ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃ ՏԱՆՈՂ ԹՈՒՆԵԼԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՂԲԱՆՈՑԻ

Տասնամյակներ շարունակ Հրազդանի կիրճում գտնվող Երեւանի մանկական երկաթուղին եղել է ինչպես փոքրիկների, այնպես էլ նրանց ծնողների սիրված հանգստի վայրերից մեկը: Այստեղ բազմաթիվ սերունդներ են իրենց մանկության տարիներն անցկացրել: Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված էր ուղիղ կապը կիրճի հետ` գլխավոր պողոտայի վերջնամասում գտնվող թունելի միջոցով: Քաղաքը բնության հետ կապող նման հնարավորությունը, մասնագետների հավաստմամբ, հազվադեպ երեւույթ է, եւ Ալ. Թամանյանի հանճարի դրսեւորումներից մեկը: Ներկայումս, սակայն, այդ թունելը մատնված է անտարբերության եւ որոշ հատվածներում պարզապես վերածվել է աղբանոցի:

Դեռ Արամի փողոցի կողմից քանդված սալիկներով սկսվող թունելի մետաղյա հենապատերն անձրեւի պատճառով այնքան են խոնավացել, որ ճկռել են ու քանդվել, եւ թունելով քայլելիս թվում է, թե այն շուտով փլվելու է: Բացի այս՝ թունելի մեջ այնպիսի գարշահոտություն է տիրում, որ թվում է, թե դա ոչ թե թունել է, այլ հասարակական զուգարան: Էլ չասած այն մասին, որ թունելը լուսավորված է մասնակի, իսկ տեղ-տեղ էլ պարզապես խավար է: Որն է պատճառը, գուցե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնայո՞ւմ է թունելի լուսավորմանը հատկացվող էլեկտրաէներգիան: Չի բացառվում, որ հենց լուսավորության բացակայության պատճառով էլ ոմանք թունելը վերածել են հասարակական զուգարանի:
Մինչդեռ այդ թունելը նախատեսված էր Երեւանի կենտրոնը ուղիղ կապով Հրազդանի կիրճին կապելու եւ երեւանցիներին ոտքով Հրազդանի կիրճ դուրս գալու եւ բնության ստեղծած հրաշալի լանդշաֆտից օգտվելու համար: Իսկ այդ հատվածում ստեղծված Մանկական երկաթուղու զբոսայգին էլ, ինչպես արդեն կարելի է հասկանալ անվանումից, մանուկների հանգստյան գոտի էր: Ինչը նշանակում է, որ քաղաքային իշխանությունները պետք է հոգ տանեին այդ հատվածում հանրային զուգարան տեղադրելու մասին: Այնինչ` քաղաքապետարանի աշխատակիցներն այդ տարածքում անգամ աղբամանների խնդիրը չեն լուծել:
Այս ամենից բացի՝ Արամի փողոցի վերջնամասում գտնվող այգում, որտեղից սկսվում է թունելը, բետոնե սալիկներն ամբողջովին քանդված են, եւ անցորդները կարող են լրջորեն վնասել իրենց ոտքերը: Գլխավոր պողոտայի այս հատվածի այգին նույնպես այսօր վերածված է աղբանոցի, տեղ-տեղ էլ` հարեւանությամբ կառուցվող էլիտար շենքերի շինհրապարակի, որտեղ տեղադրված է այդ շենքերի կառուցման շինտեխնիկան: Տխուր տեսարան է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ԱՆՍՊԱՍԵԼԻ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ

Սյունիքի մարզի հացաթխման արտադրամասերում ստուգումներ են սկսվել. մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը երեկվանից անսպասելի շրջայցեր է իրականացնում: Արդեն իսկ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որոնց վերացման համար հաց արտադրողներին տրվել է մեկ շաբաթ ժամանակ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից նախկին 500 գրամանոց հացի փոխարեն սյունեցիները 600 գրամանոցի համար են վճարում 240 դրամ: Այս որոշումը կայացվեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ հացարտադրող ընկերությունների ներկայացուցիչների՝ մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Հաջորդ քայլով ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որն էլ սկսել է անսպասելի ստուգայցերը մարզի հացաթխման արտադրամասեր:
Երեկ՝ վաղ առավոտից, մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետը եւ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի աշխատակիցը «ժողովուրդ»-ի նկարահանող խմբի հետ շրջայց կատարեցին Կապանի տարբեր հացաթխման արտադրամասերում: Ինչպես պարզ դարձավ արձանագրված խախտումներից` հացթուխները հյուրերի չէին սպասում: Մեկ օրվա ընթացքում նախատեսված տասը հացաթխման արտադրամասերում կատարված ստուգումների արդյունքում գրանցվեցին ամենատարբեր խախտումներ. սկսած ալյուրի պարկերը ոչ հիգիենիկ պայմաններում պահելուց, ավարտած հացթուխների արտահագուստների, իսկ որոշ դեպքերում էլ` առհասարակ հագուստի գրեթե բացակայությամբ: Որտե՞ղ է խմորը հունցվում, ո՞ւմ եւ ի՞նչ վիճակում գտնվող ձեռքերն են հացին ախորժելի տեսք տալիս. այս բոլորը տեղում ուսումնասիրվում, իսկ թերություններն էլ անմիջապես գրի էին առնվում հանձնաժողովի կողմից:
Ինչ վերաբերում է հացը խանութներին մատակարարելու ընթացքին, ապա այստեղ եւս խախտումները բազմաթիվ էին, քանզի հաճախ վարորդը հենց ինքն էլ հացը մեքենայից իջեցնում է խանութ` կասկածելի մաքրության ձեռքերով ու ոչ սահմանված արտահագուստով:
Սանիտարահիգիենիկ վիճակն ուսումնասիրելուց հետո ոլորտի պատասխանատուներն աշխատակիցներից պահանջեցին կշռել հացը: Այս հարցում ոչ ոք չէր թերացել: 600 գրամանոց հացը որոշ տեղերում նույնիսկ 615 կամ 620 գրամ էր, որն ինչպես նշվեց, արժի 240 դրամ: Ընդհանուր առմամբ՝ 10 հացաթխման կետերից եւ ոչ մեկում, չնայած «կողմնակի անձանց մուտքն արգելվում է» ցուցանակին, ներս մտնելիս մեզ ոչ ոք այդպես էլ չառաջարկեց համապատասխան հանդերձանք: Մինչդեռ անհրաժեշտ էր: Հանձնաժաղովի անդամները տնտեսվարողներին մեկ շաբաթ ժամանակ տվեցին թերությունները վերացնելու համար:
«Եթե տրված ժամանակահատվածից հետո շրջայցի ընթացքում կրկին պարզվի, որ թերությունները չեն վերացել, ապա վարչական վարույթ կսահմանվի»,- զգուշացրեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան

 




Լրահոս