Օրերս Երեւանի շենքերից մեկի պատին հանդիսավոր պայմաններում փակցվեց հերթական հուշատախտակը. «Այս տանն ապրել է բանաստեղծ Միքայել Հարությունյանը»: «Ո՞վ է Միքայել Հարությունյանը»,-տարակուսանքով իրար էին հարցնում անցորդները, իսկ սոցցանցերի որոշ օգտատերեր նրան շփոթում էին նույնանուն ռազմական գործչի հետ: Վերջապես բանիմաց մեկը հուշեց, որ խոսքը բանաստեղծ Արտեմ Հարությունյանի հոր մասին է. ամեն բան իր տեղն ընկավ, բոլորը խաղաղվեցին:
«Հուշատախտակների տեղադրմանը պետք չէ այդքան ուշադրություն դարձնել, դրանք դրվում են, քանի որ ունենում են իրենց հիշատակը հարգող ժառանգներ: Կոնկրետ Միքայել Հարությունյանի հուշատախտակի տեղադրման գործում, կարծում եմ, որդու՝ Արտեմ Հարությունյանի գործոնը պակաս դեր չի խաղացել: Քաղաքապետարանի որոշումներում չկան հստակ չափորոշիչներ, ուստի չեմ զարմանա, եթե քաղաքում տեսնենք անկապ հուշատախտակներ՝ նվիրված մարդկանց, որոնք ոչ մի բանով հայտնի չեն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ հավելելով, որ Միքայել Հարությունյան անունը գուցե այսօր շատերին ոչինչ չասի, բայց հին սերնդի համար այնքան էլ անհայտ հեղինակ չէ:
Մենք կհետեւեինք գրականագետի խորհրդին, սակայն մեզ հետաքրքրում է ոչ թե բուն հուշատախտակը, այլ այն երեւույթը, որ մեծարվում են մարդիկ, ովքեր առավել քան համեստ ծառայություններ են մատուցել ժողովրդին, սակայն ինչ-ինչ պատճառներով կարողացել են ստվերել արժանավորներին: Ուստի հարց է ծագում՝ արդյո՞ք Երեւանի քաղաքապետարանի կողմից չպետք է սահմանվեն հստակ չափորոշիչներ՝ ում արժանացնել նման պատվի եւ ում՝ ոչ:
«Չափորոշիչներ անպայման պետք են…Բայց ոչ թե մեկի անունը տալն արգելելու, այլ արժանավորներին արժանին մատուցելու համար»,-մեզ հետ զրույցում իր տեսակետը հայտնեց բանաստեղծ Դավիթ Ասատրյանը:
Այն բանում, որ ժամանակը լավագույն դատավորն է, իսկ ժողովուրդն էլ երբեք չի սխալվում, մեկ անգամ չէ, որ համոզվել ենք: Սակայն կարելի է կարծել, որ ով հարգանք է տածում իր ծնողի, պապի կամ նախապապի հանդեպ եւ մի քիչ էլ գումար կամ կապեր ունի, կարող է քաղաքում ի ցույց բոլորի իր հարգանքի տուրքը մատուցել նրան. «Այո՛, իսկապես, ով փող ունի, կարող է նման հուշատախտակ տեղադրել: Չեմ կարծում, թե դրանից ինչ-որ բան է փոխվելու: Իրական ընթերցողն առանց այդ տախտակների էլ գիտի՝ ով ով է»,-իր հերթին նկատեց երիտասարդ գրող Նշան Աբասյանը:
ՀՀ կառավարությունը դեռեւս 1999-ին է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում պետական եւ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» որոշումը, ուշադրություն՝ «նշանավոր գործիչներին»: Թե այդ ինչպես Միքայել Հարությունյանը դասվեց նշանավորների շարքին, փորձեցինք ճշտել Երեւանի քաղաքապետարանից, որտեղից մեզ պատասխանեցին, թե Երեւանի ավագանին այդ հարցում առաջնորդվում է կոնկրետ ընթացակարգերով: Իսկ թե կոնկրետ ի՞նչ ընթացակարգերի մասին է խոսքը, մեր այս հարցումը Երեւանի քաղաքապետարանը թողեց անպատասխան:
Աննա Բաբաջանյան