Հայաստանում մամուլի ազատությունն ու ֆինանսական խնդիրները. tert.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այսօր նշվում է Հայկական մամուլի օրը: Tert.am-ի հետ զրույցում «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, խոսելով մամուլի խնդիրների մասին, նշեց, որ Հայաստանում այսօր մամուլն ունի ավելի մեծ խնդիրներ, քան երբևէ ունեցել է:

«Բոլոր ոլորտներից հոսքը դեպի համացանց և թվային «աշխարհ», բազում դժվարություններ է ստեղծել նաև մամուլի համար: Թերթն այլևս չի դիտարկվում որպես ինֆորմացիա ստանալու հիմնական աղբյուր, այնտեղ ընթերցողների նոսրացած բանակը փնտրում է առավել լուրջ բացահայտումներ, նկատառումներ և վերլուծություններ: Ու քանի որ թերթերի տպաքանակները, ցավոք, այլևս չեն աճում, ուստի կարելի է պատկերացնել, որ մամուլն առաջին հերթին ֆինանսական դժվարություններ ունի: Այս դաշտում այլևս զարգացում չկա»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Նա «Ժողովուրդ» օրաթերթի օրինակով նշեց, որ էլեկտրոնային մամուլի հետ մրցակցության խնդիր չկա, ավելի շատ համագործակցության կա: «Մենք աշխատում ենք երկու «ճակատով» և՛ առցանց, և՛ տպագիր: Ուստի առցանց տիրույթում մրցակցում ենք կայքերի հետ (7 ամսվա ընթացքում արդեն ունենք լուրջ ցուցանիշներ), իսկ տպագիր տարբերակով՝ թերթերի (այստեղ ևս առաջատար դիրքերում ենք): Առաջիկայում կան նաև հետաքրքիր այլ նախագծեր: Պետք է ասեմ, որ առցանց լրատվամիջոցները իսկապես մեծ ապագա ունեն և՛ որպես պրոֆեսիոնալ գործիքներ, և՛ բիզնեսի աղբյուր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե հաշվի առնելով ֆինանսական խնդիրները, որքանով է հաջողվում խուսափել պատվեր իրականացնելու գայթակղությունից, Թագուհի Թովմասյանը նշեց. «Գայթակղություններին տրվելը մարդկային տեսակ է: Ես և իմ կողմից ղեկավարվող լրատվամիջոցի աշխատակիցները գայթակղվող տեսակից չենք: Ինքնաբավությունն ամենակարևոր հատկանիշն է մեզ համար»:

Անդրադառնալով մամուլի խոսքի ազատությանը` նա նշեց. «Ես խոսքի ազատությունը միշտ նույնացնում եմ մարդու ազատ տեսակի հետ: Եթե լրագրողը կամ խմբագիրն իր տեսակով ազատ, անկաշկանդ ու անկաշառ չէ, որքան էլ նրան փորձեն ազատությունների լայն շրջանակ տալ, ինքն իր համար կաղապարներ կգծի: Այնպես որ ազատ խոսքի իրավունքը պետք է իրացնել ամբողջ ծավալով՝ քո պատկերացումներին համահունչ, բայց միաժամանակ չմոռանալով պատասխանատվության մասին: Մենք մեր աշխատանքը կատարում ենք ամենամեծ պատասխանատվությամբ»:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ այսօր յուրաքանչյուր 3-րդ քաղաքացի իրեն կարող է լրագրող համարել, քանի որ համացանցը հնարավորություն տալիս է ինքնադրսևորվելու: «Բացի այդ, սնկի պես աճում ու փուչիկների պես պայթում են էլեկտրոնային կայքեր: Բայց չպետք է մոռանալ, որ գրված յուրաքանչյուր բառի համար պատասխան տալն առավել կարևոր է: Իսկ բամբասանքը, կարծում եմ, միշտ եղել է, կա ու թերևս կլինի: Մնում է ընթերցողն ինքը իր համար «մաղի» լրատվամիջոցներին և որոշի, թե որտեղից է նախընտրում տեղեկություն ստանալ»,- ասաց նա:

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ևս մամուլի համար առաջնային խնդիրը համարում է ֆինանսականը, որը շատ բարդ լուծելի է: «Հայաստանի նման անկում ապրող տնտեսություն ունեցող երկրում, երբ գովազդային դաշտը չի ձևավորվում, բիզնեսը չի կայանում և արտագաղթը մեծ է, մենք ունենում ենք թերթ գնող ընթերցողի և գովազդատուի պակաս, որոնք անմիջականորեն անդրադառնում են մեր ֆինանսական վիճակի, անկախության, հետագա զարգացման վրա»,- ասաց նա:

Երկրորդ խնդիրը Արմինե Օհանյանը համարում է մամուլի նկատմամբ պետական պաշտոնյայի, քաղաքական էլիտայի բացասական վերաբերմունքը, որոնք խնդիր են դրել՝ ոչ թե օգնել, նպաստել մամուլի կայացմանը, այլ ամեն կերպ խոչընդոտել, ճնշումներ գործադրել, որպեսզի փակվի մամուլը…

«Երրորդ խնդիրը կադրային ռեսուրսի պակասն է, ես երկար տարիներ եմ աշխատում մամուլի դաշտում և արձանագրում եմ, որ նոր, վառ, հետաքրքիր անուններ, նոր մտքի թռիչք ունեցող լրագրողներ, կարծեք թե չկան, ինչը շատ վատ է: Դա նշանակում է, որ բուհերը լրագրողական լավ արտադրանք չեն տալիս, իսկ լրագրողական միջավայրում ինքնակրթություն չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե հաշվի առնելով ֆինանսական խնդիրները, որքանով է հաջողվում խուսափել պատվեր իրականացնելու գայթակղությունից, Արմինե Օհանյանը նախ ասաց, որ չի ընդունում այդ «պատվեր» ասվածը, ապա հավելեց. «Ինչ է նշանակում պատվեր, ի վերջո պատվերն իրականացնում է ընթերցողը: Այդ բառը վատ իմաստով օգտագործում են չինովնիկները, տարբեր կուսակցական շրջանակներ, որոնք վառված են, դժգոհ են մամուլի աշխատանքից, որովհետև մենք իրենց այնքան շատ ենք քննադատում, որ իրենց միայն պաշտպանվելու ձևը մնացել է այդ «պատվեր» բառի շահարկումը»:

Գլխավոր խմբագիրը փոխարենն ընդունում է, որ ֆինանսական դժվարություններ կան մամուլում և հնարավոր է, ինչ-որ շրջանակներից մամուլը ստանա ինչ-որ գումարներ, որոնք ազնիվ, արդար չեն և չեն ծառայում ոչ օբյեկտիվ մամուլին:

«Այդ երևույթը կա և դա գաղտնիք չէ: Ես այդ երևույթը համարում եմ այսպես, որ երբ պետությունը, հասարակությունը չի նպաստում մամուլի կայացմանը, երբ լրագրողի աշխատավարձը 2014 թվականին ամենացածր աշխատավարձն է հասարակության մեջ, անհնարին է, որ այդ նեգատիվ երևույթները չհայտնվեն մամուլում: Սակայն մենք դա չենք անում մեր խղճի, ազատության, օբյեկտիվության հաշվին, մենք փորձում ենք այդ հարցերը լուծել այն ճանապարհով, որ լրատվամիջոցը չընկնի կանխման մեջ, չհայտնվի անհեթեթ վիճակում, ազնիվ լինի իր ընթերցողի նկատմամբ:

«Հրապարակ» թերթն ամեն ինչ անում է, որ թերթում չհայտնվեն կեղծ, սուտ տեղեկություններ, ինչ-որ մարդկանց շահերին ծառայող հոդվածներ»,- ասաց նա:

Արմինե Օհանյանը նշեց, որ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, մի կերպ աշխատավարձ են տալիս, և մի կերպ փակում են տպագրական ծախսերը:

Ինչ վերաբերում է ընթերցողների պահանջարկին, ապա խմբագիրն ասաց, որ եթե թերթը վաճառվում է, ուրեմն ընթերցողի ցանկությունները կարողացել են հասկանալ. «Հայաստանում չկա սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու, հասարակական կարծիքը լրջորեն ուսումնասիրելու ինստիտուտ»:

Նա նշեց, որ էլեկտրոնային մամուլի պատճառով տպագիր թերթի վաճառքի թիվը իհարկե նվազել է և գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում կա թերթերի նկատմամբ պահանջի նվազման միտում:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս