ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
Նոյեմբերի 1-ին Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Պատանի երկրապահ» ակումբների ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը, որին մասնակցել են ԿԳՆ նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ՊՆ նախարար Ս. Օհանյամը եւ ԵԿՄ նախագահ Մ.Գրիգորյանը: Միջոցառումից հետո ԿԳՆ նախարար Ա. Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նշված լուսանկարն ու նշել. «Եռյակ էլ կա, եռյակ էլ»: Փաստորեն ՀՀԿ-ականներն էլ փորձում են «հետ» չմնալ ոչ իշխանական ուժերից ու փորձում են ստեղծել նաեւ իրենց «հրաշալի» եռյակը:
ՀԱՐՑ. Հոծ գիծը խախտելու պատճառով 5.000 դրամ տուգանք է սահմանվել: Սակայն ծանուցումը ստանալուց հետո տուգանքը չեմ վճարել, նամակն էլ կորցրել եմ: Կցանկանայի տեղեկանալ՝ այս դեպքում ի՞նչ է սպասվում ինձ, եւ ո՞ւմ կարող եմ դիմել:
Մանվել Գեղամյան (29 տարեկան, վիրաբույժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան քաղաքացու կողմից ուղղված հարցման՝ տեղեկացնում ենք, որ պետք է դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել իրավախախտումների որոշումները եւ դրանց ստանալու ամսաթվերը: Հետագա գործողությունները՝ ըստ պատասխանի:
«Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպանության գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արագաչափերի եւ տեսախցիկների արձանագրած խախտումների համար սահմանված տուգանքները ոչ միայն վարորդների, այլեւ նույնիսկ վարորդների իրավունքների պաշտպանության գրասենյակի համար իսկական գլխացավանք են դարձել: Խնդիրն այն է, որ այս ողջ գործընթացի տարբեր օղակներն աշխատում են մեկը մյուսից անկախ եւ շատ հաճախ՝ անտեղյակ: Բազմաթիվ են քաղաքացիներից ստացված բողոքներն առ այն, որ մեկ անգամ կատարված տուգանքի համար իրենք ստիպված են եղել վճարել կրկնակի, քանզի մեկ անգամ կատարված վճարումից հետո իրենց հաշիվների վրայից չեն հանվել արգելանքները. մի դեպքում համակարգչային ցանցերի մեջ է եղել խնդիրը, մյուս դեպքում` փոխանցման ապարատների, եւ այսպես շարունակ: Փաստորեն քիչ է, թե իշխանությունները հայտնի ընկերության սեփականատերերի գրպաններն ու պետության բյուջեն լցնում են վարորդներից գանձած գումարներով, դեռ մի բան էլ դա անում են մարդկանց նյարդերի հաշվին:
ՀԱՐՑ. Վերջերս լուրեր տարածվեցին, թե առաջիկայում հնարավոր է, որ Հայաստան հավկիթ ներկրվի, այդ առիթով որոշ հայաստանյան ձու արտադրողներ սկսեցին անհանգստանալ: Խնդրում եմ պարզաբանեք՝ արդյոք Հայաստան ձու կներկրվի՞, եւ առաջիկայում թանկացումներ սպասվո՞ւմ են:
Սմբատ Հայրապետյան (36 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայությունը գնային քաղաքականությամբ չի զբաղվում: Այս պահին մի քանի ընկերություն հավկիթ ներկրելու նպատակով դիմել է ՀՀ ԳՆ ՍԱՊ: Արտերկրից ձու կներկրվի, թե ոչ, այդ մասին կհայտարարվի առաջիկա օրերին:
ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդամենը մի քանի տարի առաջ տնտեսության զարգացող եւ ծաղկող այս ոլորտն այսօր կանգնել է լրջագույն խնդիրների առաջ: Եթե ընդամենը չորս տարի առաջ Հայաստանը ձու արտադրող երկիր էր եւ ոչ միայն բավարարում էր ներքին շուկայի պահանջարկը, այլեւ նույնիսկ ոչ մեծ խմբաքանակներով ձու արտահանում, ապա սկսած նախորդ տարվանից անգամ ՀՀ ձու արտադրող ընկերություններն են զբաղված ոչ թե արտադրելով, այլ ձու ներկրելով: Վարկային մեծ պարտավորությունների բեռի տակ կքած՝ ձու արտադրող ընկերություններից շատերի համար ներկրումը տնտեսական գործունեությունը շարունակելու միակ ձեւն է: Նաեւ սրանով է պայմանավորված այն, որ վերջին շրջանում հաճախակիացել են աղտոտ կեղեւով կամ ժամկետանց ձվերի վաճառքի դեպքերը: