«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթի ապրիլի 26-ի թիվ 297 համարում հրապարակված «Պետգույքի կառավարման վարչությունը՝ հաշտարարի դերում» հոդվածին: Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (ՀԿԵ) եւ «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս» (ԵՋՈՒ) ԲԲԸ միջեւ առաջացած տարաձայնությունների համար վերջինս մեղադրում էր ՀԿԵ ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանին: Իսկ պետգույքի կառավարման վարչությունը հանդես էր եկել որպես հաշտարար:
Երբ պատրաստվում էր վերոնշյալ հոդվածը, «Ժողովուրդ»-ը մի քանի անգամ փորձեց խոսել ՀԿԵ ընկերության հետ, լսել նրանց պարզաբանումները եւ համակողմանի ուսումնասիրությամբ հոդված հրապարակել: ՀԿԵ-ն, ի դեմս լրատվության բաժնի պատասխանատու Վահե Դավթյանի, անընդհատ հետաձգում էր «Ժողովուրդ»-ի հետ հանդիպումները, իսկ վերջում ասաց, որ նպատակահարմար է համարում պատասխանել գրությամբ: Ի վերջո, օրերս մեզ ուղարկված պաշտոնական հաղորդագրության մեջ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ներկայացնում է փաստեր, ըստ որի՝ ԵՋՈՒ-ն ոչ միայն չի կատարում պայմանագրային պարտականությունները, այլեւ չափազանցնում է «իրենց ներկայացված հաշիվները»:
«Մինչ 2009թ. «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս»-ը ԲԲԸ-ին ներկայացրել է 100 հազար մա ջրի սպառման ամենամսյա հաշիվներ: 2009թ. այդ թիվը միջինը նվազել է մինչեւ 75 հազար մա, 2010թ.՝ մինչեւ 60 հազար մա, 2011թ.՝ մինչեւ 37 հազար մա ամսական: 2012թ. հունվարին ջրի սպառման ամենամսյա ցուցանիշն իջել է մինչեւ 23 հազար մա, փետրվարին՝ 18 հազար մա, մարտին՝ 13 հազար մա»,-տեղեկացնում է ՀԿԵ-ն իր հաղորդագրության մեջ:
Ելնելով ներկայացվող փաստերից` կարելի է ենթադրել, որ վերջին 3 տարիների ընթացքում ՀԿԵ-ում ջրի սպառումը նվազել է համարյա 6 անգամ: Դա պայմանավորված է նրանով, որ 2009-2011թթ. ընթացքում ԵՋՈՒ-ն ՀԿԵ-ին մատակարարած ջրի հաշվարկը կատարել է ոչ թե ջրաչափերով, այլ խողովակների թողունակության հիման վրա: Այդպիսով, ինչպես փաստվում է գրության մեջ, ԵՋՈՒ ԲԲԸ կողմից ներկայացված հաշիվները զգալիորեն գերազանցում են ջրի իրական սպառման չափը: Բացի այդ՝ երկաթուղու մի շարք օբյեկտներում ջրամատակարարումն իրականացվում է ոչ թե շուրջօրյա, այլ օրական 2-3 ժամ: ՀԿԵ օբյեկտներում 142 ջրաչափերի տեղադրումից հետո ընկերությունն անցել է ջրաչափով ֆիքսված սպառված ջրի համար վճարման:
ՀԿԵ-ն անընդունելի է համարում, որ ԵՋՈՒ-ն ներկայում իրենց ընկերությանը ջուր է մատակարարում 255 դրամ՝ առանց ԱԱՀ սակագնով, այն դեպքում, երբ երեւանյան ջրամատակարարման ամբողջ ցանցում գործում է 181 դրամ՝ ներառյալ ԱԱՀ սակագինը: ՀԿԵ-ն կարծում է, որ ԵՋՈՒ ԲԲԸ մենաշնորհային դիրքը երկաթուղու օբյեկտների ջրամատակարարման ոլորտում կարիք ունի որոշակի վերանայման:
Իսկ ինչ վերաբերում է ՀԿԵ ֆինանսական պարտավորությունները չկատարելուն, վերջինս պարզաբանում է, որ «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս»-ի կողմից վճարման ներկայացրած հաշիվները չեն համապատասխանում մատուցած ծառայությունների ծավալին. դրանց թվերը զգալիորեն ուռճացված են եւ ոչ հավաստի:
ՀԿԵ ղեկավարության մոտ զարմանք է հարուցում ԵՋՈՒ-ի այն դիրքորոշումը, որով վերջինս չի ցանկանում ՀԿԵ ղեկավարության հետ կառուցողական երկխոսություն սկսելու ուղիներ փնտրել եւ առաջացած տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով:
ՀԿԵ ՓԲԸ-ն գրությամբ հայտնում է նաեւ, որ լինելով համազգային տրանսպորտային ընկերություն՝ այն չի տիրապետում անսահմանափակ ռեսուրսների: Ընկերությունն այժմ աշխատում է փոխադրումների ինքնարժեքի նվազման, մատուցվող տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման, ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ՝ առաջնորդվելով ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելու իր նպատակով:
Հ.Գ. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ այս հաղորդագրությունը, կարծում ենք, հասցեագրված է ԵՋՈՒ-ին: Իսկ թերթում բարձրացված երկու հարցերը, մասնավորապես՝ տեղեկացված է արդյոք ՀԿԵ ղեկավարությունը գլխավոր ինժեների գործունեությունից, եւ արդյոք նախատեսվում է կառուցել նոր ջրահամակարգ, այդպես էլ մնացին անպատասխան: Անպատասխան մնաց նաեւ ԵՋՈՒ-ի մի ամբողջ կոլեկտիվի հարցադրումը` ուղղված ՀԿԵ-ի գլխավոր ինժեներին` ոչ միայն մամուլի, այլեւ իր կողմից նշված «կառուցողական երկխոսության» շրջանակներում:
ՀԱՐՑԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ