Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթները քննարկելու նպատակով: Մինչ այդ խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում աշխատող մայրերը, ովքեր դեմ են օրենքների փոփոխությանը:
Նախագծերը ներկայացնում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: Նա նշեց, որ մինչ այս տարածում են գտել դեպքերը, երբ մարդն աշխատանքի է անցնում 1-2 ամիս առաջ և 2013թ. 8500 մարդ ստացել է հղիության նպաստ:
«Հիվանդության դեպքում անաշխատունակ անձը ստանում է ավելի մեծ գումար, քան աշխատողը, և չաշխատելն ավելի ձեռնտու է, քան աշխատելը: Սահմանված ընթացակարգերը բացառում են գործընթացի վրա արդյունավետ վերահսկողություն սահմանելը»,- ասաց Ս.Սաիյանը:
Ըստ նրա՝ գործատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ խրախուսել և պարգևատրել իր աշխատողին, ավելին՝ իրավունք չունի հղի կնոջ հետ խզել աշխատանքային պայմանագիրը: Ս. Սաիյանը նշեց, թե առկա խնդիրները տիպիկ են շատ այլ երկրների և շատ քիչ երկրներ կան, որ 100% փոխհատուցում են տալիս:
Կինը ֆիզիոլոգիական վիճակում է, ու անկախ նրանից, թե ինչքան է նա աշխատել` մեկ տարի, վեց ամիս, թե տաս տարի նա պետք է ստանա փոխհատուցում 100 տոկոսով: Նման կարծիք հայտնեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Վերջինիս խոսքով, այդ հարցը իրեն մտահոգում է և եթե 80 տոկոսի հետ կարելի է ինչ-որ տեղ հաշտվել, ապա 40 և 60 տոկոսը ուղղակի անընդունելի են:
Նշենք, որ ըստ նախագծի հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները, առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը, այսպես նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի.
1) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է,
2) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 տարի է,
3) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է:
Արձագանքելով Հ.Բիշարյանի հարցադրմանը` Սմբատ Սաիյանը նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո բազմիցս ասվել է, որ այն ենթակա է փոփոխման, ասել է թե` քննարկումները հենց այդ նպատակը ունեն և գուցե փոփոխվի:
Հ. Բիշարյանը մեկ այլ հարց էլ հնչեցրեց. ինչու է մինչև 2 տարեկան երեխայի համար վճարվող նպաստի չափը շարունակում մնալ 18 հազար դրամ, երբ օրենքով էլ սահմանվում է, որ այն պետք է հաշվարկվի ըստ նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի: Այսինքն` առնվազն նպաստը պետք է լիներ 30 հազար դրամ:
Ս. Սաիյանը այս հարցին տվեց շատ լակոնիկ պատասխան. «Առավել քան ակնհայտ է, որ խնդիրը ֆինանսների բացակայությունն է»: