ՇՆԱՁՈՒԿԸ ԿՈՒԼ ԿՏԱ ԽՈՇՈՐ ՁԿՆԵՐԻՆ
ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշվել է Սեւանում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին: Այդպիսով՝ Ս. Սարգսյանն իր անձնական վերահսկողության տակ է վերցնում Սեւանա լիճը մի հսկա ձկնաբուծարանի վերածող այս խիստ վտանգավոր ծրագիրը: Շատ անկախ մասնագետներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ ցանցավանդակային եղանակով ձկնարտադրության այս ծրագիրը կործանարար նշանակություն կունենա՝ լճի էկոհամակարգի փոփոխության եւ քաղցրահամ ջրի որակական անդառնալի փոփոխությունների առումով: Ծրագրված է լճում ցանցավանդակներ սարքել եւ բուծել մինչեւ 50 հազար տոննա ձուկ: Սակայն ձկների արտաթորանքներն ու կերի ավելցուկները հանգեցնելու են լճի անվերահսկելի աղտոտման: Էլ չասած` որ գերշահույթներ ստանալու նպատակով ձկներին կարող է տրվել գենետիկորեն մոդիֆիկացված կեր՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Այս ամենը, սակայն, շատ քիչ է հուզում Սերժ Սարգսյանին, որի անձնական շահագրգռությունն այս ծրագրում արդեն իսկ ակնհայտ է:
Այսպիսով, պարզ դարձավ, թե ինչով կարող էր պայմանավորված լինել Արարատյան դաշտավայրի ընդերքային ջրերի անխնա օգտագործման հարցում իշխանությունների հանկարծահաս մտահոգությունը: Պատճառն ընդամենը ձկնաբուծական բիզնեսում մրցակիցներին դուրս թողնելն էր: Այսպիսով՝ Հայաստանի ձկնաբուծական բիզնեսում գերիշխող «խոշոր ձկներին» առաջիկայում կարող է կուլ տալ ամենամեծ «շնաձուկը»` Սեւանը ձկնաբուծարանի վերածող Սերժ Սարգսյանը:
2012 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի հետ որոշել են կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մեխանիզմներ ստեղծել. «Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում»: Այս հայտարարությունից կամ, այսպես ասած, «նարկոզից» մեկուկես տարի է անցել, բայց վիրահատությունը շարունակում է ուշանալ: «Ժողովուրդ»-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից փորձեց պարզել, թե ինչու հակակոռուպցիոն խորհրդի նիստերը չեն կայանում: «Այժմ ստեղծվում է կառավարությունում հակակոռուպցիոն բաժին, հստակեցվում են դրա գործառույթները եւ այդ բաժինը իրականացնելու է հանձնաժողովի սպասարկման ֆունկցիաները: Դրանից հետո այդ հանձնաժողովը կսկսի պարբերաբար գործել»:
Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ միգրացիոն ծառայությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ ՌԴ իշխանությունները մտադիր են վերանայել օտարերկրյա քաղաքացիների համար ՌԴ մուտքուելքի ժամկետային սահմանափակումները: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ օրենք ընդունվեց, ըստ որի՝ ՌԴ-ում օտարերկրացիները կարող են 180 օրվա ընթացքում 90 օր մնալ: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան Ֆեդերալ միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Մ. Նիկոլաեւսկայան տեղեկացրել է, որ արդեն ՌԴ պետդումա է ներկայացվել միգրացիոն խնդիրների վերաբերյալ օրենսդրական առաջարկների փաթեթ, որոնցով ցանկանում են դյուրացնել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քննարկման ու որոշման կարգը: Բացի այդ, նոր նախագծերով ցանկանում են ղեկավարել ու պարզեցնել նաեւ աշխատանքի նպատակով միգրանտների մուտքուելքի կանոնները:
Երեկ լրացել է ՀՀ ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը. նա դարձել է 65 տարեկան, որից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն`ՍԴ անդամը պետք է վայր դնի լիազորությունները: ՍԴ մասին օրենքի համաձայն՝ այդ տեղը պետք է համալրվի երկամսյա ժամկետում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական դաշտում դեռեւս հստակ որոշում չկա` ՍԴ անդամի պաշտոնում ով է փոխարինելու Թոփուզյանին: Ըստ նախնական խոսակցությունների՝ չի բացառվում, որ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը, ով 2003թ. նշանակվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, վայր էր դրել լիազորությունները, կրկին վերադառնա: Սակայն ՍԴ-ում Գյուլումյանի պաշտոնավարման ավարտին կա մոտ մեկ տարի ժամանակ: Եվ ՍԴ անդամ դառնալու դեպքում նա պետք է հրաժարական տա: Այս տեղեկությունները պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Նշենք, որ ՍԴ անդամներից 4-ին նշանակում է նախագահը, մյուս հինգին` ԱԺ-ն: Մ. Թոփուզյանը նշանակվել է 2009թ. Սերժ Սարգսյանի հրամանագրով, հետեւաբար, նրան փոխարինողին եւս պետք է նշանակի Ս.Սարգսյանը:
ՀԱՅ-ՀՈՆԴՈՒՐԱՍՅԱՆ
Երեկ ՀՀ արտգործնախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ժնեւ կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հոնդուրասի արտաքին հարաբերությունների պետական քարտուղար Միրեյա Ագուերո դե Կորալեսի հետ եւ զրուցել երկկողմ փոխհարաբերությունների մասին: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարեւորությունը:
Հիրավի, Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ «նախաձեռնողական է»: Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը զբաղված է Ուկրաինական ճգնաժամի, Ղրիմի ճակատագրի հարցով, Նալբանդյանը դրսեւորում է, բառիս ուղղակի իմաստով, աներեւակայելի նախաձեռնողականություն` ամրացնելով ՀՀ հարաբերություններն այնպիսի կարեւորագույն երկրի հետ, ինչպիսին Հոնդուրասն է:
Փոխանակ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ձեռնամուխ լինի Ղրիմի խորհրդարանի` ՌԴ հետ վերամիավորման եւ մարտի 16-ին հանրաքվե անցկացնելու որոշման ֆոնին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր մարտավարության մշակմանն ու իրականացմանը, Նալբանդյանը, փաստորեն, ԼՂՀ հարցը քննարկում է հոնդուրասցիների հետ:
Առհասարակ Էդվարդ Նալբանդյանն իր պաշտոնավարման ընթացքում աչքի է ընկել «էկզոտիկ երկրներում» խիստ «նախաձեռնողական» գործունեությամբ: Անցած երկու տարիներին ՀՀ արտգործնախարարը, հիշում ենք, մեկը մյուսի հետեւից այցելեց ՀՀ համար գրեթե բոլոր այդ «կարեւորագույն» երկրները` Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Վիետնամ, Պերու, Պանամա եւ այլն: Ընդ որում, դրանց մի մասում` Ինդոնեզիայում, Վիետնամում եւ Մեքսիկայում բացվեցին հայկական դեսպանատներ, որոնք հայտնի չէ, թե ինչով են զբաղվում: Հավանաբար` հայկական օլիգարխիայի համար նոր` չնվաճված բիզնես տարածքների ուսումնասիրմամբ:
Ավելորդ չէ հիշեցնել, որ հենց այն օրերին, երբ կայանում էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու հայ-հունգարական խայտառակ գործարքը, Էդուարդ Նալբանդյանը Օվկիանիայում եւ Հարավարեւելյան Ասիայում հարաբերություններ էր սերտացնում Ինդոնեզիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի եւ Ֆիլիպինների հետ: Այնպես որ, գուցե եւ երեկվա հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հիմք է դրել նոր` «հոնդուրասյան դիվանագիտության»: Կարծում ենք` միանգամայն համահունչ անվանում է Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի վարած արտաքին քաղաքականության համար: