ԼՂՀ վարչապետը հորդորում է սկանդալ չփնտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացառեց Արցախի եւ Հայաստանի սահմանի վրա մաքսակետի տեղադրման հնարավորությունը: Վարչապետը նշեց, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անցամակցելու արդյունքում որոշ ապրանքատեսակների թանկացումներ են սպասվում նաեւ Արցախում, ինչին դիմագրավելու ուղղությամբ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը:

Պարո՛ն Հարությունյան, Ձեր գնահատմամբ` Հայաստանին ի՞նչ կտա ԵՏՄ-ին անդամակցությունը: Այս ամիսների ընթացքում անընդհատ խոսվում էր տարբեր ակնկալիքների մասին, սակայն կոնկրետ հստակ օգուտների մասին առայժմ որեւէ բան չի ներկայացվել:

-Կարծում եմ՝ այդ հարցին ավելի ձեռնահաս մարդիկ պետք է պատասխանեն, ովքեր անմիջականորեն ուսումնասիրել են հնարավորություններն ու ռիսկերը:

Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, կարելի է ենթադրել, որ մի շարք առանցքային ապրանքատեսակների գների նվազում կարձանագրվի, իհարկե, որոշների գների բարձրացմանը զուգահեռ: Բացի դա, ԵՏՄ մեծ շուկան ավելի արտոնյալ պայմաններով կընդունի արտահանվող հայկական ապրանքները, ինչը, բնականաբար, խթան կհանդիսանա տեղական արտադրության համար:

-Չնայած այն բանին, որ անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները ամենատարբեր մակարդակներով հավաստիացրել են, որ ԵՏՄ-ին անդամակցության դեպքում ՀՀ-ի եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ չի տեղադրվելու, օրերս հրապարակված պայմանագրի տեքստից պարզ դարձավ, որ նման մաքսակետի տեղադրումն, այնուամենայնիվ, պայմանագիրը ստորագրած երկրի ստանձնած պարտադիր պարտավորություն է: Ինչպե՞ս է ԼՂՀ կառավարությունն ընդունում այս իրողությունը, եւ ի՞նչ եք պատրաստվում անել: Ի վերջո, դնելո՞ւ եք մաքսակետ, թե՞ ոչ:

-Ցույց տվե՛ք ինձ պայմանագրի այն կետը, որն ասում է, որ ԼՂՀ սահմանին մաքսակետ է դրվելու: Ինչպես բազմիցս հայտարարել եմ, այժմ եւս պնդում եմ, որ մաքսակետի գործունեությունը բացառվում է եւ անհնար է:

-Դուք պնդում եք, որ մաքսակետ չի լինելու, բայց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ հայտարարել է, թե այդ մաքսակետը լինելու է, բայց ձեւական: Իսկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ նախօրեին շեշտեց, որ պայմանագրում ամրագրված դրույթը, թե «պետությունների մաքսային տարածքը, դա իրենց տարածքն է» միանգամայն տրամաբանական է, ասել է թե` նույնքան տրամաբանական է, որքան այս դեպքում ծագում է ՀՀ տարածք չհամարվող ԼՂՀ-ի հետ մաքսակետի տեղադրման հարցը: Այդ դեպքում Դուք ինչո՞ւ եք բացառում մաքսակետի առկայությունը:

-Այո՛, ՀՀ-ն իր տարածքով է անդամակցել, եւ ոչ ոք չի կարող մատնացույց անել որեւէ միջազգային կառույց, որին ՀՀ-ն միացել է ԼՂՀ-ի հետ միասին: Դա տրամաբանական քաղաքական գործընթաց է, որում սկանդալ փնտրելու կարիք չկա:

-Իսկ Ձեր կարծիքով՝ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությունը ինչպե՞ս է անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության վրա: Արդեն հայտնի է, որ Հայաստանում 7000 անուն ապրանքներ թանկանալու են:

-Որչափ դա ազդի ՀՀ տնտեսության վրա, նույնչափ կազդի նաեւ ԼՂՀ-ի վրա՝ ներառյալ գների աճն ու նվազումը: Ընդհանուր առմամբ, պատրաստ ենք այդ փոփոխություններին եւ առավելագույնն ենք անելու՝ տնտեսության զարգացման ճանապարհին ստեղծվող նոր հնարավորություններից օգտվելու համար:

-Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել էր Արցախ, որտեղ հանդիպումներ ունեցավ ԼՂՀ իշխանությունների հետ: Ո՞րն էր այդ հանդիպումների օրակարգը: Նշենք, որ դրանից օրեր հետո ԲՀԿ առաջնորդը ՀՀ-ում մեծ հանրահավաք էր հրավիրել: Արդյո՞ք այդ հանգամանքը որեւէ կերպ քննարկվել է ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումներում:

-Գագիկ Ծառուկյանն այցելել էր Արցախ տնտեսական ծրագրերով: Այցի շրջանակներում համաձայնություններ են ձեռք բերվել բարեգործական ու ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Հիշեցնեմ, որ սփյուռքի եւ ՀՀ բազմաթիվ գործարարներ հաճախ են գալիս Արցախ եւ մասնակցություն ունենում նրա զարգացման ընթացքին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից: Այդ տեսանկյունից ողջունելի է բոլորի հատուկ վերաբերմունքն Արցախի հանդեպ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս