ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Երեկ հերթական ինքնասպանության փորձ անելու դեպք է գրանցվել մայրաքաղաք Երեւանում: ՀՀ քաղաքացին այս ծայրահեղ քայլին էր ցանկանում դիմել N բանկում ունեցած չմարված վարկի պատճառով: Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու նշված բանկի աշխատակիցները, եւ նրանց հաջողվել է հետ պահել տղամարդուն այդ քայլից:
ՀԱՐՑ. Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հաճախ կարելի է հանդիպել բացօթյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող սննդի: Վերջին ժամանակահատվածում, ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների, շատ են թունավորումները հատկապես, այսպես կոչված, «շաուրմայից»: Կցանկանայի տեղեկանալ՝ ի՞նչ հսկողություն է սահմանված, եւ արագ սննդի վաճառակետերում արդյո՞ք պահպանում են սանիտարահիգիենիկ կանոնները:
Նարինե Մկրտումյան (35 տարեկան, սոցիոլոգ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր հարցման կապակցությամբ տեղեկացնեմ, որ օրեր առաջ ստուգվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային սննդի կետերը, եւ մեկ տասնյակից ավել սննդի օբյեկտների գործունեությունն արձանագրված խախտումների պատճառով դադարեցվել է: Այս պահին ուսումնասիրվում են Արաբկիր վարչական շրջանի սննդի կետերը: Արդյունքները կհրապարակվեն ուսումնասիրությունների ավարտից հետո:
Սննդի անվտանգության պետական տեսչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա այն կարեւորագույն ոլորտներից մեկն է, որը կարիք ունի շարունակական, ամենօրյա զննման եւ լիարժեք վերահսկողության: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչված է ու պարտավոր է վերահսկողություն իրականացնել ոլորտում, ապահովել սննդամթերքի անվտանգությունը, քանի որ հարցը վերաբերում է մեր քաղաքացիների առողջությանը: Հուսանք, որ այս տեսչական ստուգումները կսթափեցնեն տնտեսվարողներին, եւ նրանք կսկսեն ավելի որակյալ սնունդ մատակարարել:
ՀԱՐՑ.Կցանկանայի տեղեկանալ՝ պարտադիր է արդյո՞ք աշխատանքային ստաժը՝ ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար:
Արմինե Նահապետյան (42 տարեկան, սոցիոլոգ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ (ըստ սանդղակի):
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ 2013 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ ՀՀ կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թ. հունվարից մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Ընդ որում, սոցիալական վճարներ կատարելը եւ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը` 65 տարին լրանալու դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերինախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ ՀՀ քաղաքացին պետք է ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ, որպեսզի կարողանա ստանալ աշխատանքային կենսաթոշակ: Ինչ վերաբերում է ծերության կենսաթոշակին, ապա այս դեպքում, եթե մեր քաղաքացին չունի աշխատանքային ստաժ, նրա համար սահմանվում է միայն ծերության կենսաթոշակ, նվազագույնը՝ 34.000 դրամ: Իհարկե 34.000 դրամը բավականին «մեծ» գումար է՝ հոգալու ծերության կարիքները եւ լուծելու սոցիալական խնդիրները: Սա այն կենսաթոշակի չափն է, որի պատճառով օրեցօր մեր երկրում ավելանում է աղքատության թիվը: Պաշտոնական ցուցանիշներով Հայաստանի բնակչությունը շուրջ 3 միլիոն է, որից 1 միլիոնն ապրում է աղքատության մեջ: