ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՂՏՈՏՎԱԾ ԿԵՂԵՎՈՎ ՀԱՎԿԻԹ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրությունը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ խանութներում վաճառվում է աղտոտ կեղեւով հավկիթ: Ընդ որում, մեզ դիմած քաղաքացիներն ասվածն ապացուցող լուսանկարներ եւ անգամ գնված տուփով աղտոտ ձվեր են ներկայացրել: Մինչդեռ օրենքը, ինչպես հայտնի է, պահանջում է, որ խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվող հավկիթը լինի լրիվ մաքուր՝ առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի, այլապես սպառողների առոջությունը կվտանգվի:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի վերջին` հերթական անդրադարձի ընթացքում նշել էինք, որ օրինախախտ ընկերությունը «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան է: Իսկ այս անգամ ստացված աղտոտ ձվերի տուփից պարզեցինք, որ օրինախախտ տնտեսվարողների շարքն է համալրել նաեւ նորաստեղծ «ԴավՌուբ» ՍՊԸ-ն: Սակայն այս ընկերության պատասխանատուներին փնտրելու՝ «Ժողովուրդ»-ի ջանքերն ապարդյուն անցան: Թեեւ այն պետական ռեգիստրում գրանցված է, որպես հիմնադիր էլ նշված է Դավիթ Ծառուկյանը, բայց ո՛չ հավկիթի տուփի, ո՛չ էլ պետռեգիստրի տվյալներում որեւէ հեռախոսահամար չգտնվեց:
Տեղեկացնենք, որ սերտիֆիկացման պարտադիր կետերի մեջ հստակ գրված է, որ ձվերը վաճառքի են թույլատրվում միայն մաքուր վիճակում, իսկ աղտոտված վիճակով հավկիթները խանութ չպետք է ուղարկվեն, քանի որ ձվի կեղեւի ծակոտիների մեջ կարող են թափանցել տարբեր միկրոբներ:
Բացի այս՝ ձվերի արտադրության համար բուծվող թռչունները պետք է ենթարկվեն անասնաբուժական զննման: Չեն թույլատրվում իրացման այն թռչուններից ստացված ձվերը, որոնց նկատմամբ բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով կիրառվել են անասնաբուժական դեղամիջոցներ` մինչեւ դրանց թռչնի օրգանիզմից հեռացման ժամկետի ավարտը, ինչպես նաեւ բուծման ընթացքում օգտագործվել են արգելված անասնաբուժական դեղամիջոցներ:
Իսկ, ահա, ձվի եւ ձվամթերքի տեխնիկական կանոնակարգում ձվերի եւ ձվամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջներից ամենակարեւորն այն է, որ ձվերի կեղեւը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի եւ բծերի: Ավելին՝ աղտոտված կեղեւով ձվերը ենթակա են թռչնաբուծարանում լվացման` ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված սինթետիկ լվացող միջոցներով: Լվացված ձվերը պետք է տեսակավորվեն առանձին:
Այս կարգի պահպանման անհրաժեշտությունն ընդգծեց նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով, եթե նույնիսկ փաթեթավորված է, ապա միեւնույն է՝ հավկիթի վրա չպետք է լինեն դեղնուցի կամ ծերտի հետքեր: «Այն պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգով հաստատված պահանջներին, որի մեջ աղտոտվածության հարցը իրականում դրված է: Այսինքն՝ նույնիսկ եթե տուփի վրա էլ գրված լինի գյուղական, ապա այդ դեպքում էլ տնտեսվարողն իրավունք չունի աղտոտված կեղեւով ձու մատակարարել»:
Այդուամենայնիվ, ի հակառակ մեր քաղաքացիների ահազանգերի՝ Պիպոյանը վերջին շրջանում ներքին շուկայում աղտոտված կեղեւով հավկիթ շատ քիչ է հանդիպել:
Իսկ ահա «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն աղտոտված ձվերի հետ կապված բազմաթիվ ահազանգեր է ստացել: Սակայն ժամանակի սղության պատճառով դեռ չի կարողացել դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: «Մեր խնդիրն այն չէ, թե ինչպես ծերտն ու դեղնուցը հայտնվեցին կճեպի վրա, այլ այն, որ նման տեսքով ձուն արդեն չպետք է լինի խանութում կամ սուպերմարկետում: Քանի որ ձվի կճեպն ունի ծակոտկենություն, եւ այդ միջոցով վտանգը կներթափանցի ձվի մեջ»,-մտահոգվեց Պողոսյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղ ընդունեցին մեր բողոքը եւ խոստացան ընթացք տալ: «Ժողովուրդ»-ը կհետեւի զարգացումներին եւ կտեղեկացնի իր ընթերցողներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԾԽԱՀՈՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ

Նախադպրոցական հաստատությունների հիմնախնդիրները սրվում են հատկապես ձմռան ամիսներին: Ամեն տարի աշնան օրերին այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին տանում են համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներ, սկսում են մտորել ձմռան ամիսներին երեխաներին մանկապարտեզ տանել-չտանելու մասին: Բանն այն է, որ տարիներ շարունակ Հրազդանի գրեթե բոլոր մանկապարտեզները ջեռուցվում են փայտե վառարաններով, իսկ ծնողներին ստիպում են վառելափայտի համար գումար հավաքել` 3.000-4.000 դրամի սահմաններում:

Մեզ հետ զրուցած շատ ծնողներ, ովքեր աշխատում են, ասացին, որ ստիպված են իրենց փոքրիկներին տանում մանկապարտեզ: Նրանք դժգոհեցին, որ ամեն օր երեխաներին մանկապարտեզից տուն բերելիս զգում են ծխի ուժեղ հոտը նրանց հագուստից: Բացի այդ` երեխաները մանկապարտեզում կոշիկներն ու շորերը փոխում են այն սենյակում, որը չի ջեռուցվում, հետո էլ ցուրտ սենյակում սառը շորերը հագնում, տուն են գալիս: Արդյունքում՝ նրանցից շատերը հիվանդանում են: Իսկ մանկապարտեզներում ջեռուցվում է միայն մեկ սենյակ, որտեղ քնում են, խաղում ու հաց ուտում:
Ծնողներից մեկը, ով չցանկացավ, որ անունը նշվի, ասաց, որ այս ամիս 7.000 դրամ փայտի փող է տվել մանկապարտեզին. մի երեխայի համար 3.000, մյուսին՝ 4.000 դրամ: «էս որ դարնա, որ փայտով են տաքացնում, մեր հարակից շատ քաղաքների մանկապարտեզներ վերանորոգված են ու լոկալ ջեռուցում ունեն, իսկ վերանորոգման մասին էլ չենք խոսում: Ամեն տարի խոստանում են, որ կվերանորոգեն, կկահավորեն, բայց քանի գնում, էլ ավելի վատա դառնում մանկապարտեզների վիճակը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովեցին ծնողները:
Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը մեր հարցերին չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ արձակուրդում է: Զրուցեցինք մանկապարտեզների տնօրենների հետ: Թիվ 5 մանկապարտեզի տնօրենն ասաց, որ իրենք էլեկտրական սալիկներով են ջեռուցում, իսկ էներգիայի գումարը քաղաքապետարանն է տալիս. նախորդ տարի նոյեմբերի, դեկտեմբերի համար 50-70.000 դրամ է տվել, նայած թե որքան էլեկտրաէներգիա են օգտագործել:
Իսկ այն մանկապարտեզները, որոնք փայտե վառարաններով են ջեռուցվում, քաղաքապետից աջակցություն են ստանում վառելափայտի տեսքով: Ի դեպ, Հրազդանում կարծիքներ են հնչում, որ դա արվում է քաղաքի՝ չափազանց հաճախ էտվող ծառերի հաշվին:

ԼՈՒՍԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Հրազդան

 

 

 

ԱՎԵԼԻՆ ԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանների նորոգման ու արդիականացման աշխատանքները տեւեցին երեք ամսից ավել: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի ցանկությամբ Գյումրին պետք է ունենար «երգող ու պարող շատրվաններ»: Գաղափարն իրագործելու համար համայնքի բյուջեից շուրջ 40 մլն դրամ հատկացվեց: Շատրվանների նորոգման աշխատանքն էլ քաղաքապետի որոշմամբ հանձնարարվեց իր մտերիմ ընկերոջը՝ Մխիթար Նալչաջյանին:

Շատրվանները պետք է «երգեին ու պարեին» հոկտեմբերի 5-ին՝ քաղաքի տոնակատարության ժամանակ, սակայն ավագանու որոշմամբ Գյումրու տոնը հետաձգվեց 20 օրով: Հոկտեմբերի 25-ին գյումրեցիներն, ի վերջո, հնարավորություն ունեցան տեսնելու ամիսների աշխատանքի արդյունքը. շատրվանները գործեցին, սակայն քաղաքացիներն այնքան էլ չտպավորվեցին, նրանց խոսքերով՝ սպասելիքներն ավելին էին:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նույնպես չհերքեց, որ շատրվանների բարձրությունը նախատեսված էր մինչեւ 20 մետր, մինչդեռ ջուրն ընդամենը 10 մետր է բարձրանում: Պատճառը, ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր նախագծող Մխիթար Նալչաջյանը, լողավազանի նեղությունն է: Մոտ կանգնած քաղաքացիներն արդեն իսկ դժգոհեցին, որ ջուրն իրենց վրա է լցվում:
Ինչեւէ, «երգող ու պարող» շատրվաններն արդեն մի քանի օր է՝ իրականություն են, բայց որքան էլ տարօրինակ է՝ երկար սպասված «հրաշքով» գյումրեցիներն այնքան էլ տարված չեն: Երեկոյան, երբ շատրվանները սկսում են գործել, հրապարակում բնակիչների ընդգծված հոսք չկա: Երիտասարդներն անկեղծացան՝ ասելով, որ սպասում էին տեսնել Բաթումի շատրվանների նմանօրինակը, չէ որ նախապես այդպես էր հայտարարվել: Ոմանք էլ համարեցին, որ սա էլ քիչ բան չէ Գյումրիի համար: Հարցումներից պարզ դարձավ գյումրեցիների մտահոգության եւ նոր շատրվաններով չհիանալու պատճառը:
«Սոված փորիս ինչ երգող ու պարող շատրվան, ծայր աղքատության շեմին կանգնած մեր քաղաքին առաջինը սոցիալ-տնտեսական փոփոխություն է պետք, ոչ թե կուլտուր-մշակութային»,-վրդոված ասաց գյումրեցի վարպետ Պատվականը: Առկա սոցիալական խնդիրներն առաջնային ու հրատապ համարեցին գրեթե բոլոր հարցվողները: Նշենք, որ Գյումրին նման շքեղ շատրվան ունեցել է դեռ 35 տարի առաջ: Գյումրեցիները գնահատել ու սիրել են այն, քանի որ, իրենց խոսքերով` ժամանակներն ուրիշ էին, ապրել-գոյատեւելու խնդիր չկար:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 




Լրահոս