Այս ընտրություններն ինչո՞վ տարբերվեցին նախորդից: Ընտրություներից հետո թերեւս յուրաքանչյուրն այս հարցն է տալիս եւ արձանագրում, որ հերթական անգամ գործընթացը ոչնչով աչքի չընկավ՝ լավ իմաստով: Ինչպես կասեր ՀՀ առաջին նախագահը՝ «տեղի են ունեցել նորմալ, խայտառակ ընտրություններ»:
Ամփոփ ներկայացնենք Գյումրիում կատարվածը: Վաղ առավոտից քաղաքի տարբեր ընտրատեղամասերից ահազանգեր էին ստացվում, որ վստահված անձանց ահաբեկում են, ընտրատեղամասերում կուտակումներ են, կնիքներն օքսիդանում են, հանձնաժողովականներն ու վստահված անձինք աշխատում են, մեղմ ասած, անհաշտ մթնոլորտում, «Սլաբոդկա» կոչվող թաղի «հեղինակությունները» մարդկանց ահաբեկում են, իսկ նույն թաղի «կարկառուն» ներկայացուցիչ Սպարտակ Ղուկասյանը` քաղաքապետի որդին, որոշել է, թե որ ընտրատեղամասում ով ինչ չպիտի անի, եւ այս համատեքստում կասեցրել «Կենտրոն» ՀԸ օպերատորի աշխատանքը: Մի խոսքով՝ ամենաթողություն ամենուր:
Ի գիտություն ոստիկանապետ Վովա Գասպարյանի, որը բազմիցս հայտարարել էր, թե ընտրությունների օրը իրենք քննություն են հանձնելու, հարկ է նշել, որ, օրինակ, Գյումրիում իրավապահները դարձյալ մասնագիտական անձեռնահասություն դրսեւորեցին. երբ տեղամասերում վերոհիշյալ քրեական տարրերը անում էին այն, ինչ կամենում էին, լուռ էին ինչպես հանձնաժողովականները, այնպես էլ գլխիկոր տարբեր անկյուններում պատսպարված ոստիկանները: Oրվա ընթացքում ընտրախախտումների մասին բարձրաձայնեցին ինչպես «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ ՀԱԿ դաշինքը: Չնայած այս ամենին՝ երեկոյան ՇՄ դատախազությունից հայտնեցին, որ ընտրական օրվա ընթացքում ոչ մի քաղաքացի Շիրակի մարզի դատախազությանը գրավոր եւ բանավոր հայտարարություն չի տրամադրել, իսկ դատախազությունը սեփական նախաձեռնությամբ մի քանի նյութեր նախապատրաստել է՝ կապված Գյումրու թիվ 6 դպրոցում օպերատորի աշխատանքը խոչընդոտելու հետ: «Բացի այդ՝ նախապատրաստվում են նաեւ նման բնույթի երկու նյութեր՝ մեկը՝ թիվ 1 դպրոցում, մյուսը՝ թիվ 5 դպրոցում՝ դարձյալ տեսախցիկների վերաբերյալ»,-տեղեկացրեց ՇՄ դատախազ Դավիթ Սարգսյանը: Հիշեցնենք, որ թիվ 5 դպրոցում եւս մի խումբ երիտասարդներ օպերատորի ձեռքից վերցրել էին տեսախցիկը՝ արգելելով նկարահանումներ իրականացնել:
Դատախազի փոխանցմամբ՝ նյութեր են նախապատրաստվում նաեւ համացանցում հայտնված այն տեսագրության կապակցությամբ, որտեղ պարզ երեւում է, որ երթուղային տաքսուց մարդկանց ընտրակաշառք են բաժանում:
Ի հակադրություն վերը թվարկածի` մարզի ընտրատարածքների անդամները փորձում են վստահեցնել, որ ընտրություններն անցել են առանց միջադեպերի, իսկ ընտրողների կողմից ցուցաբերվել է մեծ ակտիվություն` նախորդ ընտրությունների համեմատ: Ակտիվությունն իսկապես բարձր է: Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝ Շիրակի մարզում քվեարկել է ընտրողների 57.39%: Ինչպես արդեն անդրադարձել էինք, մարզում ամենաթեժ «կետերը» թիվ 36 եւ 34 ընտրատարածքներն էին: Երկուսում էլ ողջ ինտրիգը կապված էր ՀՀԿ եւ ԲՀԿ թենածուների հետ: Առաջինում ՀՀԿ ներկայացուցիչ Մխիթար Վարագյանի եւ ԲՀԿ անդամ Մուշեղ Պետոյանի միջեւ էր լարված մրցապայքար, մյուսում` ՀՀԿ շարքերը վերջերս համալրած գործարար Արման Սահակյանի եւ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի: Մյուս երկուսում` 33-ում եւ 35-ում, կանխատեսելի ընտրություններ էին սպասվում: 33-ում բուն պայքարը ՀՀԿ ներկայացուցիչ Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի եւ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի միջեւ էր, իսկ 35-ում իրավիճակի «մենաշնորհատերը» Սամվել Բալասանյանն էր: Ստացվեց այնպես, որ 3 ընտրատեղամասերում էլ հաղթանակ տարան ԲՀԿ ներկայացուցիչները` Ս. Բալասանյանը, Մուշեղ Պետոյանը եւ Մ. Գրիգորյանը: Ի դեպ, վերջինիս հաղթանակի մասին լուրը գյումրեցիներին «ավետեցին» հրավառությամբ, որը տեղի ունեցավ արդեն մայիսի 7-ի առավոտյան՝ ժ. 4-5-ի սահմաններում: Փորձեցինք պարզել, թե արդյոք Մ. Գրիգորյանին շնորհավորել է նրա մրցակիցը` Արման Սահակյանը: ԲՀԿ ներկայացուցիչ Աղաս Աբրահամյանը փոխանցեց, որ իրենք առայժմ շնորհավորանք չեն ստացել:
Հ.Գ. Երեկ՝ երեկոյան, Արման Սահակյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում շնորհավորել է Մարտուն Գրիգորյանին` կատարելով հետեւյալ գրառումը. «Շնորհավորում եմ Մարտուն Գրիգորյանին մեծամասնական ընտրակարգով թիվ 34 ընտրատարածքում հաղթելու կապակցությամբ: Ես հարգում եմ գյումրեցիների կատարած ընտրությունը, շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց ձայնն ինձ են տվել, իսկ նորընտիր պատգամավորին մաղթում եմ հաջողություն»:
Գյումրի