«Հայաստանում ռոք միշտ են սիրել». (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին տարիներին բավականին տարածում ստացած ռոք երաժշտության առաջամարտիկներից է «Դորիանս» խումբը:

Գոռ Սուջյանը 2008թ-ից «Դորիանս» խմբի մեներգիչն է, որի կազմում համերգային ծրագրերով ելույթ է ունեցել աշխարհահռչակ երաժիշտների եւ երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ համերգային նախագծերի Հայաստանում եւ արտասահմանյան մի շարք երկրներում: 2013 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրեց հենց Գոռ Սուջյանը:

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչի հետ հայաստանյան ռոքի առանձնահատկությունների, այս երաժշտական ոճը նախընտրողների եւ դրա տարածվածության մասին:

1425784_719334148094981_1173793735_n
-Գո՛ռ, Հայաստանում ռոք երաժշտությունը գնալով ավելի մեծ տարածում է ստանում: Ըստ Ձեզ` ինչով է դա պայմանավորված: Ռոքը ժամանակի պահա՞նջ է, ռոք երաժշտություն լսելն ինչ-որ առումով նորաձե՞ւ է, թե՞ պարզապես նախընտրելի երաժշտական ոճ:

-Ռոքը երաժշտական ոճ է, որն ունկնդիրը կարող է կա՛մ նախընտրել, կա՛մ էլ` ոչ: Ռոք երգելու համար ձեւականություններ պետք չեն, պարզապես հարկավոր է երգել քո նախընտրած ոճի երգ: Միայն այդքանը: Պետք է հոգուցդ բխի: Նորաձեւությունն ու ռոքը տարբեր բաներ են: Նորաձեւ կարող են լինել փոփ երաժշտությունը, երաժշտական այլ ոճեր, բայց ոչ երբեք՝ ռոքը: Ռոքը վաղուց կա, եւ երաժշտական այս ոճը պետք չէ համեմատել նորաձեւության հետ: Իսկ այն հանգամանքը, որ ռոքը նոր է սկսել ավելի տարածվել, այլ բան է: Չնայած պետք է նշեմ, որ մեր հասարակությունը դեռեւս 60-ականներից սկսած է լսում ռոք երաժշտություն: Եղել են բազմաթիվ հայտնի խմբեր, որոնց կատարումները սիրել ու սիրում են մեր երաժշտասերները:

1391503_446595822126696_221693942_n
-Հայկական ռոքի հայտնի ներկայացուցիչներից եք: Ձեր գնահատմամբ` հայկական ռոքը ո՞վ է լայն հասարակությանն ավելի հասանելի եւ սիրելի դարձնում:

– Հայ հասարակությունը միշտ է լսել ռոք երաժշտություն, սակայն վերջին շրջանում ավելի է տարածում ստացել ռոքը. ռոք խմբերը շատացել են, հասարակությունն էլ ավելի պահանջկոտ է դարձել, եւ նախընտրություններն էլ են փոխվել: Կան բազմաթիվ ռոք խմբեր եւ կատարողներ, որոնց մասին կարող եմ նշել: «Բամբիռ» խումբն օրինակ: Իրականում չեմ ցանկանում անվանական խոսել այդ կատարողների մասին, բայց նշեմ, որ բավականին շատ են որակյալ ռոք երաժշտություն տարածողները: Միայն պետք է հատուկ տեղում նշեմ հայտնի «System of a Down» խմբին: Այս խումբը հայի ու հայկականության մասին ռոք երաժշտության օգնությամբ խոսում է աշխարհի ամենատարբեր ծայրերում:

1010527_523876471012290_1388230170_n
-Ցանկացած երաժշտական ոճ ունի իր նրբությունները, կատարողական առանձնահատկությունները: Ինչպես կատարումն է ենթադրում գրագիտություն, այնպես էլ ընկալումը պետք է համարժեք լինի: Մեր ռոքասերները «գրագե՞տ» են:

-Եթե ռոք է լսում ունկնդիրը, նշանակում է՝ հասկանում է: Հենց այնպես հնարավոր չէ ռոք լսել: Իրականում լավ է, որ երաժշտական զանազանություն կա: Այդ համատեքստում մարդիկ կարող են ավելի շատ կողմնորոշվել եւ ընտրել իրենց նախասիրած երաժշտական ոճը: Ռոքի դեպքում ոչ միայն նախընտրությունից է կախված, այլեւ՝ ընկալողականությունից:

10711060_662540077187373_4489965903720446961_n

-Զանազանությունը երբեմն հանգեցնում է անճաշակության տարածման…

-Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ինչ լսի: Եթե այդպիսի երգեր լսում են, նշանակում է՝ պահանջը կա: Պետք չէ որակումներ ու պիտակներ տալ երաժշտական ոճերին: Ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի հաստատուն տեղ ու դեր կունենա: Անշուշտ, շատ ավելի լավ կլինի, որ որակյալ երաժշտությունը գերակշռի, բայց ոճային զանազանություն էլ է պետք: Հասարակությունն ինքը պետք է որոշի, թե ինչ ոճի երաժշտություն է լսում: Ընտրությունը մեծ է, թող յուրաքանչյուր ունկնդիր ինքնուրույն որոշի նախընտրությունները, իսկ որակյալ երաժշտությունը միշտ էլ կայուն լսարան ունի:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս