«ՄՈԼԱԽՈՏՆ ԱՄԵՆ ՏԵՂ ԲՈՒՍՆՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ տարիներ շարունակ փորձում է մեր հայ ավանդական մշակույթը վերադարձնել ժողովրդի կենցաղ: Իսկ թե ինչ միջոցներ է նա կիրառում, եւ ինչ թերացումներ կան մշակույթի ոլորտում, ներկայացնում ենք ստորեւ:
-«Կարին» համույթը պարի բացօթյա դասեր է անցկացնում, ի՞նչ նպատակներ է հետապնդում այդ նախագիծը:
-Ոչ մեկին ոչինչ չենք ուզում ասել կամ ապացուցել: 11 տարի է՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթը գործում է: Մեր աշխատանքը սկսվում է բանահավաքությունից, գնում ենք գյուղ առ գյուղ, հավաքագրում ենք պարերը, երբեմն նաեւ երգերը, սրբագրում, խմբագրում, դարձնում ավելի հայեցի ու ընդգրկում մեր համերգացանկում: Սկզբում բեմից ենք այն ցուցադրում, հետո արդեն ժողովրդին վերադարձնում ու սովորեցնում, որ ժողովուրդն իր կենցաղում կիրառի դա, ու ժողովրդի միջոցով լինի պարի մեր մշակույթի զարգացումն ու շարունակությունը: Մեր մշակույթը կենսունակ մշակույթ է, ոչ թե երեկվա կամ ժամանակավրեպ, այլ հավերժական:  
Պետք է ժողովրդին վերադարձնել, որ նրանք էլ այդ ամենը պահեն` իրենց խնջույքներին օգտագործելով, եւ  հնարավոր լինի այդ մշակույթի բնականոն զարգացումն ապահովել: Դրա համար էլ մենք կազմակերպում ենք պարի բացօթյա դասեր, որպեսզի այն վերադառնա մեր կենցաղ: Ի դեպ, մեր միջոցառումների մասնակիցներից շատերը վաղուց արդեն չեն պարում այն, ինչ տձեւ է ու ոչ հայեցի:
-Ե՞րբ մեր միջից դուրս կգան այդ տձեւ ու կոնքային շարժումները, որ մենք անում ենք տարբեր խնջույքների ժամանակ ու պար անվանում: Չէ՞ որ մենք հաճախ հենց դա ենք տեսնում:
-Շատ հաճախ մեր կյանքը համեմատում եմ այգու հետ եւ ուզում եմ վստահաբար ասել, որ դա շտկելը  լուրջ ու տքնաջան այգեպանի խնդիր է: Երբ դաշտն ազատ է թողած, այնտեղ մոլախոտ է աճում, ինչպես Ձեր ասած պորտապարն ու անհասկանալի մշակույթը: Դա վերացնելը երկկողմանի աշխատանք է, պետք է ոչ միայն այդ մոլախոտը քաղհանել, այլ զուգահեռ տնկել ճիշտ մշակույթը, բերքատու մշակույթը: Եւ որպեսզի սերունդ կերտող մշակույթը շատ լինի, պետք է շրջապատում աճող մոլախոտը պարբերաբար քաղհանվի, ճիշտ, պտղատու բույսը տնկվի եւ սերմանվի, խնամվի ու ժամանակին բերքահավաք արվի:
-Դեմ դուրս չե՞ք գալիս այն խմբերին, որտեղ պրոֆեսիոնալ պորտապար են սովորեցնում կամ այլ արեւելյան պարեր: Ի դեպ, այդ սովորեցնողներն էլ ասում են, թե պարը լեզու չունի, այն նույնպես մշակույթ է:
-Խնդիրն այն է, որ նրանք, ովքեր ապաշնորհ են ու տձեւ, փորձում են իրենց հիմնավորումը տալ: Մոլախոտն ամեն տեղ բուսնում է, բայց իրական բերքն աճում է միայն այնտեղ, որտեղ ի սկզբանե պարարտացվել է հողը, որտեղ սերմանվել է այդ սերմը: Մարդիկ, որոնք նման բան են ասում, մոլախոտի հոգեբանություն ունեն: Միայն մոլախոտը կարող է ասել` հայրենիք չունի մշակույթը: Անգամ երբ ինձ ասում են՝ նկարչությունը հայրենիք չունի, դա համաշխարհային մշակույթ է, ես միշտ բերում եմ Վարդգես Սուրենյանցի օրինակը, որը ճիշտ ժամանակին, երբ թուրքերը ջարդեր իրականացրին, նկարեց «Ոտնահարված սրբություն» նկարը, կամ երբ ռուսական ցարը հրամայեց հայկական դպրոցները փակել ու հայ եկեղեցու գանձերը բռնագրավել, նկարեց Խրիմյան Հայրիկի նկարը` ցարի նամակը ոտքերի առաջ: Երբ նկարիչը միայն վարպետ է ու, շատ կներեք, մոլյար չէ, որ ուղղակի արտանկարում է, այլ հոգեբան, որն ասելիք ունի իր ժողովրդին, չի կարող ազգային պատկանելություն չունենալ, եւ որեւէ մեկը, որը փինաչի չէ, որ կոշիկը կարում է, ոչ թե փինում ու ընդամենը կարկատան անում, ուրեմն մշակույթ ստեղծող, արարող է: Ինքը չի կարող չհասկանալ, որ մշակույթն ունի հայրենիք ու ազգային պատկանելություն: Մշակույթի արմատը պետք է լինի ազգային, պտուղը` համամարդկային:
-Մենք, պետությունն արդյոք այսօր մեր ազգային պարին, մշակույթին բավականին ուշադրություն ենք դարձնում: Թե՞ այնուամենայնիվ, մենք օտարամոլ ենք եւ լատինաամերիկյան պարերը մեզ շատ ավելի են դուր գալիս:
-Ես ուզում եմ միանշանակ ասել՝ սա համակողմանի աշխատանք է. եւ պետությունն է թերանում` հստակ մշակութային քաղաքականության բացակայություն կա այստեղ, բայց նաեւ մտավորականությունն ու սովորական քաղաքացին է թերանում: Համակողմանի թերացում է, նույնիսկ զանգվածային լրատվամիջոցների դերը կա: Տեսե՛ք, թե ինչ է լուսաբանվում, գովազդվում եթերից: Թերացում կա հստակ դպրոցական ծրագրերում: Երկրում ազգային մշակութային քաղաքականության եւ, ամենակարեւորը, մտավորականության ճիշտ կեցվածքի բացակայություն կա: Այն մտավորականներն էլ, որ ճիշտ կեցվածք ունեն, նրանց դեմ էլ ամբիոններ են փակվում, հաճախ հնարավորություն չեն տալիս լսելի լինել հասարակությանը:
շարունակելի

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս