ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱ՞Ն

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ՍՊԸ»-ի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Դեռեւս 2010 թ. Վերահսկիչ պալատի կողմից սկանդալային բացահայտումներով հայտնի դարձած այս ընկերությունը հիմա էլ հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ուշագրավ բացահայտումներ էր արել ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործման հետ կապված: Ըստ այդմ պարզվել էր, որ 2007թ.-ին, երբ ընկերությունը գնել էր ոսկու հանքերը, նույնիսկ 100 դրամ հարկ չէր վճարել ՀՀ-ին` պատճառաբանելով, թե վնասով է աշխատել: Բայց չնայած «կրած վնասներին», նա շարունակել է շահագործել հանքավայրերը:
Ըստ ՎՊ նախագահի՝ ընկերությունը 2008թ. հունվարի 1-ից մինչեւ 2010թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի հանքից Արարատի կորզման ֆաբրիկա է առաքել 648 հազար տոննա ապրանքային հանքաքար, որտեղ ոսկու քանակը կազմել է 2031 կգ: Ֆաբրիկայում վերամշակվել է 656 հազ. տոննա հանքաքար, որի մեջ ոսկու քանակը կազմել է 2026 կգ, կորզվել է 1214 կգ ոսկի՝ 59.89%, որը շուրջ 22.6% ցածր է նախագծով նախատեսված 82.5% ցուցանիշից (պետք է կորզվեր 1672 կգ), այսինքն` շուրջ 458 կգ-ով պակաս է կորզվել կամ գոնե այդքան պակաս են «ցույց տվել»:
Ավելին՝ ընկերությունում չէին պահպանվել հանքաքարի վերամշակման գործընթացում կատարված նմուշարկման արդյունքում ստացված նմուշների կրկնօրինակները, ինչը նախատեսված է օրենքով:
Ընկերությունը պետական բյուջե չէր վճարել 24 մլն դրամ կոնցեսիոն վճար: Չէր վճարել նաեւ 2009թ. ոսկու մարված պաշարի համար լրացուցիչ բնօգտագործման մոտ 113 մլն դրամ գումարը: 2010թ. առաջին եռամսյակի համար չվճարված լրացուցիչ բնօգտագործման գումարը կազմել է մոտ 50 մլն դրամ: ՎՊ-ն նաեւ պարզել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը Սոթքի հանքավայրը շուրջ երկու տարի շահագործել է առանց Բնապահպանության նախարարության լիցենզիայի:
Ստեղծված իրավիճակը ենթադրել է տալիս, որ ընկերությունը նման կարգի ապօրինություն չէր կարող կատարել առանց «տանիքի»:
Ինչեւէ, եթե 2010թ. ընկերությունը խուսափել է հարկ վճարել, ապա բոլորովին վերջերս «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն տուգանքի է ենթարկվել:

Ինչո՞ւ ՊԵԿ նախագահը պատժեց

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 2013թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ մաքսային տարածք է ներմուծել 49,3 կգ քաշով ապրանքներ՝ 17 հատ ճնշման տվիչ, 2 հատ ջերմաստիճանի էլ. տվիչ եւ 21 հատ մուտքային կցամաս, որոնք սեպտեմբերի 30-ին ձեւակերպվել են ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով 90 օր ժամկետով: Սակայն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Կոզլովը սահմանված ժամկետում չի կատարել վերաարտահանման պարտավորությունը:
Պարզեցինք նաեւ, որ հայտարարագրված ապրանքները գտնվել են «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Արարատի մարզում գտնվող Արարատի ոսկու գործարանի տարածքում:
Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, տնօրեն Կոզլովը փետրվարի 10-ին դիմել է ՊԵԿ-ին՝ խնդրանքով, թե աջակցեք ժամանակավոր ներմուծման ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու համար, սակայն Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այս անգամ «բարեգութ» չի գտնվել եւ չի բավարարել ռուս գործընկերոջ խնդրանքը: Փետրվարի 14-ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Կոզլովի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ Մաքսային Օրենսգրքի 199-րդ հոդվածի հատկանիշներով:
Արդյունքում՝ «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Կոզլովին հետադարձ արտահանման պարտավորությունը խախտելու համար ՊԵԿ-ը տուգանել է 1մլն153 հազար 21 դրամով:
Համեմատության համար նշենք, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերության մոտ հայտնաբերված խախտումները բացահայտելու ժամանակ նույն ՊԵԿ-ն ավելի բարի էր գտնվել՝ տասնյակ հազարավոր դրոշմակնիքները ոչնչացնելու համար տուգանելով ընդամենը 8 հազար դրամով: Նույնպիսի գթասրտությամբ էլ նույն ՊԵԿ-ը ներել էր նաեւ «Քեթրին գրուպ»-ի իրավախախտումները՝ ամեն ներկրած բանանի հսկայական խմբաքանակի համար թույլ տրված խախտումների դիմաց տուգանելով ընդամենը 50 հազար դրամով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԱՌԱՅԺՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՉԿԱ

2014թ. հունվարի 29-ին Այնթափ գյուղում սպանված «Լիլի» ռեստորանային համալիրի սեփականատեր, 49-ամյա Գրիգոր Խաչատրյանի գործով դեռեւս ձերբակալվածներ չկան: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց սպանվածի հորեղբոր տղան` Խաչիկ Խաչատրյանը: Ըստ նրա՝ ոստիկանությունը լուրջ զբաղվում է, սակայն առայժմ որեւէ արդյունք չկա. «Գեներալներ են գյուղ գալիս, հետաքրքրվում են. բայց դեռ ոչինչ չկա: Եթե կատարվածը վենդետայի հետեւանք լիներ, մենք կիմանայիք, բայց դեռ ոչինչ չկա»,- ասաց Խաչիկը` հավելելով, թե դեպքից հետո «Լիլի» ռեստորանային համալիրը գործում է: «Վարկի հարց կա, չէինք կարող ռեստորանը փակել: Այն աշխատեցնում է սպանվածի աներձագը»: Նշենք, որ գործարարին կրակել էին իր աշխատասենյակում, իսկ մարմնի վրա առկա էր եղել 3-ից ավելի հրազենային վնասվածք: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) եւ 225 հոդվածի` (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

 

ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՆ

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներն արդեն հույսները կտրել են, որ երբեւէ աշխատավարձ են ստանալու: «Ոչ մի նորություն չկա: Չգիտենք, կտան, թե ոչ: Ոչ ոք ոչ մի հստակ պատասխան չի տալիս: Ամեն օր բողոքում ենք, բայց ով է լսում: Էս ռուսներն էլ որ նոր գործարան ստեղծեն, մենք հույս չունենք, որ մեզ կկանչեն աշխատանքի: Անցյալ անգամ, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը մեզ ասաց, որ էլ չգնանք իր մոտ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց գործարանի աշխատակից Արմենը: Հիշեցնենք, որ«Նաիրիտ»-ի աշխատակիցները պահանջում են վճարել 15 ամիս շարունակ կուտակված աշխատավարձը, ինչպես նաեւ ներկայացնել գործարանի վերագործարկման եւ աշխատակիցներին աշխատանքով ապահովելու ժամանակացույցը: Գործարանը գրեթե 4 տարի է, ինչ պարապուրդի է մատնված, եւ օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՅՏՆԻ Է

Հայտնի է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի քրեական գործը քննող դատավորի անունը: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից: Այսպիսով՝ դատավոր Մեսրոպ Մակեյանին կփոխարինի նույն դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը: Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակեյանը ինքնաբացարկ էր հայտնել, քանի որ սույն գործով ամբաստանյալ Վազգեն Խաչիկյանն իր համակուրսեցին է եղել եւ բուհն ավարտելուց հետո շարունակել է շփվել նրա հետ:

 

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Ճիշտը Վերահսկիչին գնահատականներ տալուց ազատելն է»:

Հրայր Թովմասյան 1in.am
Այ այսպիսի հանճարեղ մտքեր են հղանում արդարադատության նախարարի եւ, առհասարակ, իշխանական պաշտոնյաների մոտ, այդ պատճառով էլ մեր երկրի տարբեր ոլորտներում ճեղքեր են առաջանում, պաշտոնյաներն էլ սկսում ինչ «ղալաթ» ասես չանել եւ ամեն ինչ շարունակում է մնալ անպատիժ: Իսկ ուրիշ ի՞նչ կարող ենք ակնկալել, եթե Վերահսկիչ պալատը զուտ ձեւական բնույթ պետք է կրի եւ բոլոր ոլորտներն ու գերատեսչությունները դուրս գան վերահսկողությունից: Փաստացի, այդպես էլ կա, դրա համար էլ երկիրն ազատորեն թալանում են, բյուջեն՝ լափում, ճեղքվում է համակարգը եւ գնալով շատանում են կորուստները:

 
«Այո, առողջապահության համակարգում դեռեւս ստվեր գոյություն ունի, եւ եթե մեզ հաջողվի այդ ստվերը բերել իրական, իրավական դաշտ, ես շատ ուրախ կլինեմ դրա համար»:

Դերենիկ Դումանյան panorama.am
Եթե մեր նախարարներին հերթով հարցնես, բոլորն էլ դեմ են ստվերին, բոլորն էլ պատրաստ են դրա դեմ պայքարել, բերել իրական ու իրավական դաշտ, բոլորն էլ ուրախ կլինեն, որ ստվերը կրճատվի: Ուրախ կլինի նաեւ առողջապահության նախարարը: Բայց հարցն այն է, որ այդ անիծյալ ստվերն այդպես էլ չի ուզում կրճատվի, բուժհաստատություններում շարունակում է ծաղկել կոռուպցիան, բնակչությունը շարունակում է դժգոհ մնալ բուժսպասարկումից: Լավ, այդ դեպքում ինչո՞ւ մեր ժողովրդի մասին մտահոգ իշխանությունները չեն ուզում, ինչպես իրենք են ասում՝ ուրախ լինել, պայքարել այդ արատավոր երեւույթների դեմ:

 

«Ես չէի ուզենա ԲՀԿ ղեկավարին համեմատել որեւէ ուրիշ քաղաքական գործչի հետ, որովհետեւ համարում եմ, որ նա շատ յուրօրինակ, շատ ազգային գործիչ է, եւ ինքն իր ճանապարհն ունի, որը մենք կտեսնենք»:

Հերմինե Նաղդալյան 1in.am
ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովն օրեր առաջ հայտարարեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը դառնալու շանս ունի: Հավանաբար Շարմազանովը շտապեց, քանի որ երեկ արդեն ի հայտ եկավ Ծառուկյանի մամուլի խոսնակը դառնալու շատ ավելի հարմար թեկնածու՝ ի դեմս Շարմազանովի ՀՀԿ-ական գործընկերոջ՝ ԱԺ մյուս փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին նման գովք չէին կարողանա անել նույնիսկ ԲՀԿ-ականները: Սա անգամ կասկած է հարուցում՝ միգուցե Գալուստ Գրիգորիչը ճի՞շտ էր, երբ ասաց, որ Ծառուկյանը Իվանիշվիլուց դեռ մի բան էլ ավելի է:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս