ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ 15-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐԸ

Երեկ՝ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած արյունալի ոճրագործության 15-րդ տարելիցի օրը, կայացավ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը, որից հետո նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իսկ մինչ այդ Սարգսյանն ու Ալիեւը առանձին-առանձին հանդիպել էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Դատելով պաշտոնական, ավանդույթի համաձայն, ժլատ հաղորդագրություններից, հանդիպումն առանձնապես արդյունք չի ունեցել Արցախի հիմնահարցի լուծման գործում: Այն թերեւս ավելի շատ մեծ քաղաքականության մեջ խաղաղասերի իմիջը վերականգնելու եւ դիվիդենտներ շահելու համար կազմակերպված գեղեցիկ շոու կարելի է համարել՝ կազմակերպված գերտերությունների կողմի:
Ֆրանսիական լարտվամիջոցների հաղորդմամբ, հանդիպման նպատակն է ղարաբաղյան հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը. «ապահովել կողմերի երկխոսությունը երկու ամիս առաջ ղարաբաղյան հակամարտության իրավիճակի սրացումից հետո»:
Նշենք, որ Հայաստանի կողմից Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Իսկ ավելի ուշ՝ Փարիզի ժամանակով 21.00-ին կայացել է երեք երկրների նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո Օլանդը պաշտոնական ընթրիք է տվել երկու նախագահների համար:
Համաձայն ՀՀ նախագահի պաշտոնական կայքի, «Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նաեւ անդրադարձել տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օլանդին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատարման եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար… Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունից բացի, ակտիվորեն զարգանում եւ ամրապնդվում են նաեւ տնտեսական կապերը. ֆրանսիական ներդրումների ծավալը հայաստանյան տնտեսության մեջ այսօր արդեն կազմում է շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար…»:
Իհարկե, պաշտոնական լեզուն գեղեցիկ է, բայց սովորաբար՝ ոչինչ չասող: Եթե փորձենք վերլուծել այսօրվա իրավիճակում արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման մանդատը ստանձնած ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի պահվածքը, թերեւս պետք է արձանագրել, որ նրանք ընդամենը փորձում են ուրաինական խայտառակ ու արյունալի տապալումից հետո աշխարհին ցույց տալ, որ իրենք միմյանց հետ խնդիր ունեն միայն Ուկրաինայի մասով: Իսկ ահա Արցախի հարցով, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը կարող են նստել մի սեղանի շուրջ հարցեր քննարկել, վերջում էլ՝ մի-մի թաս խմել: Ավելին՝ 3 երկրներն էլ, ըստ էության պնդում են, որ իրենց համար կարեւորը խաղաղությունն է: Այսինքն՝ Արցախի հարցի շահարկմամբ կողմերը փորձում են ցույց տալ, թե իրենք շարունակում են առաջնորդվել ժողովրդավարական նորմերով:
Բացի այդ, երեկվա հանդիպումը շատ կարեւոր էր նաեւ զուտ հերթականության իմաստով: Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հոկտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կազմակերպեց եռակողմ հանդիպում՝ Ալիեւ, Սարգսյան ձեւաչափով: Այնպես որ՝ հերթը Ֆրանսիայինն էր: Դրա համար էլ Ֆրանսուա Օլանդը նախաձեռնեց այս հանդիպումը: Միայն ուշագրավ է, թե ինչու հենց հոկտեմբերի 27-ին: Չգիտեի՞ն, որ Հայաստանում 15 տարի առաջ այդ օրը գլխատվեց պետությունը, ու քրեական գործի մանրամասները մինչեւ վերջ բացահայտված չեն: Դժվար թե: Իսկ գուցե չե՞ն իմացել: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու Հայաստանից որեւէ մեկը չի ասել՝ հոկտեմբերի 27-ը մեզ համար այնքան էլ հաճելի հիշողություններով հագեցած օր չէ:
Ինչեւէ, արձանագրենք, որ Սերժ Սարգսյանն այս էլ երկրորդ անգամ Ալիեւի հետ բանակցությունների է գնում բավականին «ամուր դիրքերով»: Ինչպե՞ս բացատրենք: Միջազգային լրահոսը ողողված է տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, Իլլհամ Ալեւը բռնատիրական կարգեր է հաստատել երկրում: Իսկ Սերժ Սարգսյանի դիրքերը միանգամայն ուժեղ են, քանի որ նա ունի հզոր ընդդիմություն՝ ի դեմս ոչ իշխանական եռյակի, որը բազմահազարանոց հանրահավաք է անում, պահանջում է իշխանափոխություն ու Սերժ Սարգսյանը ոչ ճանապարհ է փակում, ոչ բանտարկում է, ոչ էլ՝ ծեծում: Հետաքրքիր է՝ այս իրավիճակը գոնե որոշ չափով օգնե՞լ է մեր երկրին՝ Հայաստանի սասանված միջազգային վարկը վերականգնելու ուղղությամբ:
Ինչպես հայտնի է. մեկ գիշերում Սերժ Սարգսյանն «իր կաշին փրկելու համար» որոշեց, որ Հայաստանը գնում է դեպի եվրասիական միություն՝ դրանով մրջազգային հանրության մոտ ձեռք բերելով պարզապես «քցողի իմիջ»:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԼՔԵՑ ԴԱՀԼԻՃԸ
Երեկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հղիության նպաստների հարցով հրավիրված լսումների ժամանակ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Նշված հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չէր կարողանում նստելու տեղ գտնել, քանի որ լսումների սենյակում ամենատարբեր ոլորտի մարդիկ էին «հավաքվել»: Գործընկերներից որեւէ մեկը չցանկացավ իր տեղը զիջել պատգամավորին: Երկար «դեգերումներից», հարց ու փորձ անելուց հետո Լ. Սարգսյանը վրդովված լքեց դահլիճը: ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (մարտունեցի) եւս աչքի չընկավ Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ անհրաժեշտ հարգանքի դրսեւորմամբ:
Ի դեպ, նիստին մասնակցում էին նաեւ հանձնաժողովի հետ որեւէ առնչություն չունեցող պատգամավորներ. օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Մնացական Մնացականյանը եւ այլք: Լ. Սարգսյանը, ըստ էության, ԱԺ ոչ իշխանական ուժերից միակ ներկայացուցիչն էր, ում հրավիրել էին: Սակայն նրան էլ «դուրս թողեցին»:

 

ԱՌԱՆՑ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ
Շաբաթ օրը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամուսնացել է: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում նորապսակներին օծել է Պարգեւ Սրբազանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նույն օրը պատգամավորը նշել է իր ծննդյան 37-ամյակը: Ն. Կարապետյանի ամուսինը քաղաքականության հետ որեւէ առընչություն չունի, ինչի համար էլ երեւի որոշվել է հարսանեկան արարողությունն անցկացնել ընտանեկան միջավայրում: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները չեն մասնակցել Կարապետյանի հարսանիքին: Նշենք նաեւ, որ ուրբաթ օրն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Մարգարիտ Եսայանն էլ նշել է իր «մարգարտյա» հարսանիքը՝ առանց հարսի ճերմակ զգեստի:

 

ԴԵՄ ՉԷ
Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում է, թե ով առաջիկայում կնշանակվի Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում: Քննարկվող թեկնածուների թվում է նաեւ Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանի անունը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Հարություն Սարգսյանի հետ, ով ասաց. «Ինձ դեռ ոչ ոք ոչինչ չի ասել: Դեռ ոչ մի առաջարկ չի եղել»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե առաջարկ լինելու դեպքում քաղաքապետը կընդունի՞ այն, նա պատասխանեց. «Քաղաքական որոշում եթե եղավ, ապա՝ այո: Բայց դեռ առաջարկ չի եղել, հետեւաբար, չգիտեմ»:
Հիշեցնենք, որ վերջերս Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից ազատվեց Էդգար Ղազարյանը: Նա ջութակ նվագելով հեռացավ մարզից, ապա նշանակվեց Լեհաստանում ՀՀ դեսպան:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ 7 ՏՈԿՈՍԸ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտնել է, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4%, եւ եթե մինչեւ տարեվերջ կարողանան պահպանել այս ցուցանիշը, ապա դա կլինի ձեռքբերում: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս տարածաշրջանային եւ աշխարհում ընթացող բոլոր պրոցեսների մեջ տնտեսությունը կայուն զարգացում ապրի, բայց բոլորդ գիտեք, որ մենք գտնվում ենք Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության պայմաններում, ինչը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա»,-ասել է նա:

 

ՏԽՈՒՐ ՊԱՏԿԵՐ
«Գիտեք, իշխանություններին քննադատել, ասել դուրս կգամ փողոց՝ դրանով ինձ չես զարմացնի, է: Ես Արտաշես Գեղամյան եմ տեսել: Այնպիսի ելույթներ՝ իշխանությունների եղբայրներից սկսած՝ ծնողներով դուրս եկած եւ հետո այսօրվա վիճակը: Դրանով ինձ զարմացնել չի լինի: Մանավանդ Գագիկ Ծառուկյանի ասածները շատ անմեղ բաներ էին: Վերջիվերջո խոսքը իրենն է, ինքն այս վերջին հանրահավաքում ապացուցեց, որ մարդ բերողն ինքն է, մարդիկ գալիս են իրեն լսելու, ոչ թե նրանց լսելու, իսկ դա ինձ համար, անկեղծ ասած, տխուր էր: Տխուր էր Լեւոն Տեր-Պետրոսյանի համար եւ Ստեփան Դեմիրճյանի: Ես Արտաշես Գեղամյանից էլ շատ բաներ եմ սովորել, ես չեմ ափսոսում, որ ձեռքը բռնել եմ ու հրապարակում կանգնել եմ: Րաֆֆի Հովհաննիսյանից էլ: Բայց այս պարագայում սրտի ցավ եմ զգում, չէի ուզենա այդ տեսնել»,- «Առավոտին» ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

 

ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Երեկ Ստեփանակերտում մեկնարկել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Շ. Գուլիեւը մեղադրվում է բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առեւանգելու եւ գողություն կատարելու մեջ, իսկ Դ. Ասկերովը նաեւ սպանության`զուգորդված մարդուն առեւանգելով կամ պատանդ առնելով եւ քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարեւոր այլ փաստաթուղթ հափշտակելու մեջ: Երեկվա նիստում Գուլիեւը հայտարարել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում սահմանը հատելու հարցում. (չի իմացել, որ այդտեղով սահման է անցնում) եւ հերքում է Սմբատ Ցականյանի սպանությանն իր մասնակցությունը:

 

ԼԻՍԿԱՅԻՆ ՏԵՍԵԼ Է
«Այսօր արհեստական այնքա՜ն հերոսներ ունենք: Այսօր շարմազանովներն ու չգիտեմ ինչերը մեդալ են ստանում: Դրանք ի՞նչ կապ ունեն: Այսօր էլ գալիս են, գլուխ են խոնարհում Սպարապետի առաջ: Դրանք այնքան արխային են, որ գլուխը չի բռնի Սպարապետը, հակառակ դեպքում այստեղ չէին մտնի երբեք: Մենք կուղղենք այս ամեն ինչը»,-Aravot.am-ին ասել է Եռաբլուր այցելած պայմանագրային գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Հարցին՝ կռվի դաշտում Սուրիկ Խաչատրյանին տեսե՞լ եք, ինչպե՞ս է իրեն դրսեւորել՝ նա պատասխանել է. «Լիսկայի՞ն, իհարկե, մեր ընկերն է, իմ կողքին է եղել»:

 




Լրահոս