«ԳՆԱՑԵԼ ԵՄ ՍՐՏԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 9-ին, լրանում է Շուշիի  ազատագրման 20 տարին: Մենք հպարտ ենք ու շնորհակալ մեր ազգի այն բոլոր քաջարի զավակներից, որոնք, իրենց կյանքը վտանգելով, պայքարեցին մեր հայրենիքի այդ չքնաղ հատվածը մեզ վերադարձնելու համար: Երգիչ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆՆ այն եզակի արվեստագետներից է, որը չի սիրում շահարկել փաստը, որ իրենց ջոկատով առաջին գծում կռվել է հանուն հայրենիքի: «Ամեն մեկն էլ մի բան արել է»,-համեստորեն ասում է երգիչը:
-Կոնկրետ Շուշիի ազատագրմանը չեմ մասնակցել, մեր ջոկատն այդ ժամանակ Գորիսի ճանապարհին ուրիշ օպերացիա էր իրագործում: Այն լավ ավարտվեց, ուրախացանք, հետո հրամանատարը եկավ ու մեզ շնորհավորեց, մենք էլ մտածեցինք, թե մեր փոքր հաղթանակի համար է մեզ շնորհավորում, բայց նա շտապեց հայտնել, որ Շուշին են ազատագրել: Այդպես է իմ մեջ տպավորվել Շուշիի հաղթանակը:
-Ի՞նչ զգացիք այդ լուրը լսելու պահին:
-Շատ ուրախ էինք, բայց նաեւ մի քիչ հուսահատ, որ մենք այդ պահին էնտեղ չէինք ու չմասնակցեցինք այդ ամբողջ ընթացքին: Մեզ ասել էին, որ մենք էլ ենք մասնակցելու Շուշիի ազատագրման օպերացիային, բայց չտարան: Գիտեք, ես առանց երկար մտածելու եմ գնացել կռվի: 1988 թվականին, երբ շարժումը սկսվեց, ես երեխա էի: Մինչեւ կռվի սկսվելը, մենք ընկերներով իրար գտել էինք ու մի բանով պետք է զբաղվեինք, դե որոշեցինք ավելի լուրջ գործով զբաղվել: Միասին որոշեցինք ու գնացինք: Ու քանի որ բոլորս երիտասարդ էինք, մեզ անվանեցին Ճտերի ջոկատ: Ամենամեծը 17 տարեկան էր, ամենափոքրը` 15: Ես էլ այդ ժամանակ 16 տարեկան էի: Առաջին ազատագրական կռիվը, որին մասնակցել է մեր ջոկատը, Խոջալուի ազատագրումն էր:
-Երիտասարդ տարիքում մարդիկ սովորաբար արկածախնդիր են լինում, երկար չեն մտածում, չեն կշռադատում նախքան որեւէ բան անելը: Ա՛յ հիմա, երբ հետ եք նայում, Ձեզ հարց չե՞ք տալիս՝ ինչպես գնացիք:
-Չէ՛, հարց չեմ տալիս: Եթե հիմա էլ լինի, միգուցե էլի չմտածեմ: Դա բացատրելու բան չէ, գնացել եմ սրտի զգացողությամբ, ընկերներիս կողքին լինելու ցանկությամբ: Ընկերս մի օր ասաց՝ ժողովուրդն էնտեղ ծանր վիճակի մեջ է, իսկ մենք այստեղ՝ երանության:
-Ի՞նչն էր երանություն:
-Որ ընկերների հետ էինք ու մեր կարծիքով՝ վայելում էինք կյանքը: Մեզ կարեւոր էր, որ այդ պահին այդ օրը իրար հետ էինք: Այնքան լավ բաներ կային` հոգի, ջիգյար, այդ ամենը հիշողություն է դարձել: Հիմա արդեն միայն հումորային բաներն ենք հիշում: Եթե այսօր էլ մենք հավաքվում ենք, փորձում ենք միայն ծիծաղելի բաները հիշել: Վայելում էինք անհոգ պատանեկությունը: Մենք երեխա էինք, բայց մեզ այլ կերպ էինք զգում: Չնայած նորմալ տղամարդը պետք է միշտ երեխա մնա: Դրա վառ օրինակներից Վազգեն Սարգսյանն էր, մինչեւ վերջ էլ 10 տարեկան երեխա մնաց, որովհետեւ էրեխու նման ջղայնանում էր, հուզվում, էրեխու նման խռովում…
-Ինքներդ երկու որդի ունեք, ինչպե՞ս եք նրանց դաստիարակում, ասո՞ւմ եք` պետք է հայրենիքը սիրեք:
-Ընդհանրապես դաստիարակության հետ գործ չունեմ, դաստիարակողը մայրն է: Ես փորձել եմ այնպիսի ընտրություն անել, որ կինս դաստիարակի: Իսկ ասել տղաներիս՝ սիրե՛ք ձեր հայրենիքը, հայրենասիրական քարոզչություն եմ համարում, ինչը չեմ անի: Ցանկացած քարոզ համարում եմ աղանդ` կուսակցական լինի, կրոնական, թե…
Որդիներիս օրինակ կարող եմ լինել: Իսկ օրինակը իմ շփման ձեւն է, ընկերներս են: Տղաներիս կյանքում չեմ ասի՝ այս կամ այն տեսակ ընկերներ ունեցեք, առանց դրա էլ նրանք տեսնում են՝ ովքեր են իմ ընկերները: Մեկ-մեկ, երբ տղաներով հավաքվում ենք, լսում են մեզ, մեր պատմությունները, բայց հատուկ չեմ նստում ու սկսում տղաներիս բաներ պատմել:
-Վերջին անգամ ե՞րբ եք եղել Շուշիում:
-Վերջին անգամ մի ամիս առաջ եմ եղել, էնտեղ եմ լինելու նաեւ մայիսի 9-ին, մասնակցելու եմ Շուշիում կայանալիք միջոցառմանը: Երեւի թե ներկա կլինենք շքերթին, քանի որ իմ ամենասիրած բաներից է: Իմ հիշողություններն ու զգացողությունները՝ Շուշիի հետ կապված, միայն տարածքը չէ, այլեւ մարդկային գործոնը: Նժդեհը մի լավ խոսք ունի. «Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, հայրենիքը` նրա մշակույթն ու ժողովուրդը»:
Մի բան էլ ավելացնեմ: Պարտադիր չէ, որ 20-ամյակի օրը հիշենք, որ այդ տարածքը մերն է եւ ուրախանանք, իհարկե, հաճելի է այդ օրն իրար շնորհավորել, երեկոյան էլ խմում ենք ու նշում, բայց պետք  չի միայն մայիսի 9-ին հիշենք, որ Շուշին մերն է:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս