ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՐԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ, ՀԻՄԱ…

Սոնա Ռուբենյանի համար այժմ բուռն ստեղծագործական շրջան է: Կարճ ժամանակում ճանաչում ձեռք բերած եւ հանդիսատեսի համակրանքին արժանացած երգչուհին, սակայն, հեշտ չի անցել իր ստեղծագործական ուղին: «Հայ սուպեր-սթար-5»-ը, «Նոր ալիք-2014» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ եղել է այնպիսի ժամանակ, երբ ինքն ուզեցել է երգել, բայց համապատասխան հարթակ չի ունեցել:

-Սոնա՛, պատրաստվում եք դեկտեմբերին կայանալիք Ձեր առաջին մենահամերգին, երեւի պատասխանատվության զգացումը մեծ է, այո՞:
-Այո՛, քանի որ չունեմ հովանավոր ու պրոդյուսեր, է՛լ ավելի դժվար է ամեն բան միայնակ անելը, շատ եմ մտածում ամեն քայլիս մասին: Նշեմ, որ համերգի ժամանակ կլինեն երգերի պրեմիերաներ, դրանց մի մասի հեղինակը ես եմ, մյուսները հայտնի երգահանների գործեր են, որոնք երբեւէ չեմ կատարել: Դրանց թվում է Էլվինա Մակարյանի հեղինակած ստեղծագործությունը, որը նվեր եմ ստացել 2003-ին, ԱՄՆ-ում՝ իր տանը: Վարդուհի Վարդանյանը տասը տարի առաջ ինձ տարել էր երգչուհու տուն, հենց այնտեղ էլ Էլվինա Մակարյանը փոխանցեց իր ձեռագրով գրված մանկական, ջազային բնույթի այդ գործը:
-Մտադրություն չունե՞ք նկարահանելու «Աշնան սերենադ» սիրված երգի տեսահոլովակը. ի վերջո աշուն է:
-Մոտ օրերս կմեկնարկեն նկարահանման աշխատանքները, հուսով եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն եթեր կհեռարձակվի: Ինչպես հիշում եք, դա «Պրեմիերա» երաժշտական նախագծի շրջանակներում ստացած նվերն էր:
-Վերջերս «The Beautified Project»-ի հետ ներկայացաք զուգերգով, ինչպե՞ս ծնվեց այդ համագործակցությունը:
-Անդրե Սիմոնյանն այդ երգը գրել է 10 տարի առաջ: Նրա խոսքով՝ երբ համերգներից մեկի ընթացքում միասին կատարեցինք այն, ինքը մտածել է, որ վերջապես գտել է այն մարդուն, ով կարող է կատարել ռոք բալլադը այնպես, ինչպես ինքն է պատկերացրել: Ռոքը միշտ եմ սիրել, ու թեեւ սա թեթեւ գործ էր, կարելի է ասել՝ այդ ժանրում իմ առաջին փորձն էր:
-20 տարեկան աղջնակի համար երգարվեստում քայլեր անելու ճանապարհին աջակիցներ են պետք. ինչպե՞ս եք հոգում այդ հարցը:
-Ինչպես նշեցի՝ հովանավորներ չունեմ, ինձ միշտ օգնել են ծնողներս եւ հարազատ դարձած «Շանթ» հեռուստաընկերությունը, որն ինձ դրսեւորվելու ու առաջ գնալու հնարավորություն տվեց:
-Թեեւ փոքր եք եղել, գիտենք, որ առնչվել եք Երգի պետական թատրոնի ավագ սերնդի հետ. ի՞նչ հիշողություններ ունեք անցած տարիներից:
-Ես 93-ին եմ ծնվել, հիշում եմ, որ դրանք շատ դժվար տարիներ էին, մայրիկս պատմում է, որ մոմի լույսն ու սիրելի երաժշտությունը բավական էին, որ ես քնեի… Ես այն երեխաներից եմ եղել, ովքեր միշտ երգել են մանկապարտեզի, դպրոցի հանդեսների ժամանակ: Հետագայում ծնողներս ինձ ճիշտ ուղու վրա դրեցին: Երգի թատրոնից տպավորվել են, օրինակ, Վարդուհի Վարդանյանը, Քրիստինե Պեպելյանը: Հիշում եմ, որ նրանց շրջանում սկզբունքայնություն կար, որ հիմա շատերի մոտ բացակայում է:
-Սոնա՛, գաղտնիք չէ, որ մի շարք նվիրված երկրպագուներ ունեք: Նրանց հետ կապված որեւէ ուշագրավ դեպք կհիշե՞ք:
-Ունեմ շատ հավատարիմ մի երկրպագու (թեեւ այդ բառը չեմ սիրում), ում միշտ պատահական տեսնում եմ փողոցում: Մի օր, երբ քայլում էի քաղաքում, նա մոտեցավ, փաթաթվեց, լաց լինելով ասաց, որ մայրիկի հետ նստած երազում էր ինձ տեսնել… Նրա պես մարդիկ են, որ ուժ են տալիս երգչին…
-Ճանաչվելուն զուգահեռ տղա երկրպագուների շատանալը զգացե՞լ եք:
-Ինչ ասեմ… (ծիծաղում է): Եթե սիրում են քո արած գործը, քո երգերն ու ձայնը, դա շատ լավ է… Տարբեր մարդիկ տարբեր կերպ են դրսեւորում իրենց, դեռ չեմ ուզում այդ մասին խոսել:
-Ասում են՝ գեղեցիկ աղջիկների անձնական կյանքը դժվար է դասավորվում. նման մտավախություն երբեւէ ունեցե՞լ եք:
-Չեմ կարծում, որ այդպես է… Ամեն դեպքում, կարծում եմ՝ շուտ է անձնականի մասին խոսել: Երբ կունենամ անցած որոշակի ճանապարհ, նոր կսկսեմ մտածել դրա մասին: Եվ, այնուամենայնիվ, գլխավորն անձնական կյանքն է, որին ոչինչ չի փոխարինի:
-Մեծ երազանքներ ունեցող մարդիկ ապրում են նաեւ մեծ հիասթափություններ. Դուք սա երբեւէ զգացե՞լ եք Ձեր մաշկի վրա:
-Հիասթափություններ շատ են լինում, հատկապես, երբ հուզական մարդ ես, դրանք ավելի շատ են վնասում քեզ: Կարող եմ ասել, որ մասնակցությունս «Սուպեր-սթար» նախագծին հիասթափության արդյունք էր. ես ուզում էի երգել, բայց դրա համար հարթակ չունեի: Կյանքում ամեն սեւ ստեղնի փոխարինում է սպիտակը, ուստի հիասթափությունները փորձում եմ հետեւում թողնել:

 

 

 

ՋՈՒԹԱԿԻ ՁԱՅՆՆ ԱՂՄՈՒԿԻ ՄԵՋ ԼՍԵԼԻ ՉԷ

Երբ ջութակահարուհի Սոնա Արզումանյանը իտալական Կրեմոնա քաղաքում տեղի ունեցած կատարողների չորրորդ միջազգային մրցույթում միջին տարիքային խմբում արժանացավ առաջին մրցանակի եւ էլի երկու հատուկ մրցանակների, հայաստանցիներից հաշված թվով մարդիկ իմացան այդ մասին, իսկ լրատվամիջոցները, չգիտես ինչու, լռեցին (իրադարձությամբ հետաքրքրվել էր միայն մեկ կայք, ընդ որում՝ ոչ պաշտոնական):

Երաժիշտների ընտանիքում մեծացած 12-րդ դասարանի աշակերտուհին երազում է, որ իր արվեստի նկատմամբ մեր երկրում ավելի մեծ հետաքրքրություն լինի, իսկ իր աշխատանքը գնահատվի: Հակառակ դեպքում չի բացառվում, որ Սոնան էլ, մի շարք երաժիշտների նման, հրապուրվի արտերկրի հրավերներով, հատկապես այն դեպքում, երբ դրա համար բոլոր նախապայմանները կան:
Միջազգային մրցույթին մասնակցելուց հետո ջութակահարուհին արտերկրում սովորելու երկու առաջարկ է ստացել. «Այդ հարցը դեռ քննարկում ենք, հստակ չեմ կարող ասել՝ որտեղ կսովորեմ, բայց լավ կլիներ, եթե արտերկրում ուսանեի, ամեն դեպքում, պետք է հաշվի առնել նաեւ ֆինանսական հնարավորությունները»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Սոնան: Նա դժվարանում է ասել՝ իրեն հետագայում կհաջողվի իր աշխատանքին համարժեք վարձատրվել, թե ոչ. «Այսօր արվեստը չի գնահատվում, շատ դժվար է գումար վաստակելու մասին խոսելը, հույս ունեմ՝ իրավիճակը կլավանա»,-նշեց նա:
Սոնան մտածել է նաեւ երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու մասին, սակայն ցանկություն ունի շարունակելու ջութակահարի կարիերան, թեեւ նկատում է, որ մարդիկ այսօր ավելի շատ հետաքրքրված են, օրինակ, շոու-բիզնեսով, քան արվեստով, դասական երաժշտությամբ. «Դասական ժանրի երաժշտությունը, ցավոք, ամենաքիչն է հետաքրքրում մարդկանց»,-պնդում է ջութակահարուհին:
Ի դեպ, Սոնան առաջիկայում պատրաստվում է ելույթ ունենալ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Կոմիտասի անվան կվարտետի 90-ամյակին նվիրված համերգին: Խոստումնալից ջութակահարուհուն կարելի է լսել նաեւ «Նոր անուններ» կազմակերպության համերգների շրջանակներում: Սոնայի արվեստի սիրահարները ուրախանալու եւս մեկ առիթ կունենան, հավանաբար, արդեն ապրիլին. ջութակահարուհին ծրագրում է հանդես գալ մենահամերգով:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ԴԱՍԱԽՈՍ Է ԴԱՐՁԵԼ
Բացի այն, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանի մոտ ստեղծագործական բուռն շրջան է, նա այժմ զբաղված է նաեւ նոր աշխատանքով: Esem.am-ի փոխանցմամբ՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան կարմիր դիպլոմով ավարտած երգչուհին սեպտեմբերից դասավանդում է հարազատ բուհի ջազ-վոկալ բաժնում:
«Ինձ համար շատ հաճելի ու լավ պրոցես է: Չնայած որ տարիներ առաջ դասավանդել եմ Երգի պետական թատրոնում եւ երեխաների հետ շփման փորձ ունեմ, սա նույնը չէ, մեծ ձեռքբերում է, ուրախ եմ, որ դասախոսներիս համար դարձել եմ կոլեգա ու նրանց կողքին կանգնելու պատիվ ունեմ»,-ասել է Քրիստինեն: Վերջինիս խոսքով՝ ճանաչված լինելն օգնում է ուսանողների հետ շփման հարցում. «Նրանք ինձ Քրիստինա Ռուբենովնա են ասում, ինչը մի քիչ անսովոր է: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ մեր հարաբերությունները պետք է շատ խիստ լինեն»,-նշել է երգչուհին:

 

ՍԵՔՍՈՒԱԼ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը՝ Քորթնին ու Քլոեն, համագործակցելով Lipsy London ապրանքանիշի հետ՝ թողարկել են անչափ կանացի եւ սեքսուալ զգեստների հավաքածու: Այդպիսով նրանք հայտնվել են Vogue-ի էջերին: Հավաքածուն վաճառքի կհանվի հոկտեմբերի 29-ից՝ Kardashian Kollection բուտիկում եւ առցանց խանութում: Քիմն ու քույրերը գովազդային այս արշավում հանդես են եկել ամենատարբեր խաղալիքներով, վարդագույն ֆոնի վրա: Դե, իսկ լուսանկարներում ներկայացվող զգեստներն ընդգծել են նրանց գրավիչ կառուցվածքը:

 

ԲԵԶՐՈՒԿՈՎԸ 41 ՏԱՐԵԿԱՆ Է
Ռուսական թատրոնի հայտնի դերասան, հայ հանրության շրջանում «Բրիգադա» սերիալի շնորհիվ ճանաչում ձեռք բերած Սերգեյ Բեզրուկովը վերջերս նշել է ծննդյան 41-րդ տարեդարձը: Նրա թատրոնի դերասաններն իրենց գեղարվեստական ղեկավարի պատվին բեմադրել են «Քարը քարին դեմ առավ» ներկայացումը: Բեզրուկովը շատ է տպավորվել, երբ ներկայացման ավարտին դերասանական կազմը երգել, իսկ հանդիսատեսը բացականչել է՝ ծնունդդ շնորհավոր: Սակայն անակնկալներն այդքանով չեն ավարտվել. դերասանները Սերգեյին մատուցել են տոնական տորթ՝ 41 մոմերով, որոնք նա փչել է հենց բեմի վրա:

 




Լրահոս