Ընտրությունների նախաշեմին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզից որոշ չինովնիկներ, կրթական եւ առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, պատմաբաններ եւ կուսակցությունների տեղի պատասխանատուներ ընդգրկվել են համամասնական ցուցակներ, սակայն նաեւ ակնհայտ էր, որ այդ ներկայությունը շատ սիմվոլիկ է, որովհետեւ հիմնականում տեղերն անցողիկ չէին, եւ նրանք, ովքեր իրենց անունները կարդացին ցուցակներում, հիասթափված արձանագրեցին, որ մարզը պատշաճ ներկայացված չի լինի 5-րդ գումարման ԱԺ-ում: Ընտրություններից հետո այս դժգոհությունները չեն դադարել:
ՕԵԿ համամասնական ցուցակի 32-րդ հորիզոնականում ընդգրկված, Սեյսմիկ ծառայության հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանը շեշտում է, որ նոր ձեւավորվելիք խորհրդարանում տեղ են զբաղեցրել փողատերերն ու օլիգարխները, մինչդեռ մարզերի համաչափ զարգացման մասին խոսող իշխանություններն անտեսում են այն հանգամանքը, որ նաեւ հարկավոր է մարզերի այսպես ասած համաչափ ներկայությունն օրենսդիր մարմնում. «Առաջին պլան են մղվել փող ունեցողներն ու օլիգարխները: Ինչքան էլ ասենք՝ օլիգարխներ չկան, էլի բիզնեսով զբաղվողներն են, որ ԱԺ-ում տեղ են գրավել»:
ՀՅԴ ցուցակում էին Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը (25-րդ տեղ), գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը (45), Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը (38): Նրանցից որեւէ մեկը ներկայացված չի լինի խորհրդարանում: Դաշնակցական Աշոտ Հակոբյանի կարծիքով՝ ի սկզբանե էլ պարզ էր, որ մարզի վերոհիշյալ որեւէ ներկայացուցիչ չէր դառնալու պատգամավոր. «Չէին զբաղեցնում անցողիկ տեղեր հավանական այն տոկոսներով, որն այդ քաղաքական ուժը կարող էր ստանալ»:
Ցուցակներում ընդգրկված եւ հիմա խորը հիասթափություն ապրող կուսակցականները շեշտում են, որ շատ կուզենային մարզի խնդիրները խորհրդարանում բարձրաձայնելու հնարավորություն ունենալ: Օրինակ՝ թիվ 29 դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը, որը զբաղեցնում էր ՀՀԿ համամասնական ցուցակի 246-րդ հորիզոնականը, ասում է. «Շատ ցանկալի կլիներ, որ մարզն ավելի լավ ներկայացված լիներ խորհրդարանում, ավելի շատ տեղեր ունենայինք»:
ԲՀԿ համամասնական ցուցակի 42-րդ տեղը զբաղեցրած Վարդեւան Գրիգորյանը, ի տարբերություն մյուսների, ունի այդ հնարավորությունը: Նա, սակայն, չի որոշել՝ կզբաղվի օրենսդիր աշխատանքով, թե ոչ: Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ նրան պատգամավորական մանդատ բաժին հասավ, սակայն վերջինս ԳՊՄԻ ռեկտորի պաշտոնը գերադասեց մանդատից. «Մի պայմանով կդառնամ պատգամավոր, եթե քաղխորհուրդը որոշում կայացնի, որ իմ աշխատանքն այնտեղ ավելի կարեւոր է: Այդ դեպքում՝ այո, եթե ոչ, ես մեծ ցանկությամբ կուզենամ շարունակել իմ սիրած աշխատանքը»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղերն էին զբաղեցնում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Վերջիններս, սակայն, դեռեւս նախքան ընտրությունները հայտարարեցին, որ խորհրդարան գնալու մտադրություն չունեն եւ շարունակելու են մնալ իրենց պաշտոնին:
Գյումրի