Ինչու Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը կայացավ հենց հոկտեմբերի 27-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած արյունալի ոճրագործության 15-րդ տարելիցի օրը, կայացավ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը, որից հետո նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իսկ մինչ այդ Սարգսյանն ու Ալիեւը առանձին-առանձին հանդիպել էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Դատելով պաշտոնական, ավանդույթի համաձայն, ժլատ հաղորդագրություններից, հանդիպումն առանձնապես արդյունք չի ունեցել Արցախի հիմնահարցի լուծման գործում: Այն թերեւս ավելի շատ մեծ քաղաքականության մեջ խաղաղասերի իմիջը վերականգնելու եւ դիվիդենտներ շահելու համար կազմակերպված գեղեցիկ շոու կարելի է համարել՝ կազմակերպված գերտերությունների կողմի:

Ֆրանսիական լարտվամիջոցների հաղորդմամբ, հանդիպման նպատակն է ղարաբաղյան հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը. «ապահովել կողմերի երկխոսությունը երկու ամիս առաջ ղարաբաղյան հակամարտության իրավիճակի սրացումից հետո»:

Նշենք, որ Հայաստանի կողմից Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Իսկ ավելի ուշ՝ Փարիզի ժամանակով 21.00-ին կայացել է երեք երկրների նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո Օլանդը պաշտոնական ընթրիք է տվել երկու նախագահների համար:

Համաձայն ՀՀ նախագահի պաշտոնական կայքի, «Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օլանդին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատարման եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար… Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունից բացի, ակտիվորեն զարգանում եւ ամրապնդվում են նաեւ տնտեսական կապերը. ֆրանսիական ներդրումների ծավալը հայաստանյան տնտեսության մեջ այսօր արդեն կազմում է շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար…»:

Իհարկե, պաշտոնական լեզուն գեղեցիկ է, բայց սովորաբար՝ ոչինչ չասող: Եթե փորձենք վերլուծել այսօրվա իրավիճակում արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման մանդատը ստանձնած ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի պահվածքը, թերեւս պետք է արձանագրել, որ նրանք ընդամենը փորձում են ուրաինական խայտառակ ու արյունալի տապալումից հետո աշխարհին ցույց տալ, որ իրենք միմյանց հետ խնդիր ունեն միայն Ուկրաինայի մասով: Իսկ ահա Արցախի հարցով, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը կարող են նստել մի սեղանի շուրջ հարցեր քննարկել, վերջում էլ՝ մի մի թաս խմել: Ավելին՝ 3 երկրներն էլ, ըստ էության պնդում են, որ իրենց համար կարեւորը խաղաղությունն է: Այսինքն՝ Արցախի հարցի շահարկմամբ կողմերը փորձում են ցույց տալ, թե իրենք շարունակում են առաջնորդվել ժողովրդավարական նորմերով:

Բացի այդ, երեկվա հանդիպումը շատ կարեւոր էր նաեւ զուտ հերթականության իմաստով: Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հոկտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կազմակերպեց եռակողմ հանդիպում՝ Ալիեւ, Սարգսյան ձեւաչափով: Այնպես որ՝ հերթը Ֆրանսիայինն էր: Դրա համար էլ Ֆրանսուա Օլանդը նախաձեռնեց այս հանդիպումը: Միայն ուշագրավ է, թե ինչու հենց հոկտեմբերի 27-ին: Չգիտեի՞ն, որ Հայաստանում 15 տարի առաջ այդ օրը գլխատվեց պետությունը, ու քրեական գործի մանրամասները մինչեւ վերջ բացահայտված չեն: Դժվար թե: Իսկ գուցե չե՞ն իմացել: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու Հայաստանից որեւէ մեկը չի ասել՝ հոկտեմբերի 27-ը մեր համար այնքան էլ հաճելի հիշողություններով հագեցած օր չէ:

Ինչեւէ, արձանագրենք, որ Սերժ Սարգսյանն այս էլ երկրորդ անգամ Ալիեւի հետ բանակցությունների է գնում բավականին «ամուր դիրքերով»: Ինչպե՞ս բացատրենք: Միջազգային լրահոսը ողողված է տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, Իլլհամ Ալեւը բռնատիրական կարգեր է հաստատել երկրում: Իսկ Սերժ Սարգսյանի դիրքերը միանգամայն ուժեղ են, քանի որ նա ունի հզոր ընդդիմություն՝ ի դեմս ոչ իշխանական եռյակի, որը բազմահազարանոց հանրահավաք է անում, պահանջում է իշխանափոխություն ու Սերժ Սարգսյանը ոչ ճանապարհ է փակում, ոչ բանտարկում է, ոչ էլ՝ ծեծում: Հետաքրքիր է՝ այս իրավիճակը գոնե որոշ չափով օգնե՞լ է մեր երկրին՝ Հայաստանի սասանված միջազգային վարկը վերականգնելու ուղղությամբ:

Ինչպես հայտնի է. մեկ գիշերում Սերժ Սարգսյանն «իր կաշին փրկելու համար» որոշեց, որ Հայաստանը գնում է դեպի Եվրասիական միություն՝ դրանով մրջազգային հանրության մոտ ձեռք բերելով պարզապես «քցողի իմիջ»:

Անի Ստեփանյան




Լրահոս