Հալեպահայ դիզայներ Գեւորգ Շադոյանն իր հեղինակած երեկոյան, հարսանյաց զգեստներով ու հին հայկական տարազի տարրերի զուգակցմամբ հագուստներով բազմիցս ներկայացել է արտերկրի ամենատարբեր ցուցադրություններում, կատարել մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի իշխանուհու ամուսնական օժիտի պատվերը: Նա 2002-ից ցուցադրություններ է կազմակերպում նաեւ հայրենիքում, համագործակցում հայ աստղերի հետ: Դիզայները, սակայն, ցավով նշում է, որ Երեւանն այսօր նորաձեւության քաղաք չէ:
-Այժմ ի՞նչ նոր հավաքածուի վրա եք աշխատում եւ առաջիկայում ի՞նչ ցուցադրություն ունեք:
-Հիմա պատրաստում եմ աշնանային նոր հավաքածու, որում ընդգրկված կլինեն երեկոյան եւ հարսանեկան զգեստներ, դրանք մեծ մասամբ ձեռքի աշխատանքներ են: Նոյեմբերին Բելառուսում կմասնակցեմ նորաձեւության շաբաթին, այնտեղ կունենամ ցուցադրություն:
-Հայաստանում նորաձեւության արդյունաբերությունը զարգացնելու համար ի՞նչ ուղիներ եք տեսնում:
-Մեր երկրում նորաձեւության շուկան փակ է, ոլորտի արդյունաբերությունը, մասնավորապես՝ կտորի շուկան, զարգացած չէ: Նախկինում այստեղ տեքստիլ արդյունաբերությունը մեծ տեղ է ունեցել, գործարաններ են եղել: Հիմա կտորի տեսականին ապահովելու համար երբեմն այն գնում են Դուբայից, Իրանից, Թուրքիայից կամ Եվրոպայից: Իսկ Հայաստանում կտորի ընդամենը մի քանի ուժեղ խանութ կա, այնինչ, դրանց թիվը պետք է շատ լինի, որպեսզի բազմազանություն տիրի:
-Իսկ նորաձեւության բիզնեսում առաջընթաց գրանցելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
-Հայաստանում միջին խավի մարդիկ քիչ են: Այդ նրանք պետք է նորաձեւության բիզնեսն առաջ տանեն: Այլ երկրներում այդ մարդիկ այնքան մեծ թիվ են կազմում, որ կարողանում են նպաստել բիզնեսի հաջողվելուն: Իսկ միջինից ցածր խավը, բնականաբար, չի կարող դիզայներին վճարել:
-«Շադոյան» բրենդի ամենաէժան զգեստի միջին գինը որքա՞ն է:
Կարող ենք հարմարվել հաճախորդի հետ: Օրինակ՝ այն դեպքում, երբ կտորը շատ թանկ չէ, զգեստի միջին գինը տատանվում է 180-200 հազար դրամի սահմաններում:
-Բայց դա մեր միջին խավի ներկայացուցչի երկու կամ, լավագույն դեպքում, մեկ ամսվա աշխատավարձն է կազմում…
-Եթե միջին խավը նորմալ աշխատավարձ ստանա, կկարողանա իր մտքի թռիչքին հետեւել, իր ցանկությունները բավարարել: Ամեն դեպքում, պետք է նկատել, որ համեմատած նախորդ տարիների հետ, պատկերն այժմ մի փոքր փոխվել է, եւ մեր հաճախորդների թվում կան մարդիկ, ովքեր առանձնապես մեծահարուստ չեն:
-Իսկ ինչպե՞ս են մեր երկրում «գոյատեւում» հայ դիզայներները. հովանավորների միջոցո՞վ:
-Այս դժվար պայմաններում որոշ դիզայներներ գործում են իրենց տքնաջան աշխատանքի, ոմանք՝ հովանավորների շնորհիվ: Որքան էլ մենք պատվերներ ունենանք, հարկ ենք վճարում, մի շարք այլ ծախսեր ենք հոգում, եւ շատ դժվար է դառնում նման պայմաններում գործելը…Ես հովանավոր չունեմ, ապրում եմ գիշեր- ցերեկ աշխատելով, եթե ուրիշ երկրում լինեի, իհարկե, ավելի շատ առաջ կգնայի: Օրինակ՝ մեր հարեւան Իրանում, թեև ժողովուրդը սահմանափակ է իր ազատության, ասենք՝ հագնվելու մեջ, հետաքրքիր է, որ այդ «շորի բիզնես» ասվածն այնտեղ բավական զարգացած է: Այնինչ, ցավոք, չեմ կարող ասել, որ Երեւանն էլ նորաձեւության քաղաք է:
-Բայց վերջերս, կարծես, հաճախ են լինում դիզայներների ամենատարբեր ցուցադրություններ….
-Հայաստանում միայն վերջին երկու տարիների ընթացքում է, որ անհատ դիզայներներն ակտիվացել են, ցուցադրություններ են անում: Հարկավոր է, որ հովանավորները շատանան: Ամեն տարի նույն դիզայներներին ենք տեսնում, իսկ նորեկները չեն կարողանում առաջ գնալ: Հովանավորներն այսօր ավելի շատ ուշադրություն են դարձնում կինոյին, երաժշտությանը, քան մեր ոլորտին, նախընտրում են կառուցել շենքեր ու ռեստորաններ, քան գումարներ ներդնել նորաձեւության ոլորտում:
-Շարունակելո՞ւ եք աշխատել հայրենիքում:
-Այո՛, եւ համոզված եմ, որ իրավիճակը կլավանա: Ինձ միշտ ասում են, որ իմ տաղանդն ափսոս է, եւ այն պետք է օգտագործել արտերկրում: Ես, իհարկե, համաձայն եմ, որ եվրոպական ասպարեզն ավելի մեծ է, բայց ուզում եմ իմ երկրում հաջողության հասնել: Հիշե՛ք Թբիլիսին նախկինում եւ տեսե՛ք այժմ, այն արդեն դարձել է նորաձևության քաղաք: Այդ նույն առաջընթացը մենք պետք է գրանցենք: Իմ մեծ նպատակներից մեկն էլ Հայաստանում նորաձևության դպրոց բացելն է:
Զրուցեց Աննա Բաբաջանյանը
Լուսանկարը՝ Գեւորգ Շադոյանի արխիվից