ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ՝ ՆՈՐ ՄԻԱՅՆ ՄՐՑՈՒՅԹ

Մայրաքաղաքային իշխանությունները համայնքային բյուջեի հաշվին միայն ասֆալտապատման միջոցով չէ, որ մեծ գումարներ են աշխատում: Ոչ պակաս եկամտաբեր է նաեւ աչքից ու տեսադաշտից հեռու այնպիսի տարածքի բարեկարգումն, ինչպիսին Հրազդանի կիրճն է, որտեղ բետոնապատման եւ ասֆալտապատման աշխատանքները բավականին տարօրինակ ընթացք են ունեցել: Պարզվում է` 20 մետր տարածքը բետոնապատելու եւ մոտ 50 մետրը ասֆալտապատելու համար հատկացվել է 92 մլն դրամ, ինչը, բնականաբար, մի քանի անգամ (եթե չասենք` տասնյակ) գերազանցում է նշված մակերեսով տարածքի բարեկարգման համար պահանջվող գումարի չափը: Հարց է առաջանում, թե այդ ի՞նչ շինարարական նախահաշվարկ է արվել, եւ այդ ինչպե՞ս է ստացվել, որ մի քանի մետր տարածքն ասֆալտապատելու եւ բետոնապատելու համար այդքան գումար է ծախսվել:

Հիշեցնենք, որ Երեւանի Հրազդանի կիրճի` «Երեւանի ՀԷԿ»-ի հարեւանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածում մայիսի 21-ին փլուզում էր տեղի ունեցել: Պատճառը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական հատվածի վրա տեղադրված բետոնե սալի քայքայումն էր: Այսպիսով՝ քաղաքային իշխանությունները խնդիրը կարգավորելու համար նախորդ դարի 30-ական թվականների կառույցի նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման եւ այլ հետազոտություններ են անցկացրել: Իսկ մինչ ճանապարհային բուն հատվածի վերականգնման աշխատանքները, անցկացվել է ջրահեռացման խողովակ, որի մեջ լցվում են ճանապարհին հարակից ջրավազանից հոսող ջրերը եւ թափվում են Հրազդան գետ: Կառուցվել է նաեւ ստորգետնյա ջրերի հոսքը կարգավորող համակարգ: Իրականացված շինաշխատանքների արդյունքում նորերով են փոխարինվել բոլոր հին ենթակառուցվածքները, որի ավարտին ճանապարհի բուն երթեւեկելի հատվածի խճապատումից ու տոփանումից հետո իրականացվել է երկշերտ ասֆալտապատում: Փլուզված ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներն ավարտվել են օգոստոսի 31-ին:
Ուշադրություն դարձրեք` ասֆալտապատման եւ բետոնապատման աշխատանքներն ավարտվել են օգոստոսի 31-ին: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շինաշխատանքներ իրականացնելու համար մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 16-ին, իսկ մրցույթը շահած ընկերության հետ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 8-ին: Ըստ կնքված պայմանագրի՝ շինարարության ավարտի ժամկետ է նշվել նոյեմբերի 15-ը:
Ի դեպ, տարօրինակ է, որ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու մրցույթների գերակշիռ մասը շահում է «Սահակյանշին» ընկերությունը: Սակայն է՛լ ավելի տարօրինակ է այն, որ այդքան փոքր տարածքն ասֆալտապատելու համար հատկացվել է 92 մլն դրամ:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ փլուզված ճանապարհի շինարարությունն իրականացվել է ամռանը, բայց շինարարության իրականացման համար մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 16-ին: Քաղաքապետարանից խոստացել են պատասխանել մեր հարցմանը, որը կներկայացնենք հաջորդիվ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՈՒԹ ՏԱՐԻ Է, ԻՆՉ ԱՆՏՈՒՆ ԵՆ

Երեկ, մինչ ՀՀ վարչապետը կառավարության նիստ էր վարում, Երեւանի Եկմալյան փողոցի բնակիչները բողոքի ցույց էին անում՝ փակելով Տիգրան Մեծ պողոտան եւ պահանջելով իրենց բնակարանները:

Մինչ բողոքի ակցիան ներկայացնելը, նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության ոլորտներում պետական վերահսկողության շրջանակներում իրականացվող նմուշառման կարգը: Միաժամանակ ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային եւ կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» որոշումը:
Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց նաեւ «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին: Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը եւ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդես են գալիս մի ծրագրի շրջանակում, որի նպատակն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է: Նախնական հաշվարկներով ներդրումները կարող են կազմել շուրջ 200 միլիոն դոլար, որի արդյունքում կստեղծվի շուրջ 1800 աշխատատեղ:
Իսկ ահա Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքն ընդգրկվել է մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայքների ցանկի մեջ: Կառավարության երեկվա նիստում որոշվեց հողի հարկի վճարման եւ ոռոգման ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառել եւ այդ համայնքի համար հատկացնել լրացուցիչ՝ շուրջ 3 մլն 257 հազար դրամ:
Անդրադառնալով երեկվա բողոքի ակցիային` նշենք, որ Եկմալյան փողոցի նախկին բնակիչները փակեցին Տիգրան Մեծ փողոցը` պահանջելով ոչ միայն իրենց հասանելիք բնակարանները, այլեւ հանդիպում վարչապետի հետ: Հիշեցնենք, որ արդեն ութ տարի է, ինչ Եկմալյան փողոցի նախկին բնակիչները պահանջում են իրենց բնակարանները, սակայն ապարդյուն: Ի վերջո բնակիչները հանդիպեցին ՀՀ վարչապետի հետ, իսկ վերջինս վստահեցրեց, որ իրենց խնդիրը կուսումնասիրեն:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԹՈՌԱՆ ԳԻՆԸ՝ 1000 ԴՈԼԱՐ

Գյումրի քաղաքում բնակվող 24-ամյա Արմենուհի Պետրոսյանը 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Գյումրու ծննդատանն ունեցել է արու զավակ, որին հանձնել է հորը՝ երեխայի հայրությունը ճանաչած 34-ամյա Կամո Կարապետյանին:

Թերեւս պատմությունն այսքանով կավարտվեր, եւ այնքան էլ տարօրինակ չէր թվա, եթե Արմենուհու մայրը՝ 44-ամյա Լամարա Ասլանյանը, չդիմեր Գյումրու «Կումայրի» ոստիկանության բաժանմունք եւ դիմում չներկայացներ այն մասին, որ Կամո Կարապետյանը, ըստ նախնական պայմանավորվածության, երեխային տարել է իր տուն՝ պայմանով, որ իրենց կվճարի 1000 դոլար, ինչը մինչ օրս հրաժարվում է անել:
«ժողովուրդ»-ը փորձեց դեպքի հետ կապված մանրամասներ պարզել՝ զրուցելով անմիջապես մանկան համար գումար պահանջող տատիկի եւ մոր հետ: Սակայն այցելելով նրանց բնակարան` դուռը փակ գտանք: Այնուամենայնիվ զրուցեցինք հարեւանների հետ, որոնք ներկայացրեցին որոշ մանրամասներ:
Պարզվեց` մանկիկի մայրը` Արմենուհին, բնակվում է մոր եւ քրոջ հետ: Նախկին ամուսնուց ունի 3 տարեկան դուստր, որի խնամքով հիմնականում զբաղվում է քույրը: Լսել են, որ երկրորդ անգամ ամուսնացել է Կամո Կարապետյանի հետ, սակայն մի քանի ամիս ապրելուց հետո վերադարձել է հայրական տուն: Այն, որ Արմենուհին հղի է եղել, ըստ հարեւանների, թաքցնելու չէր, եւ սպասելի էր, որ երեխային կհանձնի հորը, քանի որ ապրելու միջոց չունի:
«Առաջին երեխային էլ կտար հորը, եթե ամուսինը չհրաժարվեր հայրությունից»,-եզրափակեցին հարեւանները:
Մեր հարցին, թե որտեղ կարող են լինել Արմենուհին եւ տան անդամները, հարեւանները պատասխանեցին, որ Արմենուհին ուշ է գալիս, քանի որ աշխատում է դաշտում, լսել են` կարտոֆիլ է հավաքում, առհասարակ աշխատող աղջիկ է:
Նշենք, որ դեպքի հետ կապված Շիրակի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 




Լրահոս