ԼՅՈՒՄՊԵՆԸ ԴԱՐՁԱՎ ՈՐՈՇՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններն անցան աղաղակող խախտումներով: Ամենեւին չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ այս ընտրություններն իրենց որակով ամենախայտառակն էին նորանկախ Հայաստանի 20-ամյա պատմության մեջ: Արդեն ակնհայտ է՝ Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն ավելի վատն է նախորդից: Սա այն դեպքում, երբ իշխանություններն ամենատարբեր ատյաններում խոստանում էին անցկացնել ամենաազատ ու արդար ընտրությունները:
Ամեն ինչ սկսվեց վաղ առավոտից՝ քվեարկությունների առաջին րոպեներից, երբ պարզվեց, որ անձնագրերում դրոշմակնիքի թանաքն օքսիդանում է րոպեների, լավագույն դեպքում՝ 2-3 ժամվա ընթացքում՝ օրենքով նախատեսված 12 ժամի փոխարեն: Արդյունքում էլ հնարավոր եղավ կրկնակի քվեարկություններ կազմակերպել՝ մահացածների, բացակա անձանց, գոյություն չունեցող հասցեներում գրանցված կեղծ ընտրողների փոխարեն: Ինչպես պարզվեց օրվա ընթացքում, իշխանություններն իրենց թիմակիցներին հրահանգել էին քվեարկության գնալ վաղ առավոտյան: Ասել է թե՝ հստակ իմանալով՝ թանաքը շուտ է անհետանում, այդպես կարողացան կազմակերպել կրկնակի քվեարկություն: Այս համատեքստում պատահական չէ, որ ընդդիմությունն ընտրացուցակների հրապարակման առաջին իսկ օրից ահազանգեց մոտ 700 հազար գոյություն չունեցող ընտրողի մասին: Մեծ թիվ էին կազմում նաեւ ընտրողների ցուցակում գրանցված ջավախահայերը, որոնք, լինելով Վրաստանի քաղաքացի, ունեն նաեւ ՀՀ քաղաքացիության անձնագիր: Մայիսի 4-ից արդեն ականատեսներն ահազանգում էին՝ Ջավախքից վրացական պետհամարանիշի ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով մեծ թվով մարդիկ են տեղափոխում Հայաստան՝ քվեարկելու համար: Հենց այս ընտրացուցակներն են եղել իշխանությունների ընտրակեղծիքների հիմնական միջոցը: Առաջիկայում դեռ լուրջ վերլուծություններ կլինեն ընտրությունների մասնակիցների թվի եւ քաղաքական ուժերի ստացած ձայների հարաբերակցության մասին, եւ արդյունքում պատկերն ավելի պարզ կդառնա:
Մինչ այդ նշենք, որ ողջ օրվա ընթացքում բոլոր ընտրատարածքներից անխտիր ահազանգեր էին ստացվում մեկ այլ խախտման՝ զանգվածաբար ընտրակաշառքներ բաժանելու մասին: Բաժանված գումարների ծավալներն այս անգամ գերազանցեցին մարդկային երեւակայության բոլոր սահմանները: Ընդ որում, ընտրակաշառք տալիս էին կոալիցիոն երեք ուժերը հավասարապես: Իսկ թաղային տարբեր հեղինակություններն ու տարբեր պաշտոնյաներ կազմակերպում էին ոչ միայն ընտրակաշառքը տեղ հասցնելու, այլեւ ընտրողներին տեղամաս բերելու, այնտեղ մարդկանց վերահսկելու գործառույթը:  Ահազանգեր եղան նաեւ «կարուսելի», բաց քվեարկության ու նմանատիպ այլ ընտրախախտումների մասին (մայիսի 6-ի ընտրախախտումների ողջ խճանկարը՝ 6-րդ էջում):

ԺԱՆՏԱԽՏԻ ՕՐՈՔ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՔԵՖ Է
Մայիսի 6-ին տեղի ունեցածը, ըստ էության, կարելի է ողբերգություն համարել: Կատարված ընտրակեղծիքները պարզապես աննախադեպ էին իրենց ծավալներով: Այդ օրը կատարվածից հետո տպավորություն է, որ ՀՀ քաղաքացին, քաղաքացիական մտածելակերպ ունեցող մարդիկ պարզապես հատուկենտ են դարձել: Հայաստանում իշխանություն ձեւավորողը վաղուց ի վեր դարձել է լյումպենը, մարդիկ, որոնք ոչ թե անհաղորդ են պետության, երկրի ճակատագրի հանդեպ, այլ ավելին, 5, 10, 20 հազար դրամով պատրաստ են վաճառել իրենց ձայնը, իրենց ապագան՝ առանց վայրկյան անգամ մտածելու հետեւանքների մասին: Ու ոչինչ, որ մեկ օր անց նրանք նորից կհայտնվեն թշվառության ճիրաններում, կսկսեն բողոքել ամենքից ու ամեն ինչից, կբողոքեն իշխանություններից, աղքատությունից, գնաճից ու շատ բաներից՝ մոռանալով, որ մայիսի 6-ին մի քանի հազար դրամով իրենք վաճառեցին ապագան:

ԵՎ ԻՋԱՎ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ…
Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն առայժմ չեն շտապում մեկնաբանել արդյունքները. ակնհայտ է, որ բացի ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից՝ մյուս բոլոր ուժերը, առանց բացառության, դժգոհ են կատարվածից: Առայժմ, սակայն, ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ ԲՀԿ-ն ընտրությունների արդյունքների մասին պաշտոնական տեսակետ չեն հայտնել՝ խոստանալով դա անել այսօր: Մինչ այդ, սակայն, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է: Սա նշանակում է, որ ԱԺ-ում ունենալով 70 պատգամավոր՝ նա կարող է կառավարել՝ առանց կոալիցիա կազմելու: Իսկ եթե որեւէ ուժի թույլ տա օգտվել իշխանական կերակրատաշտից, սա կլինի բարի կամքի դրսեւորում՝ մի քանի ամսով նետված «թուլափայ»: Ընդ որում, մյուս ուժերին իշխանությունը մոտ կթողնի Ս. Սարգսյանին սատարելու խոստման դիմաց՝ մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը, որից հետո, «հաճախորդացնելով» նրանց՝ հանգիստ կչեզոքացնի: Այնպես որ, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը որեւէ քայլ անելուց առաջ պարզապես պետք է մտածեն՝ հայտնի առակի հերոսների նման աչքի առաջ ունենալով ՕԵԿ-ի օրինակը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս