ՄԻԱՅՆԱԿ՝ ԸՆԴԴԵՄ ՃԱԿԱՏԱԳՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացի ՀՀԿ-ից՝ ԱԺ ընտրությունների արդյունքներից դժգոհ են բոլորը: Սակայն նրանցից միայն Հայ ազգային կոնգրեսն է հայտարարել ԱԺ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու մասին:
Տրամաբանական կլիներ, եթե ՍԴ-ում ընտրությունների արդյունքները բողոքարկեին նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Խոսքն առաջին հերթին այն ուժերի մասին է, որոնք համագործակցում էին ընտրությունների վերահսկման միասնական շտաբի շրջանակներում: Սա, թերեւս, կլիներ լուրջ քաղաքական քայլ, քանի որ ԱԺ ընտրությունների օրինականությունը կասկածի տակ կառնեն ոչ միայն ընդդիմությունը, այլ նաեւ՝ կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն: Ու նրանց համատեղ պայքարի դեպքում արդեն ՍԴ-ից կարելի կլինի ինչ-որ արդյունք ակնկալել: Ընդհուպ մինչեւ՝ հետընտրական լուրջ պրոցեսներ ծավալելը: Նկատենք, որ սա կլիներ ամենաճիշտ քայլը, քանի որ նշված երեք ուժերից ոչ մեկի ստացած ձայները չեն արտացոլում հասարակության մեջ նրանց ունեցած վարկանիշը. ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ ԲՀԿ-ն ե՛ւ ՀՅԴ-ն շատ ավելի ձայն ունեն, քան ԱԺ ընտրությունների պաշտոնական տվյալներն են:
Բայց, դատելով այս օրերին ԲՀԿ պահվածքից, կարելի է եզրակացնել, որ նա դժվար թե դիմի ՍԴ: Այս կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ընտրությունների արդյունքների վերաբերյալ գնահատական կտան միայն կուսակցության քաղխորհրդում քննարկելուց հետո: Բայց թե երբ կլինի ԲՀԿ քաղխորհրդի նիստը, դեռ հայտնի չէ: Ակնհայտ է մի բան. ԲՀԿ-ն դեռեւս չի կողմնորոշվել իր առաջիկա քայլերում. ամեն ինչ կախված է լինելու, թե ինչ առաջարկ կստանան իրենք: Ճիշտ նույն կերպ իր հետագա քայլերում վերջնականապես չի կողմնորոշվել նաեւ ՀՀԿ-ն: Նրանցից յուրաքանչյուրն իր որոշումը կայացնելիս կարծես թե սպասում է դիմացինի պահվածքին: Ասենք, եթե ԲՀԿ-ն սկսի ընդդիմադիր խաղեր տալ, ապա ՀՀԿ-ն կոալիցիայի չի գնա՝ միայնակ ստանձնելով իշխանությունը: ԲՀԿ-ն էլ իր հերթին փորձում է իրադարձություններից առաջ չընկնել ու իր քայլերը պլանավորում է՝ ելնելով ՀՀԿ առաջարկներից: ԲՀԿ-ն նաեւ «թանկացնում» է իրեն՝ նախապես ասելով, որ կոալիցիան իր սրտով չէ՝ ՀՀԿ-ից սպասելով ավելի լավ առաջարկների:
Ինչ  վերաբերում է ՀՅԴ-ին, ապա ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց. «Մեր հայտարարության մեջ ամեն ինչ ասված է»: Նկատենք, որ ՀՅԴ հայտարարության մեջ որեւէ խոսք չկա ո՛չ ՍԴ դիմելու, ո՛չ էլ չդիմելու վերաբերյալ: Սեյրանյանի խոսքերով, եթե ՀՅԴ-ն նման որոշում ընդունի, ապա այդ մասին տեղյակ կպահի: Ինչ վերաբերում է ՀՅԴ հետագա գործողություններին, ապա երեկ՝ ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ անդամների ու վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ, ԳՄ ներկայացուցիչ Արմեն  Ռուստամյանը վստահեցրեց, որ շարունակելու են մնալ ընդդիմություն. «ՀՅԴ ուղեգիծը հաստատակամ մնում է նույնը. այն է՝ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը»: Ըստ Ռուստամյանի՝ ԱԺ ընտրություններից առաջ ՀՅԴ կողմից հրապարակ իջեցված եւ ներկայացված ծրագիրը կարող է դառնալ ընդդիմադիր բոլոր ուժերի համար միասնական ընդդիմադիր պլատֆորմ, որն իրականացնելու դեպքում Հայաստանը կդառնա երկիրը, որը երազում են բոլորը: Այլ կերպ ասած՝ ՀՅԴ-ն չի ցանկանում իշխող կոալիցիայի մաս կազմել:
«Ժառանգություն» կուսակցությունից եւս հետաքրքրվեցինք՝ իրենք դիմելու են ՍԴ, թե ոչ: Նկատենք, որ 2007թ. «Ժառանգություն»-ը չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, բայց եւ չմասնակցեց հոբելյանական նիստին: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ իրենք ուրբաթ օրը կուսակցության խորհրդի նիստ են հրավիրել եւ այդ ժամանակ կորոշեն անելիքները:
Մինչ այդ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի շրջապատն այս օրերին փորձում է մեկ առ մեկ աշխատել նշված կուսակցությունների հետ՝ ընդհանուր եզրեր գտնելու հարցում: Չի բացառվում, որ այս երեք ուժերն իշխանությունների հետ ներքին կարգով լուծեն իրենց խնդիրները, ու Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում կրկին մնա միայնակ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս