-ում արտադրված ապրանքներն առանց մաքսի, կամ հստակ սահմանված որոշակի ցածր մաքսադրույքներով կարող ենք արտահանել ՄՄ տարածք: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ապրանքներն իրացնելու այլընտրանքային շուկա… տեսանելի ժամկետում մենք չունենք, որովհետեւ այդ այլընտրանքային շուկան կարող էր լինել Եվրամիությունը, որի չափորոշիչները բավականին խիստ են, ու շատ դժվար էր լինելու մրցունակություն ապահովելը: Հետեւաբար ԵՏՄ-ին անդամակցությունը մեծ հնարավորություն է տալու առաջին հերթին զարկ տալու այս ամենին, որի սպառումը տեղ է գտնելու վերոնշյալ շուկայում:

-Բայց շատերը պնդում են, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ կորցնում ենք մեր տնտեսական անկախությունը: Արդյո՞ք դիմացն ավելի շատ ենք շահում:

-Դա սխալ տեսակետ է, որովհետեւ աշխարհում գոյություն ունեցող ցանկացած՝ թե՛ մեծամասշտաբ, թե՛ փոքրամասշտաբ տնտեսական միավորումները, բնականաբար, ընդհանուր պայմաններ են թելադրում: Հետեւաբար, այս կամ այն չափով համաձայնելով այդ պայմանների հետ, որոնք առավելություն են ապահովելու անդամ երկրին, այո՛, դու քո ինքնուրույնությունը կորցնում ես, բայց դա վերաբերում է ամբողջ աշխարհին: Դա միայն Հայաստանում չէ: Կրկնում եմ՝ դա սխալ տեսակետ է ու արդիական չէ:

-Փաստորեն Արցախի եւ ՀՀ-ի միջեւ մաքսակետ է լինելու, մի՞թե այսքան տարիների ընթացքում մենք պայքարել էինք նրա համար, որ Հայաստանի ու Արցախի միջեւ մաքսակետ դրվեր:

-Ո՛չ, մենք պայքարում էինք Արցախի անկախության ճանաչման համար եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման համար, որին անկասկած հասնելու ենք: Իսկ ինչ վերաբերում է մաքսակետին, ապա եկեք ընդունենք, որ այդ մաքսակետն այսօր էլ կա: Եթե դուք գնում եք Արցախ, այնտեղ կա ե՛ւ սահմանային ծառայության կետ, ե՛ւ մաքսակետ: Ֆորմալ առումով՝ այդ մաքսակետը գործում է, ֆորմալ առումով՝ ԼՂՀ-ն Հայաստանի մաս չէ, իսկ ինչ-որ կառույցի անդամակցելով՝ Հայաստանն անդամակցում է առանց Արցախի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս