ԵՐՇԻԿ ԳՈՂԱՑՈՂՆԵՐԻ ՔԻՄՔԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ
Դեռեւս ամռանը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը հայտնել էր, որ պատրաստվում է հոկտեմբերի սկզբին հանդես գալ մենահամերգով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, երգիչը տեղեկացրեց, որ մենահամերգը հետաձգվել է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
-Սպասված մենահամերգը, ի վերջո, ե՞րբ կկայանա:
-Եթե դեկտեմբերին չլինի, կլինի գարնանը: Ծախսերի հետ կապված խնդիր կա…
-Ստիպված եք լինելու հովանավորներ փնտրե՞լ:
-Առանձնապես նման բնավորություն, փող ուզելու սովորություն չունեմ: Մի քանի տարի առաջ մեկ-երկու անգամ դաժան պատասխաններ են եղել, իսկ ես նման բաներ չեմ սիրում: Մարդկանց թվում է, որ եթե փող ունեն, ինչ-որ արժեք են ներկայացնում իրենցից:
-Գիտենք, որ ժամանակին գրավիչ առաջարկներից եք հրաժարվել…
-Գրավիչ առաջարկներ միայն կանանցից եմ սիրում ստանալ(ծիծաղում է): Օրինակ՝ փողատեր մեկից այդպիսի մի առաջարկ էի ստացել, հետո իմացա, որ եթե ինքը գումար տրամադրի, ոնց ասի, պետք է այնպես շարժվեմ, չհամաձայնեցի:
-Երեւի քաղաքական գործիչ է եղել…
-Այո՛, նա քաղաքականության մեջ էր, ես էլ հետագայում չէի կարողանալու որեւէ քաղաքական դիրքորոշում հայտնել, ասացի՝ ինքն էլ, իր փողերն էլ, Աստված իր հետ…Ստեղծել եմ իմ անկախ աշխարհը՝ ընկերներով լի, մի օր պարտքով փող տալով, մի օր վերցնելով. այդպես էլ ապրում ենք…
-Վերադառնանք մենահամերգին. դրա ընթացքում պրեմիերաներ կլինե՞ն:
-Այո՛, իհարկե, կնչեն նոր երգեր, որոնց հեղինակը ես եմ: Բայց արդեն հայրենասիրական բնույթի գործեր չեն լինի…Սուտ է. հայրենիքը թաքուն են սիրում, եթե այդ սիրո մասին բարձրաձայնում ես, ուրեմն մի բան այն չէ…
-Վերջերս նաեւ տեսահոլովակներով հանդես չեք գալիս…
-Տեսահոլովակ երեւույթն ինչ-որ շինծու բան է, սինթետիկ արվեստ…Ես նախընտրում եմ դրա փոխարեն ներկայանալ համերգով: Մարդիկ սկսում են ուշադրություն դարձնել հոլովակի աղջկան կամ տղային, դրա սյուժեին՝ մոռանալով բուն ստեղծագործության մասին: Տեսահոլովակը դիտարկում եմ երգը տարածելու զուտ տեխնիկական միջոց:
-Արտերկրից համերգների հրավերներ ունե՞ք:
-Չէ, չեն հրավիրել…Ի դեպ, ես ինքնաթիռից վախենում եմ, այնպես որ ուրախանում եմ, որ առաջարկներ չկան (ծիծաղում է): Առհասարակ, արտասահմանցի հանդիսատեսի համար ելույթ ունեցողներին կարելի է մատների վրա հաշվել, իսկ արտասահմանի ռաբիս հայերի համար պետք է ելույթներով հանդես գան հենց նրանք, ովքեր այսօր համերգներով գնում են արտերկիր…Ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց խանութից երշիկ գողացողների, այն մարդկանց համար, ովքեր այստեղ չէին կարողանում ապրել, իսկ արտերկրում գողություն անելով են զբաղված, հենց այդ ժանրն է պետք…Երբեք չկարողացա հասկանալ այդ խավին…Իհարկե, խոսքը բոլորին չի վերաբերում…
-Իսկ Երեւանում կա՞ մի տեղ, որտեղ կարող ենք մշտական լսել ձեզ:
-Նման կոնկրետ տեղ չկա: Երեւանյան ակումբներից մեկում, օրինակ, բարդային կուլտուրա եմ ներկայացնում, բայց որպես երգահան հանդես չեմ գալիս: Մի ժամանակ ռեստորանում էի երգում, հիմա արդեն այնտեղ էլ հանդես չեմ գալիս:
-Ձեր ընտանեկան մոդելը՝ ամուր, ավանդական, կարող է օրինակ լինել շատերի համար: Այսօր հայ հասարակության շրջանում ընտանիք ինստիտուտի վերաբերյալ կարծիքները ոչ միանշանակ են, երբեմն երիտասարդները դժվարանում են ավանդական ու ժամանակակից մոդելների միջեւ ընտրություն կատարել:
-Պատճառն այն է, որ միջինը չեն կարողանում գտնել. երբ ասում են ավանդական ընտանիք, պատկերացնում են, որ բոլորը պետք է տարազներով լինեն, իսկ երբ ասում են ժամանակակից, կարծում են, թե տղամարդը պետք է անպայման ականջօղ կրի…Իրականում այս խնդիրը բարդ փիլիսոփայական չէ…Երբ կինը կին է, տղամարդը՝ տղամարդ, ամեն մեկն իր ֆունկցիաներն է կատարում, ամեն բան իր տեղն է ընկնում:
-Հիմա ինչի՞ մասին եք երազում:
-Փողի. ոչ թե որ հարուստ լինեմ, այլ որ օգնեմ նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն:
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ԹԵ՞ ԴԵՐԱՍԱՆ
Այս տարվա հոկտեմբերի 1-ից Գեւորգյան հոգեւոր ճեմարանում ոչ պարտադիր ծրագրով դասավանդվում է խոսքի արվեստ առարկան: Դասախոսը դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանն է: Ճեմարանի քարոզչության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Վահան սարկավագը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դասընթացի հիմնական նպատակն է ապագա հոգեւորականներին ճիշտ խոսել սովորեցնելը եւ խոսքի իմաստը ճիշտ փոխանցելը: «Հոգեւորականը խոսում է բեմից, ժողովրդի հետ, նա խոսքը հասցնելու խնդիր ունի, եթե շեշտադրությունը ճիշտ չդնի, խոսքի իմաստը սխալ կհասկացվի»,-մեկնաբանեց Վահան սարկավագը:
Թերեւս հենց այն պատճառով, որ այսօր հոգեւորականները խոսում են միայն բեմերից, նրանք պարտավոր են տիրապետել նաեւ խոսքի արվեստին: Այն, որ ամեն հոգեւորական պետք է տիրապետի գրագետ խոսքին, պետք է իմանա իր միտքը կառուցել, երգել ու ասմունքել, դա հասկանալի է, սակայն սա հիմք չէ, որ արվեստը մուտք գործի եկեղեցական ծառայության շրջանակ: Հոգեւորականը պետք է բեմից արվեստ քարոզի՞, թե՞ փորձի գրագետ, բայց անմիջական, առանց շինծու պաթոսի առնչվել ժողովրդի հետ: Եթե ճեմարանների ուսանողներին դասավանդվում են հռետորություն, քարոզխոսություն առարկաները, ինչպես Վահան սարկավագն է ասում, քարոզը ճիշտ ձեւակերպելու, այն ճիշտ պատրաստելու եւ մատուցելու հմտություններին տիրապետելու նպատակով, ապա ուսանողների առջեւ ի՞նչ խնդիր է դրվում խոսքի արվեստ առարկան ուսուցանելու դեպքում: Եթե այս առարկաների բնույթը նույնական չէ, ապա ո՞րն է տարբերությունը: Դավիթ Հակոբյանի պարզաբանմամբ՝ ուսանողները քարոզխոսություն են սովորում, բայց խոսքի տեխնիկան, որը զուտ մասնագիտական խնդիր է, չէին անցնում. խոսքը վերաբերում է ճիշտ շնչելուն, բաղաձայններն օգտագործելուն, դադարներ տալուն, տրամաբանական շեշտեր փոխանցելուն եւ այլ մասնագիտական հարցերի: Եվ, այնուամենայնիվ, դերասանը խոստովանեց այն, ինչը մեր մտավախության առարկան էր. «Համարյա նույն բանն ենք սովորեցնում, ինչ դերասանի վարպետության ժամանակ դերասաններին. բեմում ելույթ ունենալ, բեմից ճիշտ խոսել, վերջին հաշվով, քահանան էլ դերասանի պես ելույթ է ունենում անկախ իրենից»,-եզրափակեց Դավիթ Հակոբյանը:
Այս ամենից հետո հավատացյալներին մնում է կռահել, թե եկեղեցական ծեսերի եւ արարողությունների ժամանակ որտեղ է ավարտվում հոգեւորականի կերպարը եւ սկսվում դերասանինը. եկեղեցում վարագույրները չեն բացվում ու չեն փակվում:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՆՈՐ ՍԻՐԱՎԵ՞Պ
Մոդել Անթոնի Մարտիրոսյանը շուտով կդառնա բրիտանական ապրանքանիշերից մեկի գովազդային դեմքը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ինքը համատեղ ֆոտոշարք է իրականացրել դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ՝ փորձելով ներկայանալ նորովի:
«Անժելայի հետ ծանոթացել եմ «Արմենիա» հեռուստաընկերությունում: Մենք շատ լավ ընկերներ ենք: Հնարավոր է՝ կարծեն, թե միասին ենք եւ սիրավեպ ունենք, բայց այդպես չէ: Հանրության կարծիքով չեմ առաջնորդվում եւ անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում»,-ասել է նա:
ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵՑ
Երգչուհի Քրիստինե Պեպելյանի մոտ այժմ բուռն աշխատանքային շրջան է: Esem.am-ի փոխանցմամբ՝ օրերս նա նոր տեսահոլովակ է նկարահանել «Հայաստանի ձայնը» նախագծում իր խմբում ընդգրկված Արամ Գինոսյանի հետ, զուգերգի հիման վրա: Հիշեցնենք, որ երգչուհին Արամին դուետ էր խոստացել, երբ վերջինիս դուրս էր թողել իր թիմից: «Արամը պետք է զգա, որ իր կողքին կա մարդ, ով կօգնի ճանապարհի սկզբին: Շատ կարեւոր է, որ գործունեությանդ սկզբում կողքիդ լինեն մարդիկ, ովքեր կխրախուսեն, կօգնեն քեզ»,-ասել է Քրիստինեն:
«Սերը կա» երգի երաժշտության հեղինակը Քրիստինե Պեպելյանն է, իսկ խոսքերը գրել է Անահիտ Մխիթարյանը: Քրիստինեի խոսքով՝ հեղինակային երգի ընտրությունը պատահաբար է ստացվել, ուղղությունը ցույց է տվել տեսահոլովակի ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը. «Ես Սյոմային ցույց տվեցի այս երգը՝ առանց ասելու, որ ես եմ հեղինակը: Նա պնդեց, որ ես ու Արամը հենց սա կատարենք»,-պատմել է երգչուհին:
ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՆՈՐ ԲՈՒՅՐԸ
Ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը ներկայացնում է իր անվանական օծանելիքի բրենդի շարքի նոր՝ արդեն 7-րդ բույրը: Կանացի այս օծանելիքը կոչվում է «Fleur Fatale», որն ունի էլեգանտ, ծաղկային բույր: Օծանելիքի ստեղծողներն այդ բույրը բնորոշում են որպես «անխուսափելի գայթակղություն»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը նշել էր. «Ես սիրում եմ նորաձեւությունը եւ կուզենայի մեծացնել իմ հավաքածուն՝ համալրելով այն նոր պարագաներով»: