ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Արթուր Աբրահամի ֆեյսբուքյան էջից

Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ բռնցքամարտի վարպետ Արթուր Աբրահամին՝ շնորհավորելով նրան վերջին հաղթանակի կապակցությամբ եւ բարձր գնահատելով սպորտում նրա ունեցած դերը: Բռնցքամարտիկն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին շնորհավորանքի եւ ոգեշնչման համար:

 

 

ՀԱՐՑ. Գործազուրկ եմ: Ունեմ 3 անչափահաս երեխա: Կինս նույնպես չի աշխատում: Որքանով տեղյակ եմ՝ ինձ անապահովության նպաստ է հասնում: Սակայն չեն տրամադրում՝ պատճառաբանելով, որ ես եւ եղբայրս գրանցված ենք նույն հասցեում, եւ նա պետք է դուրս գա գրանցումից, որպեսզի կարողանամ նպաստ ստանալ: Ինչպե՞ս պետք է վարվենք, քանի որ իմ միակ դրամական օգնությունը պետությունից նպաստն է:

Ստեփանյան Արմեն (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Ա. Ստեփանյանի ընտանիքի ընտանեկան նպաստի հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (այսուհետ՝ Համակարգ) հաշվառված` մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ի N 65-Ն որոշմամբ 2014 թվականին ընտանեկան նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը: 2014 թվականի հունիս ամսին Համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) արդյունքում Ա. Ստեփանյանի ընտանիքի անապահովության միավորը կազմել է 29.21, որի հետեւանքով նրա ընտանիքը չի ընդգրկվել ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում:
Տեղեկացնում ենք նաեւ, որ նպաստի իրավունք չունեցող եւ «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքին անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում նշանակվում է եռամսյակային հրատապ օգնություն՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված խորհրդի առաջարկությամբ` հաշվի առնելով տվյալ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները:
Ա. Ստեփանյանին խորհուրդ է տրվում դիմել համալիր սոցիալական ծառայությունների Արտաշատի տարածքային կենտրոն, որտեղ նրան կտրամադրվի առավել մանրամասն տեղեկություններ՝ սոցիալական աջակցության որեւէ ծրագրում ընդգրկվելու հնարավորության վերաբերյալ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ տվյալ ընտանիքի անապահովության սահմանային միավորը կազմել է 29.21, այդ իսկ պատճառով նպաստ չի տրամադրվում: Թե ի՞նչ ձեւակարգով են այդ հաշվարկներն իրականացվում, պաշտոնապես չեն մանրամասնել, սակայն փաստ է, որ այս ընտանիքն այժմ գտնվում է ծայրահեղ վիճակում եւ իսկապես օգնության կարիք ունի: Հուսանք, որ այս ամենից հետո արձագանքներ կլինեն, եւ այս ընտանիքին նպաստի փոխարեն գոնե հրատապ օգնություն կտրամադրվի:

 

 

 

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ «Վագա Ֆարմ» ընկերությունը թույլտվություն է ստացել նոր հոգեմետ դեղերի ներմուծման համար: Սակայն դեռ անցած տարի այս ընկերության կողմից ներկրված դեղերի որակի մասով մեծ դժգոհության ալիք բարձրացրեցին հոգեկան հիվանդություններով տառապողները: Արդյոք առողջապահության նախարարությունը վստա՞հ է, որ այս ընկերությունը այլեւս անորակ դեղեր չի ներկրի, եւ ընդհանրապես ի՞նչ վերահսկողություն է սահմանել այս ոլորտում:

Էվելինա Հարությունյան (35 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Վագա Ֆարմ» ՍՊ ընկերությանը տրվել է ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի 21-ի Ն1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթարկա թմրամիջոցների հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմում» ընդգրկված հոգեմետ նյութերի ներմուծման եւ մեծածախ իրացման լիցենզիա: Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է միայն պետական գրանցում ունեցող դեղերի շրջանառությունը: ՀՀ գրանցված բոլոր դեղերը ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության, իսկ նմուշները՝ լաբորատորային փորձաքննության: Դրական եզրակացության դեպքում թույլատրվում է դեղի գրանցումը: Դեղերի ներմուծումն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի թիվ 581 «Հայաստանի Հանրապետությունում դեղերի եւ դեղանյութերի ներմուծման եւ արտահանման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման: Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի նկատմամբ ՀՀ առողջապահության նախարարությունը իր մասնագիտացված կառույցների միջոցով մշտապես իրականացնում է խիստ հսկողություն դրանց շրջանառության բոլոր փուլերում:

ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես նկատեցիք՝ պատասխանում խոսք անգամ չկա այն մասին, թե ինչպես է նախկինում այդ ընկերությունը հաջողացրել անորակ դեղորայք մատակարարել հիվանդներին, եւ ինչ երաշխիք կա, որ այս անգամ նույնը չի կրկնվի: Ի վերջո, հիվանդներն այդ դեղերն ընդունելուց հետո կարող են ավելի վատ վիճակում հայտնվել: Հուսանք՝ գոնե այդ ընկերությունն այս անգամ ավելի բարեխիղճ կգտնվի, թե չէ՝ նախարարությունից «հույս չկա»:




Լրահոս