ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐԻ ՀԱՐՑԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է Գառնու հեթանոսական տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու հարցը: Ու թեեւ առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ով է այնտեղ սրճարան կառուցելու, նշենք, որ Գառնիի հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու որոշումը 5 տարվա պատմություն ունի: Պարզվում է` 2009թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հերթական նիստի քննարկման թեման սրճարանի կառուցման նախագծի էսքիզային առաջարկն է եղել: Նիստին մասնակցել են ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ մի շարք ճարտարապետներ:
Իսկ արդեն անցած դեկտեմբերին «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հայտարարեց, որ սրճարանի համար տրամադրված է 37 մ տարածք եւ այն լինելու է Գառնիի հեթանոսական տաճարի հարեւանությամբ գտնվող բաղնիքի վերեւում: Պողոսյանը նշեց, որ այն լինելու է պիլոտային ծրագիր, որի նպատակն է Գառնիում զարգացնել տուրիզմը. «Սրճարանում մատուցվող ապրանքը լինելու է միայն գառնեցիներինը: Մատուցվելու է գառնեցիների ձեռքով պատրաստված գաթա, լինելու է նրանց այգիների բերքը, ջուրը, ամեն ինչ լինելու է տեղանքից, մենք ոչինչ Երեւանից չենք գնելու»,- վստահեցրեց Պողոսյանը: ՊՈԱԿԻ-ի տնօրենը նաեւ հայտնեց, որ սրճարանի կառուցման գումարը տրամադրել է ռուսաստանաբնակ հայ բարերար:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ` պարզելու նրանց տեսակետը նշված խնդրի շուրջ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
-Տիկին Պողոսյան, ինչպե՞ս եք վերաբերվում մշակութային արժեք հանդիսացող Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու ծրագրին:
-Տարածքում սրճարան կառուցելուն ես միանշանակ դեմ եմ: Դա նպատակահարմար չէ այն առումով, որ մինչեւ մուտքն արդեն կան համապատասխան կրպակներ` զբոսաշրջիկների անհրաժեշտ կարիքները հոգալու համար: Իսկ ինչ վերաբերում է սրճարանին՝ կրկնեմ՝ դեմ եմ: Եթե թանգարան կառուցվեր, միանշանակ ողջունելի կլիներ, որովհետեւ մենք ունենք մեր արվեստը, մեր մասունքները ու աշխարհին ցուցադրելու շատ բան ունենք:
-Դուք` լինելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, երբեւէ Ձեր հանձնաժողովում քննարկե՞լ եք այդ հարցը: Առհասարակ` հանձնաժողովին անհանգստացնում է այն փաստը, որ մեր երկրի մշակութային այցեքարտերից մեկը, փաստորեն, փորձում են աղճատել:
-Եթե այդ հարցը հրատապ է… ես չեմ տիրապետում, թե ինչ փուլում է գտնվում այդ նախագիծը։ Բայց եթե այդպես հրատապ է, որ այդ շեմին է, պետք է կառուցվի, միանաշանակ, պետք է անպայման բարձրացվի այդ հարցը եւ մենք պետք է քննարկենք, որ որոշենք՝ ինչ եզրակացության ենք հանգելու հանձնաժողովի անդամներով:
-Այսինքն` հանձնաժողովում երբեւէ այդ խնդիրը չի քննարկվե՞լ:
-Ոչ, որովհետեւ դա նախագիծ չէ, դա որոշում չէ, որ մենք քննարկման դնեինք: Կգա ժամանակը` կերեւա, եւ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք: Բայց ես արդեն հայտնեցի իմ դիրքորոշումը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ
-Տիկին Աճեմյան, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Գառնու հեթանոսական տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու ծրագրին:
-Ես այդ հարցը չեմ ուսումնասիրել: Բայց, առհասարակ, տարբեր երկրներում այդ փորձը կա, որ մշակութային կոթողներից քիչ հեռու ինչ-որ բաներ լինում են՝ փոքրիկ սրճարաններ: Մեր մասով տեղյակ չեմ ու չեմ հասկանում, թե ինչի համար է դա: Ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է ուսումնասիրեն այն մարդիկ, ովքեր մասնագետ են:
-Դուք էլ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք…
-Ճիշտ եք ասում, բայց դա ոչ թե սննդի օբյեկտ է, այլ, ինձ թվում է, զբոսաշրջիկների համար նախատեսված սրճարան է: Ուղղակի անտեղյակ եմ հարցից: Բայց մի բան հստակ է. ես չեմ կարծում, որ ՀՀ կառավարությունը թույլ տա մի բան, որը փչացնի մշակութային արժեքները, ես համարում եմ, որ այդպիսի բան հնարավոր չէ:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ նույն հանձնաժողովի անդամներ` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Շուշան Պետրոսյանի եւ Ռուզաննա Մուրադյանի հետ: Վերջիններս, սակայն, խնդրեցին իրենց զանգահարել մի փոքր ուշ, ապա մինչեւ օրվա ավարտը այլեւս չպատասխանեցին մեր զանգերին:
ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ
Դեռեւս 2012թ. նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքը զրուցել է Սերժ Սարգսյանի հետ ու եկել են այն եզրակացության, որ պետք է երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մեխանիզմներ ստեղծել: Սակայն շուրջ մեկուկես տարի է անցել, բայց այդ համակարգը գոյություն չունի:
Հիշեցնենք ՀՀ վարչապետի խոսքերը. «Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի եւ տեսանելի»: Նա նշել էր նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ է հրավիրել. «Որպեսզի այս բնագավառում մենք ունենանք հաջողություն, կարծում եմ, որ անհրաժեշտ է էապես ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ»:
Անգամ ՀՀ վարչապետը կառավարության անդամներին խնդրել էր ներկայացնել, թե որ հասարակական կազմակերպությունների հետ են համագործակցում գերատեսչությունները կոռուպցիայի դեմ պայքարում, որպեսզի դրանք նույնպես ներգրավվեն այդ քննարկումներին: «Կարծում եմ՝ ճիշտ կլինի նաեւ հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի նրանք մեզ հետ համագործակցեն եւ ներգրավված լինեն այս աշխատանքներում: Պարոն Սարգսյան, ապահովեք, որպեսզի վաղը ե՛ւ միջազգային, ե՛ւ հասարակական կազմակերպությունները նույնպես մասնակցեն մեր խորհրդակցությանը»,-նշել էր վարչապետը:
Բնականաբար, անմիջապես արագ «արձագանքման խումբը» սկսեց իր գործունեությունը եւ Կոռուպցիայի դեմ պայքարի առաջին նիստին մասնակցելու համար կառավարություն հրավիրվեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ ներկայացուցիչները:Սակայն տեղի ունեցավ ընդամենը մեկ նիստ, որից հետո կոռուպցիայի դեմ պայքարի որեւէ այլ միջոցառում այդպես էլ տեղի չունեցավ: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն էլ հայտարարեցին, թե իրենք կհետեւեն կառավարության աշխատանքներին, եւ եթե անհրաժեշտ լինի անպայման կմիանան այդ պայքարին:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից պարզել, թե ինչ փուլում են գտնվում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները. «Այժմ կառավարությունում ստեղծվում է հակակոռուպցիոն բաժին, հստակեցվում են դրա գործառույթները եւ այդ բաժինը իրականացնելու է հանձնաժողովի սպասարկման ֆունկցիաները: Դրանից հետո այդ հանձնաժողովը կսկսի պարբերաբար գործել»:
Այսպիսով՝ շուրջ մեկուկես տարի առաջ կոռուպցիայի դեմ պայքարի գործով «նարկոզը տվել են», իսկ վիրահատությունը դեռ չի սկսվել:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՆԱԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՕԵԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի՝ «Օջախ» ռեստորանում կայացած հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավորները ոչ միայն քննադատել են ՕԵԿ-ական նախարարներին, այլեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նրանք նեղսրտել են, որ կառավարությունն ամեն անգամ արհամարհում է իրենց նախագծերը՝ մերժելով կամ «ցրելով» դրանք:
Հիշեցնենք՝ երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ երբ Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավորներին խնդրել էր գնահատական տալ ՕԵԿ նախարարների կատարած աշխատանքներին, պատգամավորները միաբերան փնովել էին նախարարներին՝ դժգոհելով, թե իրենց հետ լավ չեն աշխատում:
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՁՈՒՆ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս Հայաստան ներկրված ժամկետանց հավկիթը մայրաքաղաքից հանվել է եւ տեղափոխվել մարզեր՝ վաճառելու: Նշենք, որ մասնագետները պնդում էին, որ երեւանյան խանութներում վաճառվող ներկրված հավկիթը, որն ունի 65 օր պիտանելիության ժամկետ, ժամկետանց է եւ ենթակա չէ վաճառքի: Խնդրի առնչությամբ զրուցեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանի հետ, ով հայտարարեց, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Ըստ հայաստանյան տեխնիկական կանոնակարգի՝ հավկիթի պիտանելիության ժամկետը 25 օր է: Մենք սրա հետ կապված ունեցել ենք բողոք: Խնդիրն այստեղ հետեւյալն է. որ Հայաստանում այլ է տեխնիկական կանոնակարգը, իսկ Ուկրաինայում՝ այլ: Եթե մենք սխալ մակնշումով հավկիթ ենք հայտնաբերել, ապա կասեցրել ենք դրա վաճառքը, որը ժամկետանց է եղել, ոչնչացրել ենք»,-ներկայացրեց Ղուլյանը:
Ի դեպ տեղեկացնենք, որ 2014-ի հունվարի 1-ից մինչ փետրվարի 23-ը մեր հանրապետություն ներկրվել է 2 մլն 282 հազար 400 հատ հավկիթ: Իսկ փետրվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում մեր հանրապետություն ներկրվել է 324 հազար հատիկ սննդային հավկիթ: «Ժողովուրդ»-ի հարցին՝ շարունակվելու է հավկիթի ներկրումը, թե ոչ, Ղուլյանը պատասխանեց. «Օրենքով սահմանված կարգով չի արգելվում ներկրումը, ուղղակի խնդիրն այստեղ հետեւյալն է. մենք չպետք է թույլ տանք, որ 25 օրից ավելի պիտանելիության ժամկետ ունեցող ձու վաճառվի շուկայում, դա մեզ համար ժամկետանց է»:
ՉԻ ՄԻՋԱՄՏՈՒՄ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը չի միջամտում որդու դատավարությանը։ «Իմ կողմից դատական գործընթացին միջամտություն չի եղել եւ չի էլ լինի, ինքը համապատասխան իր պատիժը պիտի կրի, ամենայն ազնվությամբ եմ ասում»,-NEWS.am-ին ասել է նա: Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Իրանից թմրանյութ ձեռքբերելու եւ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխելու փորձի համար: