ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴԱՌԱՋ ԳՆԱՑ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Գյուղ կանգնի, գերան կկոտրի. ժողովրդական այս իմաստությունը մշտապես արդիական է ու անհերքելի: Նախորդ ամսվա վերջից մինչ երեկ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիները միահամուռ կերպով ոտքի կանգնեցին, պահանջեցին փոխել կամ չեղյալ հայտարարել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխված տարբերակը, որն ուժի մեջ էր մտնում այս ամսվա սկզբից՝ պարտադիր դարձնելով յուրաքանչյուր վաճառված ապրանքի համար փաստաթղթաշրջանառությունը: Երեկ ՀՀ Կառավարությունը նահանջեց: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հանդիպելով առեւտրականների հետ, ուշ երեկոյան կայացրեց ահա այսպիսի որոշում. «ա. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի՝ գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը: բ. Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձեւանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման եւ այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ»: Այսպիսով՝ տխրահռչակ օրենքը գոնե մինչեւ մեկ տարի չի գործի:

 

 

 

Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Ստրասբուրգում, ուղղակի խայտառակություն էր, որին պետք է հետեւեր առնվազն մեկ հրաժարականի դիմում: Բայց ոչ, ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ձախողումից հետո դեռ ճամփորդում է ՀՀ պետբյուջեի հաշվին: Նա ոչ միայն չկարողացավ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում կանխել, այլեւ գոնե՝ անվանափոխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձեւի ընդունումը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը, դադարեցրել հայերեն թարգմանությունն ու հայկական պատվիարակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից: Բայց այս խայտառակությունից հետո Հ. Նաղդալյանը երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին էր ուղեկցում Վրաստանում: Սա նշանակում է, որ միջազգային փաստաթղթերում առաջին անգամ Արցախը որպես «օկուպացված տարածք» ներկայացնելը ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի համար սովորական բան է:

 

 

 

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում 30 հազարից ավել մասնակիցներ լինեն, Ծառուկյանը կընդունի առաջին նախագահի առաջարկը եւ կոշտ պահանջներով հարթակ կբարձրանա: Ու երբ Ծառուկյանը կոնկրետ հայտարարություն անի, արդեն դժվար կլինի հետ կանգնելը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից. «Նախ հանրահավաքը հրավիրվում է ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ԺԿ-ի եւ ՀԱԿ-ի, ինչպես նաեւ՝ բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից: Երկրորդ՝ հանրահավաքը այսպես, թե այնպես լինելու է բազմամարդ: Եվ երրորդ՝ օրակարգ ձեւավորողը հենց հանրահավաքի մասնակից քաղաքացին է լինելու»,- ասաց նա: Հավելենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ արդեն իշխանափոխության պահանջ է բարձրացրել Վանաձորում:

 

 
Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Նրան փոխարինեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն): «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բախչագուլյանի պաշտոնանկությունը երկու պատճառ ունի. նախ՝ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վատ աշխատելու համար Բախչագուլյանին երկու անգամ բանավոր նկատողություն էր արել, քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ վարչապետի մոտ մշտապես դժգոհել է նրա վատ աշխատաոճից: Սակայն գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը հերքեց այս տեղեկությունը: Եվ երկրորդ՝ պատճառն այն է, որ ՍԱՊԾ նախկին պետը բոլոր տնտեսվարողներին պարտադրել է դե ֆակտո իրեն պատկանող «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում փորձաքննություն անցկացնել: Եղել են դեպքեր, երբ այս լաբորատորիայով փորձաքննություն անցած արտադրանքն արտահանվել է ՌԴ, որտեղ խնդիրներ են առաջացել: Նկատենք, որ ե՛ւ Բախչագուլյանը, ե՛ւ Հայրապետյանը ոլորտի մասնագետներ չեն:

 

 

 

«ԲԱՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ»

Այս օրերին Սյունիքի մարզի տարբեր գյուղապետերի, դպրոցի տնօրենների եւ այլ մանկլավիկների միջոցով փորձ է արվում հանրությանը համոզել, թե Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը սյունեցիները ոչ միայն դեմ չեն, այլեւ նրան համարում են անփոխարինելի մարզպետ: Բնականաբար` նման հայտարարությունների հեղինակներն այդ ամենն ասում են «ոչ լավ կյանքից»` հոգու խորքում հստակ գիտակցելով, որ այդպիսով արժանանում են իրենց շրջապատի քամահրանքին, որն, ի դեպ,նույնպես պահվում է վերջիններիս հոգու խորքում: Սակայն այդ համատարած մեղավորության, անհարմարության զգացումը, որքան էլ որ պնդեն հակառակը, դժվար է անտեսել եւ շրջանցել:
Եվ դա գիտակցում են բոլորը, այդ թվում եւ ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, որը կարծես թե որոշել է իր գործունեությամբ ցույց տալ, որ իրականում ինքն իրոք վատ մարզպետ չէ եւ մտածում է սյունեցիների մասին` այդպիսով նաեւ «թեւ տալով» այս օրերին իրեն գովաբանողներին: Երեկ, օրինակ, նա հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ անցկացրած խորհրդակցության արդյունքում հասել է այն բանին, որ հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխվել է` դառնալով 600 գրամ հացի դիմաց` 240 դրամ: Ասել է թե` «անփոխարինելի» մարզպետի ջանքերով այսօրվանից սյունեցիները նույն գումարով ավելի շատ հաց կգնեն:
Իհարկե, ամենեւին չցանկանալով անգամ Լիսկայի նման մեկի դրական քայլերը քննադատել, նշենք, որ մենք միայն ուրախ կլինենք, որ հաջորդիվ` Սուրեն Խաչատրյանը ջանքեր գործադրի նաեւ այլ հարցերում մարզի բնակիչների սոցիալական վիճակը թեթեւացնելու ուղղությամբ: Ի վերջո, արդեն իսկ դրական է այն, որ նա գիտակցում է, որ Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի «սիրտը շահելուց» առավել կարեւոր է սեփական ժողովրդի ատելությունը գոնե փոքր-ինչ մեղմելը: Այլ հարց է, թե դա որքան կտեւի, եւ արդյո՞ք փոքր-ինչ ռեաբիլիտացվելուց հետո Սուրեն Խաչատրյանն իրեն է՛լ ավելի ամենաթող չի զգա:
Ընդ որում, նկատենք, որ արդեն իսկ հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, ժողովրդի համար դրական լինելով հանդերձ, որոշակիորեն վկայում է այն մասին, որ Ս. Խաչատրյանը «հորդորել է» գործարարներին` գնալ գնի իջեցման` իրեն լավ հայտնի ճանապարհներով:
Մյուս կողմից էլ դեռ հարց է` արդյո՞ք «բարի մարզպետի» այս քայլը պայմանավորված է զուտ սեփական անձի նկատմամբ սյունեցիների վերաբերմունքը դույզն-ինչ փոխելու ցանկությամբ, թե՞ առաջիկա համապետական ընտրություններում` սահմանադրական հնարավոր հանրաքվեի եւ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ ցանկալի քվեները հնարավորինս մեղմ եւ քիչ կեղծիքներով ստանալու նպատակով: Ի վերջո, չմոռանանք, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն կրեց Կապանում, ուստի ակնհայտ է, որ Սյունիքում հիմա հարկ է գործի դնել ոչ միայն ճիպոտը, այլեւ կարկանդակը:

 




Լրահոս