«Բորոդինո»-ն պարտքերը մարելու համար տեխնիկան է վաճառում. ինչո՞վ կօգնի վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործող իշխանությունները մշտապես խոսում են արտահանող տնտեսությունը զարգացնելու կարեւորության մասին: Մի կողմից վարչապետը ոգեւորում է գործարարներին, իսկ մյուս կողմից բանկերը նրանց խելամիտ տոկոսադրույքներով վարկեր չեն տրամադրում, որպեսզի ընդլայնեն ու զարգացնեն իրենց բիզնեսը:

Արդյունքում` բազմաթիվ տնտեսվարողներ չդիմանալով վարկային բեռին` դադարեցնում են իրենց գործունեությունը եւ փակում ձեռնարկությունները: Այս իրավիճակում է հայտնվել նաեւ «Բորոդինո» պահածոների գործարանը, որի տնօրինությունը տեւական ժամանակ է, ինչ խոշոր չափի գումար է պարտք ոչ միայն իր աշխատակիցներին, այլեւ բանկերից մեկին: Երեկ էլ կառավարության շենքի մոտ «Բորոդինոյի» աշխատակիցները բողոքի ակցիա անցկացրեցին աշխատավարձի վճարման պահանջով:

Անկախ գործարանի կուտակած պարտքերի նախապատմությունից եւ երեկ կառավարության շենքի առաջ բողոքող աշխատակիցների պահանջի արդարացիությունից` փաստ է, որ «Բորոդինոն» կայացած ձեռնարկություն է, որն արդեն հասցրել էր իր ուրույն տեղը գրավել հայաստանյան շուկայում: Եվ այդ ձեռնարկության նկատմամբ պետական օղակների դրսեւորած անտարբերությունը, մեղմ ասած, հակասում է ՀՀ Կառավարության հայտարարած քաղաքականությանը: Այս օրինակով մենք փաստացի տեսնում ենք, որ արտադրանք տվող կայացած ձեռնարկության գործունեության խթանման փոխարեն պետությունն ավելի է սեղմում գործարանը խեղդող պարտքերի օղակը:

Սա բավականին տարօրինակ մոտեցում է, հատկապես, երբ հաշվի ենք առնում ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սննդի շուկայում Հայաստանի առաջ բացվող հեռանկարների մասին խոստումները: Թեեւ չի բացառվում, որ խնդիրը հենց այդ հեռանկարի մեջ է, եւ որոշ պաշտոնյա օլիգարխներ, հասկանալով, որ առաջիկայում պահածոների արտադրության ոլորտում ավելի մեծ բիզնես-շահույթ ստանալու հնարավորություններ են բացվում, փորձում են դաշտն իրենցով անել` սահուն ձեւով աջակցելով այդ ոլորտում արդեն իսկ կայացած ձեռնարկությունների սննկացմանը: Իսկ պետությունն էլ նրանց այդ հարցում առնվազն չի խանգարում, եւ արդյունքում ոլորտը հետզհետե գնում է դեպի մոնոպոլացում: Ասվածը հիմնավորող օրինակներից է նույն «Արտֆուդ»-ը, որը շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում: Այն, ինչպես հայտնի է, պատկանում է ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Հատկանշական է, որ «Բորոդինոն» արդեն տեւական ժամանակ է` բարձրաձայնում է իր խնդիրների մասին, սակայն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երբեւէ չի փորձել արձագանքել գործարարի բարձրացրած խնդիրներին:

«Ժողովուրդը» զրուցել է ՀՀ Արարատի մարզում գործող «Բորոդինո» պահածոների գործարանի տնօրեն Սիսակ Աղայանի հետ` պարզելու համար, թե ինչի արդյունքում է ընկերությունը հայտնվել նման ծանր վիճակում:

-Պարո՛ն Աղայան, երեկ «Բորոդինոյի» աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին` պահանջելով իրենց աշխատավարձերը: Ինչո՞ւ չեք վճարում նրանց աշխատավարձերը:

-Ընկերությունը հիմա ֆինանսական դժվարություններ ունի: Մենք դիմել էինք հայաստանյան բանկերին ՝վարկ ստանալու նպատակով, սակայն այդպես էլ չստացվեց: Սեզոնային ձեռնարկություն է, առանց վարկի մեզ համար դժվար է գործել: Բայց վերջին ամսվա աշխատավարձն է, որ ուշացրել ենք: Եւ չնայած սրան՝ կարողացել ենք հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել: Չենք ցանկանում պետությանը պարտք մնալ: Այս պատճառով էլ գումարի խնդիր է առաջացել:

-Այս պահին ընկերությունն արտադրանք ունի՞: Կարողանո՞ւմ եք այն իրացնել:

-Մեր արտադրանքը կա, բայց դժվար է այն ներքին շուկայում իրացնել: Իսկ այս շրջանում այդքան մեծ քանակությամբ արտադրանք չեն արտահանում: Նշեմ, որ տարբեր երկրներից՝ Կանադայից, Ֆրանսիայից պատվերներ ստացել ենք, ուղարկել ենք, բայց մասնակի է վճարվել: Այդ միջոցներով էլ առաջիկայում կմարենք կուտակված պարտքերը:

-Պարո՛ն Աղայան, չե՞ք փորձել զրուցել Ձեր աշխատակիցների հետ, նրանց պարզաբանումներ ներկայացնել:

-Գուցե՞ իրենց ապակողմնորոշում են: Բայց մենք իրենց բացատրել ենք, որ առաջիկայում հնարավորություն կունենանք վճարելու ուշացրած աշխատավարձը: Ուղղակի հայաստանյան բանկերը վարկ չեն տալիս, քանի որ բանկերից մեկին մենք ունենք 750 հազար դոլար պարտք: Այս պատճառով էլ մեզանից պահանջում են, որ այդ գումարը մարենք, հետո նոր դիմենք: Մեզ սպասարկող բանկերն են, այս պատճառով էլ չենք ուզում փչացնել մեր հարաբերություններն իրենց հետ: Ուղղակի աշխատակիցները պետք է գոնե մի հնարավորություն տան մեզ, համբերեն: Չէ որ յուրաքանչյուր աշխատակից ընկերության հետ կնքած պայմանագիր ունի, ըստ որի՝ ողջ աշխատավարձի 50 տոկոսը պետք է վճարվի մինչեւ դեկտեմբերի 25-ը: Այնուամենայնիվ, երկու շաբաթվա ընթացքում կմարենք գոյացած պարտքը:

-Իսկ ի՞նչ միջոցներով եք մարելու այդ պարտքը:

-Ստիպված ենք լինելու վաճառել գործարանի տեխնիկան: Մեզ համար շատ կարեւոր տեխնիկա: Ստիպված ենք…

-Պարո՛ն Աղայան, իսկ չեք փորձել ընկերության առաջ ծառացած խնդիրների շուրջ հանդիպել վարչապետին:

-Առաջիկայում ընկերության տնօրենն այս խնդրի շուրջ կդիմի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Հույս ունենք, որ վարչապետը մեզ կօգնի: Իսկ մարզպետը տեղյակ է: Սահմանված ժամկետում մենք կմարենք այդ պարտքը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս