ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՒՑԵ ԱՍԵ՞Ք՝ ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅԴ ԽՈՇՈՐՆԵՐԸ

«Կառավարությունը խնդիր չի դրել, որ փոքր եւ միջին բիզնեսը ճնշի, այլ հակառակը՝ այս փաթեթով մենք մտածել ենք ամեն ինչ անել, աջակցել, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսը կայանա մեր երկրում: Ուղղակի մենք չենք հանդուրժելու, որ իրենք հարթակ դառնան, որպեսզի նպաստեն խոշորներին՝ հարկերը թաքցնել պետական բյուջեից»,- հայտարարել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած կառավարության նիստում: Հայաստանում դժվար թե գտնվի մի պաշտոնյա, որը խոշորների դեմ պայքարելու մասին չի խոսել: Ուստի լավ կլինի, որ գոնե այս վարչապետը կոնկրետ անուններով ասի, թե ովքեր են այդ անորսալի խոշորները, որովհետեւ Հայաստանում բոլորը գիտեն, որ ամենախոշորները նախագահականում, կառավարությունում եւ խորհրդարանում են, եւ պաշտոնապես նրանք գործարարներ չեն, այլ՝ նախագահ, վարչապետ, նախարար եւ պատգամավոր: Իսկ գուցե Հովիկ Աբրահամյանը ա՞յլ անուններ գիտի, կամ ԱՄՆ կատարած այցի ժամանակ նրան այլ խոշորների անուննե՞ր են հայտնել: Ամեն դեպքում լավ կլիներ, որ Աբրահամյանը կիսվեր հասարակության հետ այդ կարեւոր ինֆորմացիայով:

 

 
Դեռեւս հոկտեմբերի 9-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, հայտարարել էր, թե «Իմ մտքում կա չորսից հինգ թեկնածու նախագահի համար, ովքեր լավ թեկնածուներ են, որոնք կկարողանան կարգավորել երկիրը: Եթե հանրությունը նրանցից մեկի թեկնածությունն առաջարկի, ես պատրաստ եմ նրա կողքը կանգնել»: «Ժողովուրդ»-ը փորձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի միջոցով պարզել՝ արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահ առաջադրվելուց հետո Գ. Ծառուկյանն իր թեկնածությունը կառաջադրի, թե՝ ոչ: Փորձեցինք պարզել նաեւ մնացած 4-5 թեկնածուների անունները, որոնք Գ. Ծառուկյանի «մտքում են»: Սակայն Տոնոյանը մեկ օր անց, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Հնարավորություն չունեմ ճշտելու, քանի որ պարոն Ծառուկյանը Հայաստանում չէ, կարճ ժամանակով՝ մի քանի օրով, մասնավոր այցով մեկնել է արտերկիր»:

 

 
«Ժողովուրդը» փորձեց Երեւանի քաղաքապետարանից պարզել, թե որքան գումար է ծախսվել այս տարվա Էրեբունի-Երեւան միջոցառումները կազմակերպելու համար, սակայն ապարդյուն: Ավելին՝ հայտնի է նաեւ, որ նման միջոցառումների ժամանակ ծախսի մի մասն իրականացվում է խոշոր ընկերությունների նվիրաբերած գումարներով: Նվիրաբերված գումարների չափը եւս գաղտնի է պահվում` պատճառաբանությամբ, թե իբր բարերարները չեն ցանկանում, որ այդ տվյալը հրապարակվի: Էրեբունի-Երեւանի կազմակերպման համար գումարի անհրաժեշտ մի մասը, որպես կանոն, հատկացվում է քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամից, այս տարվա համապատասխան թիվը եւս անհայտ է: Հիշեցնենք, որ անցած տարվա Էրեբունի-Երեւանից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ 200 միլիոն դրամ է ծախսվել: Ակնհայտ է, որ այս տարի հաստատ շատ ավելի գումար է ծախսվել: Թերեւս դա է պատճառը, որ քաղաքապետարանը չի ցանկանում թիվը հրապարակել:

 

 

 

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ որոշ գործարարներ ցանկանում են ձու ներկրել եւ այդ նպատակով պատրաստվում են դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ համապատասխան փաստաթղթային ձեւակերպումներն իրականացնելու համար: Այս լուրերը խուճապ են առաջացրել Հայաստանի՝ ձու արտադրող ընկերությունների շրջանում: Բանն այն է, որ ներկրված ձուն բավական էժան է, եւ տեղական արտադրողները չեն դիմանա մրցակցությանը: Ուստի բացառված չէ, որ տեղական արտադրողները 2-3 դրամով նվազեցնեն մատակարարման գները, որպեսզի ինչ-որ կերպ կանխեն հավկիթի ներկրումը: Ի դեպ, որպես կանոն Հայաստան ձու է ներկրվում Ամանորի եւ Զատիկի տոներից առաջ: Հավանաբար, հեշտ գումար աշխատելու ցանկություն ունեցողները հարստանալու նոր ձեւ են գտել:

 

 

 
ԱՆՀԱՄՈԶԻՉ

Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը հայտարարել էր, թե. «Հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու: Այդ հարցն արդեն հանված է»:
Թե ինչ «փոխզիջման» մասին էր խոսում Նազարբաեւը, մինչ օրս պաշտոնապես չի պարզաբանվել ՀՀ իշխանությունների կողմից: Անցած հինգ օրերին իշխանության ներկայացուցիչներից կարծես թե միայն ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն է անդրադարձել մաքսակետի խնդրին` հանդես գալով առկա մտահոգություններն առնվազն չնվազեցնող անորոշ հայտարարություններով: Նա հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում ասել է, թե. «ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել, եւ երկրորդ` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրում դրա մասին որեւէ կետ չկա: Այնտեղ պարզապես նշվում է շատ տրամաբանական մի ձեւակերպում, որ պետությունների մաքսային տարածքը դա իրենց տարածքն է»:
Թե ինչ է գրված պայմանագրում, ԱԳՆ գործադրած ջանքերին հակառակ, ստորագրումից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, սակայն թե ինչպես է տրամաբանական ձեւակերպումներից խոսող ԱԳ փոխնախարարը հավաստիացնում, որ մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, ա՛յ, դա արդեն դժվար է հասկանալ: Հատկապես, եթե հիշում ենք, որ թե՛ անցած դեկտեմբերին ՀՀ անդամակցության «ճանապարհային քարտեզը» «հատուկ կարծիքով», մաքսակետի հետ կապված վերապահմամբ ստորագրելով, թե՛ այս տարվա մայիսին Աստանայում նույն պահանջով Ալիեւի նամակը ընթերցելով՝ Նազարբաեւը, փաստորեն, մաքսակետի հարցը դարձրել էր ՀՀ անդամակցության գլխավոր նախապայմանը` գոնե Ղազախստանի համար: Եվ հիմա պնդել, թե այդ հարցը բանակցությունների առարկա չի եղել, մեղմ ասած` ոչ լուրջ մոտեցում է: Ճիշտ նույնքան, որքան Նազարբաեւի նշած «փոխզիջման» էության մասին հարցին ի պատասխան ԱԳ փոխնախարարի ներկայացրած պարզաբանումը, թե. «Հայաստանը պարզապես վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղը չի հանդիսանում ՀՀ մի մասը, եւ մենք ԼՂՀ հետ հարաբերությունները կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ` չճանաչելով դե յուրե` հորիզոնական ձեւով»:
Դիվանագիտական այդ բառակույտի մեջ հարկ է ուշադրություն դարձնել պայմանագրի` Քոչարյանի նշած տրամաբանական ձեւակերպմանը` «պետությունների մաքսային տարածքը դա իրենց տարածքն է», եւ դա համադրել արդեն Քոչարյանի հաջորդ նախադասությունում ներկայացված` «Ղարաբաղը չի հանդիսանում ՀՀ մի մասը» հայտարարության հետ, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Ցավալիորեն:

 

 




Լրահոս