Կեղտաջրերի մաքրումը դարձել է հրատապ խնդիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համայնքային կեղտաջրերի մաքրման այլընտրանքային տեխնոլոգիաներ» անվանումն էր կրում հոկտեմբերի 16/17-ին Աղվերանում կայացած Ազգային սեմինարը:

Նրա մասնակիցները՝ «Ջինջ» խորհրդատվական, «Երեւան Ջուր» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունները, ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարությունները, Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ն, մի շարք այլ կազմակերպությունների ու մասնագետներ քննարկում էին  հանրապետությունում կեղտաջրերի մաքրման ոլորտում ստեղծված ոչ գոհացուցիչ իրավիճակը, ներկայացնում առկա թերություններն ու դրանց պատճառները:

Իսկ դա ոչ միայն կարեւոր է, այլեւ հրատապ: Գյուղական բնակավայրերում մեծամասամբ շարունակում են կեղտաջրերը կուտակել պարզունակ ու ջրաթափանց հորերում: Շատ քաղաքներում վթարային վիճակում են գտնվում կոյուղաջրերի մաքրման կայանները, կամ դրանք բացակայում են իսպառ: Դժվարությամբ են իրենց համար ճանապարհ հարթում կեղտաջրերի մաքրման այլընտրանքային տեխնոլոգիաները: Արտադրական ձեռնարկությունների զգալի մասը չունի պահանջվող կեղտաջրերի նախնական մաքրման կայաններ: Այս ամենի պատճառով բնակիչների համար առաջանում են լուրջ բնապահպանական, առողջապահական եւ սոցիալական խնդիրներ:

Սեմինարի մասնակիցների կարծիքով ոչ բավարար ուշադրությունը կեղտաջրերի մաքրմանը նաեւ արգելակում է մասնավորապես, զբոսաշրջիկության ու հյուրանոցային բիզնեսի զարգացումը Հայաստանում: Անգամ մեր հարեւան Վրաստանում օրեսդրության մակարդակով ճամփեզրերին ու գետափերին գործող հանրային սննդի օբյեկտներից պահանջվում է կառուցել տիպային զուգարաններ, մինչդեռ մեզանում անգամ շատ հյուրանոցներ ու ռեստարանային համալիրներ չունեն կոյուղաջրերի մաքրման անգամ պարզունակ կայաններ:

Իսկ որ ամենացավալին է՝ հասարակական գիտակցության մեջ կեղտաջրերի մաքրումը իր ակնհայտ հրատապությամբ հանդերձ շարունակում է երկրորդային համարվել, պահանջվող ծախսերն էլ՝ շռայլություն: Այս ամենին այլոց թվում նպաստում է նաեւ օրենսդրության անկատարությունը, պետական կառավարման մարմինների կողմից անբավարար վերահսկողությունը, մաքրման կայանների կառուցումը խրախուսող մեխանիզմների, այդ թվում հարկային ու ֆինանսական, բացակայությունը:

Կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ սեմինարի մասնակիցների կողմից ներկայացվեցին ինչպես իրավական ու տնտեսական բնույթի, այնպես էլ կառավարման կատարելագործմանն ուղված մի շարք առաջարկություններ: Որպես դրական օրինակ նշվեց «Հայջրմուղկուղի» ՓԲԸ եւ «Երեւան Ջուր» ՓԲԸ կողմից իրականացվող աշխատանքն ու ծրագրերը: Մասնավորապես, «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանը տեղեկացրեց, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ մայրաքաղաքի կեղտաջրերի «Աէրացիա» մաքրման կայանի վերակառուցման նպատակով, որի շնորհիվ Հրազդան ուղղվող ջրերը կենթարկվեն մանրակրկիտ մեխանիկական մաքրման: Վերջում, սեմինարի մասնակիցներն այցելեցին Փարաքար գյուղի մաքրման կայան, որի կառուցմամբ զգալիորեն լուծվել են բնապահպանական խնդիրները համայնքում:

Հանրային կապերի ծառայություն,

«Երեւան Ջուր» ՓԲԸ




Լրահոս