Հարգելի՛ նախագահ, աչքի առաջ ունենալով այն ամենը, ինչ պայմանավորված է Գրողների միության եւ հատկապես այդ կառույցի ներկայիս նախագահ Լեւոն Անանյանի գործունեությամբ, հարկադրված եղա այս բաց նամակով դիմել Ձեզ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է պետական գրական մրցանակ շնորհող հանձնաժողով կազմելու կարգին, եւ մրցանակաբաշխությանն ընդհանրապես: Ես այդ մրցանակաբաշխությանը մասնակցել եմ 2007թ.-ին: Ընթերցողը կարող է մտածել, թե քանի որ մրցանակ չի ստացել, դա առիթ է դարձել այս բաց նամակը գրելուն: Այո՛, հանիրավի մրցանակ չի ստացել մի գիրք, որում ամփոփված դրամաներից մեկը՝ «Այսպիսի գեոպոլիտիկա»-ն, իսկ այժմ՝ «Ողջերն ու մեռածները» վերնագրով, Ազգային կինոկենտրոնի կողմից ընդգրկված է որպես Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ նկարվող ֆիլմի սցենարի տարբերակ: Պայմանավորվածություն կա նաեւ այդ դրաման Սունդուկյանի թատրոնում բեմադրելու մասին: Ես դիմել եմ ԿԳ նախարարին, որ իմ գործերը, այդ թվում նաեւ «Ողջերն ու մեռածները», փորձագիտական քննության ենթարկվեն կրթության ազգային ինստիտուտում, եւ ապա համալսարաններում ու դպրոցներում դառնան ուսումնական նյութ: Այդ գործերը հիմա փորձագիտական քննության փուլում են:
Գործը հասել է այնտեղ, որ Լ. Անանյանը Հանրային ռադիոյով պարծենում է, թե 2011թ. պետպատվերով տպվել է Գրողների միության անդամների 80 գիրք, եւ չեն տպվել գրամոլների գրքերը, որոնց թվում Լ. Անանյանը հատկապես նկատի ունի ինձ: Հարցը, իհարկե, վերաբերում է նաեւ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ժամանակակից գրողների գործերը տպագրելու կարգին, ուր դոմինանտը Գրողների միությունն է: Իսկ գրահրատարակչական գործի տնօրեն Էդ. Միլիտոնյանը (որն այս պաշտոնում է շուրջ 30 տարի եւ կարծես թե՝ ցմահ) գործում է՝ Լ. Անանյաին հետ ձեռք ձեռքի տված: Ի՞նչ անուն տալ այս ամենին. մարդկային նախա՞նձ, չարակամությո՞ւն: Ինչ էլ ասվի-չասվի, փաստը մնում է փաստ:
Նշեմ մի հանգամանք եւս, որ առիթ տվեց այս նամակը գրելուն. պետական մրցանակաբաշխության համար գործերն ընդունում են մինչեւ սեպտեմբերի 1-ը: Արդյունքները պետք է հայտարարվեն ոչ շուտ, քան դեկտեմբերի վերջը, որ հանձնաժողովը կարողանա լիարժեք որոշում կայացնել: Լ. Անանյանն արդեն 2007թ.-ի սեպտեմբերի 25-ին ռադիոյով ազդարարեց, թե ով պիտի շահի պետական մրցանակը: Գուցե մրցանակը շնորհել էին մինչեւ մրցանակաբաշխության հայտարարե՞լը…
Ես ունեմ նաեւ մի այսպիսի առաջարկ. կազմակերպի անկախության ավելի քան 20 տարիների ընթացքում ստեղծված լավագույն գրական գործի մրցանակաբաշխություն: Ես հիմա աշխատում եմ «Քրիստոս» նոր գործի վրա: Ավարտելուց հետո, եթե կյանքը բարեհաջող ընթացք ստանա, կսկսեմ գրել «Մարդ Աստվածը»: Երբ այս երկու գործերն ավարտված կլինեն, այն ժամանակ կերեւա, թե ինչ ասել է գլուխգործոց… ես ամեն ինչ ասում եմ համոզմունքով եւ սրտի ցավով, շատ ու շատ անգամներ անարդարացի մերժվածս, ում գրքերը հանիրավի չեն տպվում ավելի քան 30 տարի:
Հարգելի՛ նախագահ, մեկ անգամ եւս հորդորում եմ Ձեզ, որ պետական գրական մրցանակաբաշխությունը կազմակերպվի մշակույթի նախարարության կողմից: Ու նաեւ կազմակերպվի մի նոր՝ անկախության տարիներին ստեղծված մեծարժեք գրական գործի էլ ավելի կարեւոր մրցանակաբաշխություն: Կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությանը մասնակցության հնարավորություն պիտի տրվի միայն ընթերցողների շրջանում որոշակի ճանաչում գտած գործերին:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱՋԱՆՅԱՆ