ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները, որքան էլ սրբագրված եւ «պլպլացրած» են, միեւնույն է՝ մատնում են այն ծանր կացությունը, որում հայտնվել է Հայաստանի տնտեսությունը:
Ինչպես հայտնի է, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4,3 տոկոսով: Այլ կերպ՝ պաշտոնապես Հայաստանի տնտեսությունն աճել է: Սա այն դեպքում, երբ նույն այդ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2,5, իսկ շինարարությունը` 2,4 տոկոսով: Իհարկե, կարող է հարց ծագել, թե այդ դեպքում ինչպես են պաշտոնական վիճակագրերը կարողացել աճ նկարել: Պատասխանը շատ պարզ է՝ գյուղատնտեսության հաշվին: Պաշտոնապես Հայաստանի գյուղատնտեսության համախառը ներքին արդյունքն աճել է 6,9 տոկոսով: Իհարկե, Հայաստանում ապրող ցանկացած ոք կասի, որ այս տարի գյուղատնտեսությունը չէր կարող աճ արձանագրել, որովհետեւ անցած տարվա ցուրտ ձմեռանից հետո, մի շարք պտղատեսակների բերք ընդհանրապես չի ստացվել, բանջարեղենի հարցում էլ գարնան ցրտահարությունը եւ կարկուտն իրենց սեւ գործն արեցին: Այս տարի շուկայում առատ են եղել միայն դեղձն ու սալորը: Նույնիսկ կարտոֆիլի բերքն է այս տարի զգալի նվազել, ինչի արդյունքում այդ գյուղմթերքի գինը շուկայում կտրուկ բարձրացել է: Բայց, դե, այս ամենը չի խանգարում, որ պաշտոնական վիճակագրերը գրեն, որ գյուղմթերքի համախառն արդյունքը աճել է:
Պաշտոնական վիճակագրերը չեն բացատրում նաեւ, թե ինչպես կարող է աճող տնտեսությունում երկաթուղային եւ ավտոմոբիլային բեռնափոխադրումները նվազեն համապատասխանաբար 4,5 եւ 24,7 տոկոսով: Այսինքն՝ տնտեսությունն աճում է, իսկ ավտոմեքենայով բեռնափոխադրումների ծավալը կտրուկ անկում է ապրում: Հայաստանի տնտեսվարողները հավանաբար ուղաթիռներով ու ինքնաթիռներով են իրենց ապրանքների բեռնափոխադրումները կազմակերպում:
Հայաստանի պաշտոնական վիճակագրերի ինադու՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն էլ մի կողմից է փիս-փիս թվեր հրապարակում: Ըստ «Գազպրոմ-Արմենիայի»՝ այս տարվա անցած ինն ամիսներին բնակչության օգտագործած գազի ծավալները նվազել են 2 տոկոսով, իսկ արդյունաբերական ձեռնարկություններինը` 13,8 տոկոսով:
Արդյո՞ք նման պայմաններում հնարավոր է տնտեսության աճ: Ցանկացած բանական մարդ կպատախանի, որ ոչ: Բայց, դե, պաշտոնական վիճակագրությունը վաղուց է բանականությունից հեռացել:
Ի դեպ, Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն գոյատեւում է արտերկրից եկող գումարների հաշվին: Սակայն այստեղ էլ իրավիճակը գնալով վատթարանում է, եւ բարելավման ոչ մի հեռանկար չկա: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ անցած ինն ամիսներին արտերկրից եկող տրանսֆերների դրական տարբերությունը (մուտքերի եւ ելքերի տարբերությունը) կազմել է 963 միլիոն 830 հազար դոլար: Անցած տարվա ինն ամիսներին այդ ցուցանիշը եղել է մեկ միլիարդ 47 միլիոն 410 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա համեմատ տրանսֆերները նվազել են 83 միլիոն 580 հազար դոլարով կամ նույն է թե` 8 տոկոսով: Փաստորեն Հայաստանի տնտեսության ներքին կարեւոր գործակիցների նվազելուց բացի՝ արտաքին տնտեսությունը՝ արհեստական «կերակրող» գործոնը եւս անկում է ապրել:
Կասկածից վեր է, որ ՀՀ իշխանության վերնախավը վերը բերված թվերին քաջածանոթ է: Բայց ինչո՞ւ են նրանք իրենց վիճակագիրներին պարտադրում, որ անպայման աճ գրեն: Եթե Հայաստանի բնակչությանը խաբելու համար են դա անում, ապա, մեղմ ասած, ղալաթ են արել: ՀՀ բնակչությունը մեծ հաշվով թքած ունի, թե պաշտոնական թվերում ինչ է գրված, նա իր կյանքի որակով պայմանավորված գիտի՝ կյանքը լավացել է, թե վատացել: Իսկ միգուցե ՀՀ ղեկավարությունն իր համա՞ր է տնտեսական աճի պլպլացրած թվերը գրում, որ նայեն, ուրախանան: Այս դեպքում լավ կլինի՝ դիմեն բժիշկների օգնությանը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ