ՀՀԿ-ական պատգամավորին չօգնեց անգամ դատարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` «Բուռնաշը», «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ում՝ կառավարական օթյակում խոհանոցային եւ հավաքարարների աշխատանքները կառավարող Լիանա Շահբազյանից իր գումարը ստանալու նպատակով դիմել է դատարան, սակայն դեռ հաջողության չի հասել:

Նախ հիշեցնենք, որ 2013թ. «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ` նշելով, թե վերջինս սպառնացել է վերացնել իրեն եւ աղջկան, իսկ փեսան էլ առեւանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Լիանա Շահբազյանը Աշոտ Աղաբաբյանին պարտք է շուրջ 20.200 ԱՄՆ դոլար: Նա ոստիկանությունում հայտարարել էր, որ Աշոտ Աղաբաբյանի աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցություն է եղել, եւ պատգամավորը սպառնացել էր, թե 2.000 ԱՄՆ դոլար կտա մեկին, որ իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, վերացնեն: Ուստի տիկինն էլ, վտանգ զգալով եւ վախենալով սպառնալիքներից, դիմել էր իրավապահներին:

Այս գործը սկզբում գտնվում էր հատուկ քննչական ծառայության վարույթում, սակայն ավելի ուշ ՀՔԾ-ն գործը վերադարձրել էր ոստիկանության քննչական մարմիններին, քանի որ քաղաքացի Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար հիմքեր ձեռք չէին բերվել պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից դիմումատուի հասցեին սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ:

Ու մինչ ոստիկանությունն էլ կհասցներ գործը կարճել, Աշոտ Աղաբաբյանը ժամանակ չէր կորցրել քաղաքացիական հայցով դիմել դատարան, որպեսզի օրինական ճանապարհով հետ ստանար իր գումարը:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս աղմկալի պատմությունից կարճ ժամանակ անց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 2013թ սեպտեմբերի 5-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Լիանա Շահբազյանից գանձել 20.200 ԱՄՆ դոլար: Բացի այդ՝ պատգամավորը պահանջել էր արգելանքի տակ դնել Լիանա Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ Երեւանի Պարոնյան փողոցի 9-րդ շենքի թիվ 40 հասցեում գտնվող նկուղը, որպեսզի այն բռնագանձելու միջոցով հնարավոր լիներ տիկնոջից ետ ստանալ պարտքը:

Նշենք, որ Լիանա Շահբազյանն այդպես էլ չէր ներկայացել դատական նիստերին: Ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով դատարանը գործը քննել էր առանց նրա ներկայության:

Արդյունքում՝ 2013թ. դեկտեմբերի 27-ին Ռուբեն Ափինյանը վճռել է Աշոտ Աղաբաբյանի ներկայացրած հայցը բավարարել մասնակիորեն: Բավարարվել է Աշոտ Աղաբաբյանի պահանջը՝ Լիանա Շահբազյանից 20.200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասով, սակայն Լիանա Շահբազյանի գույքի վրա արգելանք դնելու պահանջը մերժվել է՝ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Նշենք, որ այս վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2014թ-ին:

«Ժողովուրդ»-ը Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե ի վերջո նա կարողացավ իր գումարը հետ վերադարձնել. «Ոչ, չեմ ստացել ու չեմ էլ կարող ստանալ»: Հարցին, թե ինչո՞ւ չի կարող ստանալ, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Քանի որ պետությունը պաշտպանում է նման արարքագործներին, այսինքն՝ օրենքը թույլ չի տալիս իմ իրավունքներն օգտագործել ու պաշտպանել»:

Ասել է թե՝ Աշոտ Աղաբաբյանը դժգոհ է, որ դատարանը արգելանք չի դրել Լիանա Շահբազյանին պատկանող գույքի վրա՝ այդպիսով անհնար դարձնելով օրինական ճանապարհով գումարի վերադարձման շանսերը:

Հիշեցնենք, որ Աղաբաբյանը Հանրապետական կուսակցության հնաբնակներից է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին:

Քնար Մանուկյան




Լրահոս