Գործարարները ձվի արհեստական դեֆիցիտ են ստեղծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը մի շարք քաղաքացիներից ահազանգ ստացավ այն մասին, որ երեւանյան որոշ խանութներում եւ սուպերմարկետներում ձու չկա: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ, ով հայտարարեց, որ ներքին շուկայում ձվի դեֆիցիտ չկա, այն արհեստական է:

-Պարո՛ն Ստեփանյան, արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը ահազանգեր է ստանում, որ երեւանյան խանութներում ձու չկա: Իսկ լինելու դեպքում մարդկանց իրենց ուզած քանակությամբ չի հասնում: Ո՞րն է խնդիրը:

-Այսօրվա տվյալներով արտադրության ծավալները բավարարում են ներքին շուկայի պահանջարկը: Շատ գործարարներ, հավանաբար, պարապ են մնացել ու ցանկանում են ներկրել, քանի որ այն ավելի էժան է, քան արտադրելը: Հիշո՞ւմ եք այս տարեսկզբին ինչ պատկեր ստեղծվեց, երբ «Սովրանո» ընկերությունը ձու ներկրեց: Արդյունքում՝ տեւական ժամանակ խանութներում ժամկետանց հավկիթ էր վաճառվում:

-Այսինքն՝ Դուք պնդում եք, որ ահազանգերը ձվի դեֆիցիտի հետ կապված կե՞ղծ են:

-Ես ենթադրում եմ, որ այդ ահազանգերը կազմակերպված բնույթ են կրում: Այն գործարարները, ովքեր ձու ներկրելու հայտ են ներկայացրել, բայց թույլտվություն դեռ չեն ստացել ներկրելու, այսօր արհեստական դեֆիցիտ են ստեղծում ներքին շուկայում, որպեսզի ոլորտի պատասխանատուները տեսնեն, որ ձու չկա, եւ թույլ տան նրանց ներկրել: Բայց, վստահեցնում եմ, որ ձու արտադրող ընկերությունները նույնիսկ հավկիթի ավելցուկ ունեն:

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն լուրերը, ըստ որի՝ հավկիթը թանկացել է:

-Ձուն չի թանկացել: Այս մասով մենք էլ ենք ահազանգեր ստանում: Բայց ես հայտարարում եմ, որ մատակարարող ընկերությունները կապ չունեն այդ թանկացումների հետ: Նրանցից եւ ոչ ոք չի թանկացրել իր արտադրանքը: Օրինակ՝ Վանաձորից ահազանգ եղավ այն մասին, որ ձուն վաճառվում է 85 դրամով: Բայց ձու մատակարարող ընկերությունը հաշիվ ապրանքագրերով ապացուցեց, որ իրենց մոտ գնային փոփոխություն չի եղել: Տնտեսվարող սուբյեկտներն են որոշում ձուն ինչ գնով վաճառեն: Իսկ այս ամենն ունի վերահսկող մարմին՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:

-Այնուամենայնիվ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ ե՛ւ արհեստական դեֆիցիտը, ե՛ւ թանկացումը կանխելու համար:

-Մենք արդեն մի քանի օր է, ինչ դիտարկումներ ենք անցկացնում հավկիթի շուկայում, որպեսզի թույլ չտանք, որ սպառողը չտուժի: Ուսումնասիրում ենք խնդիրները: Հետեւում ենք, որ խանութներում ձուն չպակասի: Բացի այս՝ յուրաքանչյուր խանութում կամ սուպերմարկետում թեժ գծի հեռախոսահամար կա փակցված, եւ դժգոհությունների դեպքում մեր քաղաքացիները հանգիստ կարող են զանգել:

զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս