ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է արտաքին քաղաքականության կոնյուկտուրայի ապահովումը, այսինքն՝ Ռուսաստանի լոյալությունը: Անդրադառնալով հոկտեմբերի 24-ին կայացած ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքին, Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, թե Եվրասիական տնտեսական միությունը լավն է, ամեն ինչ նորմալ է: Կարծում եմ, որ կոնյուկտուրայի խնդիր է լուծում, քանի որ չեմ գտնում, թե նա հոգու խորքում այդպես է մտածում: Նա փորձում է լուծել Մոսկվայի լոյալության խնդիրը», – նշեց նա, հավելելով, թե երեք առաջնորդներից ամենից բարդ հասկանում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Րաֆֆի Հովհաննիսյանին միշտ մի քիչ բարդ եմ հասկանում: Միշտ ասել եմ, որ քաղաքական ուղղվածության առումով ինձ համար անհասկանալի է նրա այնտեղ գտնվելը: Մի քիչ բարդ է, չեմ կարող որևէ քաղաքական մեկնաբանություն տալ», – ընդգծեց նա:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին, Ա. Կարապետյանը նշեց. «Գ. Ծառուկյանի ելույթի առումով կարող եմ ասել, որ իմ կարծիքով ոչ մի ճանապարհային քարտեղ էլ չկա: Կարծում եմ, որ ընդհանուր շարժման տակտիկան նույնն է, ինչ մոտավորապես եղել է 88-90-ական թթ. Ղարաբաղյան կոմիտեի տակտիկան: Գործում են տեղական շտաբեր, նրանց միջոցով ցանկանում են ակտիվացնել տեղական կառույցները և ժողովրդին, դրա հետ միասին դրանք դարձնել իշխանության կենտրոններ և, իմ տեսակետով, բացի դրանից, հաշվարկ են դնում ապագայում այդ տեղական շտաբերը դարձնելու նաև նախընտրական շտաբեր: Դժվարանում եմ «Ժառանգության» մասին ասել: Կարծում եմ՝ տրամադրվածություն կա այդ եռյակը դարձնել նախընտրական դաշինք», – ընդգծեց նա:
Ա. Կարապետյանն Ազատսության հրապարակում հավաքված բազմության մեջ հեղափոխական ավյուն չտեսավ: «Ես հեղափոխական ավյուն չտեսա, ես հեղափողական գործողությունների նմանատիպ պատրաստվածություն չտեսա: Ինչ -որ մի տեղ հարթակում կանգնած հռետորներին հասկանում եմ, քանի որ այն մարդիկ, ովքեր ներքևում կանգնած էին՝ շատ դժգոհ են , իր բնույթով բավականաչափ ունեզրկված են: Կարելի է ենթադրել, որ դա ավելի շատ ԲՀԿ-ի էլեկտրորատն էր, որն իր մեջ երբևէ հեղափողական ճիգ չի գործադրել: Միշտ նպատակաուղղված են եղել լավ թագավոր ունենալուն և ավելի շատ նպատակաուղղված են այդ թագավորի գործողությունների մեջ տեսնել որոշակի փոփոխությունների ուղենիշ: Եթե ժողովուրդն հեղափոխական է, լիդերների խնդիրը հեշտ է: «Հիմա, հիմա» վանկարկող մարդիկ շատ չկային, որովհետև այնտեղ եղած ժողովուրդն իր բնույթով հեղափոխական չէ», – հավելեց նա:
Նրա խոսքով, եթե այդ մարդկանց միանան հեղափոխական ոգով տոգորված մարդիկ, այդ ժամանակ արդեն ավելի լավ կլինի: Ա. Կարապետյանն ընդգծեց, որ այդ ամենը նաև իշխանություններն են հաշվի առնում և այդ ժամանակ կրկին ծեծ ու ջարդ կսկսվի:
Անդրադառնալով նրանց նպատակներին, նա նշեց. «Ես մտածում եմ, որ ընդհանուր ծրագիրը Մոսկվայի լոյալության հարցն է: Երկու գլխավոր ուժերից ոչ մեկ ԵՏՄ-ին դեմ չի: Նրանք ցանկանում են իշխանությանը և դրսին ցույց տալով, որ մարդկային զանգված կա, գնալ բանակցությունների Սերժ Սարգսյանի հետ՝ կամ իշխանությունը կիսելու, կամ իշխանափոխությունն իրագործելու համար: Այսինքն, արտահերթ ընտրություններ, որից հետո Սերժ Սարգսյանը թողնում է քաղաքական ասպարեզը: Որովհետև այն, ինչ պետք է աներ մավրը, արդեն արել է. ստորագրել է ԵՏՄ պայմանագիրը, Ղարաբաղյան հակամարտության հարցում ոչ մի առաջընթաց չկա, այսինքն փոփոխությունները պետք է լինեն նոր մարդկանցով: Ես, օրինակ, մինչև վերջ չգիտեմ, Ր. Հովհաննիսյանը և Գագիկ Ծառուկյանը հասկացան, թե ինչու Լևոն-Տեր Պետրոսյանն իր խոսքն ավարտեց այնքան էլ ոչ հաջողված անեկդոտներով: Եթե քաղաքական փորձ ունեն, եթե քաղաքական հռետորաբանությանը տիրապետում են, պետք է, որ հասկանան», – հավելեց նա:
Խոսելով եռյակի ուժերի մասին, Ա. Կարապետյանը նշեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ապահովում է Մոսկվայի լոյալությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց է տալիս, որ արևմուտքի հետ դեռ կապեր կան:
«Բարգավաճ Հայաստան»-ն այդ հարցում «не рыбо, не мясо», այսինքն, ոչ այս կողմ, ոչ այն կողմ: Գ. Ծառուկյանն այդ թեմայով առհասարակ որևէ բան չի ասում, այնինչ պրոցեսներն արդեն գնում են», – եզրափակեց նա: