Հայտնի իրողություն է այն, որ մեր երկիրն իրենց ձեռքը վերցրած մի խումբ մարդիկ այնպիսի քաղաքականություն են վարում, որի հետեւանքով օրեցօր դատարկում են Հայաստանի գյուղերը: Եւ եթե բարձրագույն իշխանիկներն իրենց կամակատար ենթականերով այս տեմպերը շարունակեն, մենք ոչ հեռու ապագայում կունենանք գյուղեր առանց գյուղացիների: Անցած տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված երկնիշ տնտեսական հետաճը բացի օբյեկտիվ պատճառներից, ուներ իր հիմնական պատճառը. որ այսօր գյուղի եւ գյուղացու հանդեպ բացակայում է պրոֆեսիոնալ ու սրտացավ մոտեցումը։ Եւ «Օրինաց երկիր»-ը, որը քաղաքական պատասխանատվություն էր վերցրել այդ ոլորտի համար, վերջնականապես ձախողվեց: Ի դեպ, սա փաստում են նաեւ մասնագետները: Դիցուք, Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ ղեկավար մարմիններում այսօր հայտնվել են «տարբեր քաղաքական ուժերի անվան տակ փողոցից եկած մարդիկ, որոնք մտածում են միայն այն մասին, թե ինչքան եւ ինչպես գումար տանեն պետության գրպանից։ Այս մոտեցմանը պետք է վերջ տալ, քանի որ այն հարվածում է մեր ազգային անվտանգությանը»,- նշեց միավորման նախագահը։Հրաչյա Բերբերյանն ահազանգեց, որ գյուղատնտեսական նշանակության հողակտորների մասսայական վաճառքը պայմանավորված է այն փաստով, որ շատ ֆերմերներ ի վիճակի չեն մշակել հողերը` չունենալով ֆինանսական հնարավորություններ: Այս պարագայում, ըստ նրա, մեծ խոչընդոտներ են ստեղծում նաեւ Ջուր օգտագործողների ընկերությունները (ՋՕԸ), որոնք թեպետ պետք է ստեղծված լինեին ֆերմերների շահերը սպասարկելու համար, բայց միանգամայն հակառակ դաշտում են գործունեություն ծավալում: Այս, փաստացի «վերեւներից ձեւավորված կառույցները տասնյակ հազարավոր գյուղացիների դեմ հայցեր են ներկայացրել դատարան: Ու նույնիսկ դատական ծանուցագրեր են գալիս գյուղապետերի անուններով»,- տեղեկացրեց «Ժողովուրդ»-ի զրուցակիցը:Եւ որպես չարդարացված գումարի պահանջ, Բերբերյանը նշեց ծիրանի օրինակը. «Չնայած ծիրանի բերքը անցած տարի ցածր էր, բայց ֆերմերը ստիպված ջրեց իր այգիները, որպեսզի ծիրանենիները չփչանային: Ու այս պայմաններում օգտագործված ջրի դիմաց ՋՕԸ-ները գումար են պահանջում, ինչը, իմ համոզմամբ, անբարոյական է»: Փաստորեն, հենց այսպիսի վիճահարույց խնդիրներն են գյուղացիների ու ՋՕԸ-ների հարաբերությունները հասցնում «դիվանբաշուն»: Բայց հետաքրքիրն այն է, որ Բերբերյանի որակած «վերեւներից ձեւավորված կառույցների» ներկայացուցիչները բոլորի աչքի առջեւ տիզերի պես տռզում են: Հրաչյա Բերբերյանի տեղեկացմամբ, «գյուղացու վզին նստած այս կազմակերպությունները», հատկապես Արարատյան դաշտավայրում, իրենց ավտոպարկերում շքեղ ջիպեր ունեն: «Ո՞ւմ հաշվին են հարստացել սրանք, ո՞վ է կանգնած սրանց ետեւում, որոնց գործունեության հետեւանքով այսօր գյուղացիները ստիպված վաճառում են իրենց հողերը, որպեսզի կարողանան պարտքերը մարել»,- հարցադրեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը: Ըստ նրա` քաղաքական դաշտում գյուղի մասին շատ հաճախ հիշում են միայն նախընտրական շահերից ելնելով: «Երբ մոտենում են ընտրությունները, քաղաքական ուժերը վազում են գյուղացու դուռր` փորձելով շահագրգռելով տարբեր խայծերով, ձայներ հավաքել, սակայն գյուղացու համբերության բաժակը լցվել է ու նրան տիրում է խորը հիասթափությունը»: Եւ որպեսզի հերթական անգամ գյուղացիներին չխաբեն, Հայաստանի Ագրարագյուղացիական միավորումը համապետական ընտրությունների նախօրեին պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ` հայտնելով իր դիրքորոշումը այն քաղաքական ուժի նկատմամբ, որը ստանձնել էր ոլորտի պատասխանատվությունը: «Այս կերպ հնարավոր կլինի ազատվել քաղաքական ստախոսներից, որոնք ոսկե սարեր են խոստանում, իսկ իրական կյանքում մենք լուրջ անկում ենք ունենում»,- եզրափակեց միավորման նախագահը` նախազգուշական նոտա հղելով ՕԵԿ-ին, որի ներկայացուցիչ Գերասիմ Ալավերդյանի նախարարության օրոք, գյուղատնտեսությունը մեր երկրում պարզապես տապալվեց: Ինչով կառանձնանա նոր նախարար Սերգո Կարապետյանը իր նախորդից` ցույց կտա ժամանակը, որը շատ թանկ է, հատկապես գյուղի համար:ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՈՒՄ ՀԱՇՎԻՆ ԵՆ ՋԻՊ-ԵՐ ԳՆԵԼ ՋՕԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ