«Ժողովուրդ»-ի խմբագրությունը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ խանութներում վաճառվում է աղտոտ կեղեւով հավկիթ: Ընդ որում, մեզ դիմած քաղաքացիներն ասվածն ապացուցող լուսանկարներ եւ անգամ գնված տուփով աղտոտ ձվեր են ներկայացրել: Մինչդեռ օրենքը, ինչպես հայտնի է, պահանջում է, որ խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվող հավկիթը լինի լրիվ մաքուր՝ առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի, այլապես սպառողների առոջությունը կվտանգվի:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի վերջին` հերթական անդրադարձի ընթացքում նշել էինք, որ օրինախախտ ընկերությունը «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան է: Իսկ այս անգամ ստացված աղտոտ ձվերի տուփից պարզեցինք, որ օրինախախտ տնտեսվարողների շարքն է համալրել նաեւ նորաստեղծ «ԴավՌուբ» ՍՊԸ-ն: Սակայն այս ընկերության պատասխանատուներին փնտրելու՝ «Ժողովուրդ»-ի ջանքերն ապարդյուն անցան: Թեեւ այն պետական ռեգիստրում գրանցված է, որպես հիմնադիր էլ նշված է Դավիթ Ծառուկյանը, բայց ո՛չ հավկիթի տուփի, ո՛չ էլ պետռեգիստրի տվյալներում որեւէ հեռախոսահամար չգտնվեց:
Տեղեկացնենք, որ սերտիֆիկացման պարտադիր կետերի մեջ հստակ գրված է, որ ձվերը վաճառքի են թույլատրվում միայն մաքուր վիճակում, իսկ աղտոտված վիճակով հավկիթները խանութ չպետք է ուղարկվեն, քանի որ ձվի կեղեւի ծակոտիների մեջ կարող են թափանցել տարբեր միկրոբներ:
Բացի այս՝ ձվերի արտադրության համար բուծվող թռչունները պետք է ենթարկվեն անասնաբուժական զննման: Չեն թույլատրվում իրացման այն թռչուններից ստացված ձվերը, որոնց նկատմամբ բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով կիրառվել են անասնաբուժական դեղամիջոցներ` մինչեւ դրանց թռչնի օրգանիզմից հեռացման ժամկետի ավարտը, ինչպես նաեւ բուծման ընթացքում օգտագործվել են արգելված անասնաբուժական դեղամիջոցներ:
Իսկ, ահա, ձվի եւ ձվամթերքի տեխնիկական կանոնակարգում ձվերի եւ ձվամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջներից ամենակարեւորն այն է, որ ձվերի կեղեւը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի եւ բծերի: Ավելին՝ աղտոտված կեղեւով ձվերը ենթակա են թռչնաբուծարանում լվացման` ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված սինթետիկ լվացող միջոցներով: Լվացված ձվերը պետք է տեսակավորվեն առանձին:
Այս կարգի պահպանման անհրաժեշտությունն ընդգծեց նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով, եթե նույնիսկ փաթեթավորված է, ապա միեւնույն է՝ հավկիթի վրա չպետք է լինեն դեղնուցի կամ ծերտի հետքեր: «Այն պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգով հաստատված պահանջներին, որի մեջ աղտոտվածության հարցը իրականում դրված է: Այսինքն՝ նույնիսկ եթե տուփի վրա էլ գրված լինի գյուղական, ապա այդ դեպքում էլ տնտեսվարողն իրավունք չունի աղտոտված կեղեւով ձու մատակարարել»:
Այդուամենայնիվ, ի հակառակ մեր քաղաքացիների ահազանգերի՝ Պիպոյանը վերջին շրջանում ներքին շուկայում աղտոտված կեղեւով հավկիթ շատ քիչ է հանդիպել:
Իսկ ահա «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն աղտոտված ձվերի հետ կապված բազմաթիվ ահազանգեր է ստացել: Սակայն ժամանակի սղության պատճառով դեռ չի կարողացել դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: «Մեր խնդիրն այն չէ, թե ինչպես ծերտն ու դեղնուցը հայտնվեցին կճեպի վրա, այլ այն, որ նման տեսքով ձուն արդեն չպետք է լինի խանութում կամ սուպերմարկետում: Քանի որ ձվի կճեպն ունի ծակոտկենություն, եւ այդ միջոցով վտանգը կնեթափանցի ձվի մեջ»,- մտահոգվեց Պողոսյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղ ընդունեցին մեր բողոքը եւ խոստացան ընթացք տալ: «Ժողովուրդ»-ը կհետեւի զարգացումներին եւ կտեղեկացնի իր ընթերցողներին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ