Հաղորդավարուհի ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԻ` պետությանն ուղղված բաց նամակը՝ տեղադրված «Ֆեյսբուք»-ի պատին, մեծ հետաքրքրության ալիք բարձրացրեց: Իսկ ինչո՞ւ է նման բան արել հաղորդավարուհին, եւ ինչո՞ւ է «քցել» նրան պետությունը, կիմանաք ստորեւ: Ներկայացնում ենք հաղորդավարուհու նամակն ու մեկնաբանությունն այս ամենի մասին:
Բաց նամակ Պետությանը
«Քանի որ այսօր ինձ հերթական անգամ քցեցին, ես որոշեցի այնուամենայնիվ արտահայտվել….
Սիրելի Պետություն բավական է արդեն ամեն միջոցառում կազմակերպելիս` արտիստներին, երգիչներին ու հաղորդավարներին անվճար աշխատեցնես, կամ սիմվոլիկ 40-ից 60.000 դրամ տաս` ասելով-դե պետական միջոցառում է… կներես, որ դու-ով եմ խոսում, մի տեսակ Դուք-ը հարգանքի նշան է, իսկ դու իմ հայրենիքը չես վաղուց… ամեն խելոք մարդ իրան հարց ա տալիս էդ ժամանակ -տո այ պետություն, դու ի՞նչ ես արել ինձ համար, որ ես էլ քեզ համար ձրի աշխատեմ… Նույն բանն անեմ այլ պետությունում, մեծամեծ նվաճումներ կունենամ… Կարծում ես էդքան չկամ` կամ: Ես էլ որոշեցի, հատուկ կգնամ, կանեմ, որ հետո տեսնես, որ ոչ թե դու ես ինձ պահում,այլ` ես քեզ….էնպես որ ժամանակդ կարճ է… Քանի կարող ես աշխատացրու, բան չմնաց, գնալու եմ: Աշխատում եմ շատ փող, բայց վրան էլ մի բան դնում եմ, որ քեզ տամ… այ էդ ես դու…. Երեխեքիս պահելու փոխարեն, քեզ եմ պահում այ…. պետություն…. էդքանից հետո դու ինձ քցո՞ւմ ես: Ամեն մշակութային օջախ սարքել ես դուքյան, կներեք արտահայտությանս համար, ամեն մի գեղացու դրել ես էդ օջախի տնօրեն, ուր մտնում ես, գոմի հոտ ա գալիս, ու դեռ չգիտեմ ինչ Մանասյանի նմանն էլ իրան թույլ ա տալիս մեր հաշվին հաճոյանալ Մշակույթի նախարարությանն ու ՀՀԿ-ին ու հետո, շնորհակալության փոխարեն քաշքշի-քաշքշի, վերջում էլ քցի՞: Շնից մազ պոկելն էլ ա քյար սկզբունքով. ամենամեծ բարձունքից թքած ունեմ էդ փողերի վրա, հարցը դա չի, համարենք. որ չի էլ եղել, եղածն էլ մի բան չի, որ մտածեմ, բայց սենց մինչեւ ո՞ւր, մինչեւ ե՞րբ, մինչեւ վերջնականապես բոլորս թքենք ու հեռանա՞նք, հետո-հետո… կապրենք-կտեսնենք…. էլ չխոսեք արտագաղթից…. դուք եք ստիպում… սա ամենափոքր միջադեպն էր միայն…»:
-Լուսինե՛ ջան, ինչի՞ հետ էր կապված այս նամակը, ինչո՞ւ էիք այդքան վրդովված, հասանելիք գումարը չէի՞ն վճարել:
-Իրար ճիշտ չհասկանալու խնդիր էր: Ամբողջ հարցն այն էր, որ մենք ինչ-որ կոնկրետ գումար էինք պայմանավորվել, իսկ հետո պարզվեց, որ դրանից ինչ-որ պետական մուծումներ կան, կենսաթոշակային եւ այլն, եւ այլն, ինչի մասին պետք էր նախապես զգուշացնել: Իմ ամբողջ վրդովմունքն այն էր, որ եթե գումար ենք պայմանավորվել, այդքան էլ տվեք, իսկ այդ պահումները պետք չէ այդ հոնորարից հանել: Ես ընդհանուր առմամբ վրդովված եմ հարցից, երբ ասում են՝ դե պետական միջոցառում է, գիտեք, փող չկա կամ փողը քիչ է: Դա այնքան հաճախ է լինում: Ի՞նչ է նշանակում, եթե պետական միջոցառում է, փող չկա, ինչը մենք բոլորս այսքան տարիներ շարունակ լսում ենք: Կարծում եմ՝ չկա երգիչ-երգչուհի կամ հաղորդավար, որ այդ տեսակ խնդրի հետ առնչված չլինի:
-Առաջին անգա՞մ էիք համագործակցում այդ կազմակերպիչների հետ:
-Այո՛, սովորաբար խուսափում եմ պետական միջոցառումներին մասնակցելուց, քանի որ դրանք սովորաբար կուսակցական բնույթ են կրում, իսկ ես կատեգորիկ չեմ մասնակցում կուսակցական միջոցառումներին:
-Եղե՞լ են դեպքեր, երբ մերժել եք վարել միջոցառումը միայն այն պատճառով, որ փողը քիչ է:
-Պետական` ոչ, եթե քաղաքական ենթատեքստ չի եղել, չեմ մերժել, բայց ոչ գումարի համար: Արդեն գիտեմ, եթե պետական միջոցառում է, սիմվոլիկ թիվ է լինելու ու վերջ:
Պետությունը չի պարտադրում վարել իր միջոցառումները, բայց դու ես քեզ պետության առաջ պարտադրված զգում: Իմ երկիրն է, ես պետք է անեմ, բայց մի պահ է գալիս, երբ սկսում են այնքան ձգձգել հոնորարի վճարումը, որ դու էլ ես արդեն փոշմանում ու կեսից ասում՝ գումարը էլ չեմ վերցնում: Այդ ամենը մի օր լցվում է, դու էլ քեզ հարց ես տալիս` պետությո՛ւն ջան, ի՞նչ ես արել այսքան ժամանակ դու ինձ համար: Ես գիշեր-ցերեկ աշխատում եմ քեզ պահելու համար, որ քո հարկերը, վարկերն ու կոմունալ վճարները փակեմ: Այսինքն՝ ես քեզ ծառայեմ, դու ինձ` ո՞չ:
-Կորպորատիվ միջոցառումների դեպքում ինչպե՞ս է:
-Դու ասում ես քո գումարը, իրենք մի բան էլ նախապես են տալիս ու ստեղծում պայմաններ, որ դու քեզ վատ չզգաս: Իսկ պետականների ժամանակ մի քիչ բարձիթողի վիճակ է:
ԵՍ ՔԵԶ ԾԱՌԱՅԵՄ, ԴՈՒ ԻՆՁ` Ո՞Չ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ